Քննարկվել է հայ-քուվեյթյան համագործակցության ներկա ընթացքը
Նմանատիպ
Ապրիլի 18-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունել է Քուվեյթի Պետության վարչապետ շեյխ Ջաբեր ալ-Մուբարաք ալ-Համադ ալ-Սաբահն: Հանդիպման սկզբում Քուվեյթում ՀՀ դեսպանը շեյխ Ջաբեր ալ-Մուբարաքին է փոխանցել Հայաստանի Հանրապետության վարչապետի և կառավարության ջերմ ողջյուններն ու բարեմաղթանքները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-քուվեյթյան համագործակցության ներկա ընթացքին և երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների հետագա խորացման և ընդլայնման հեռանկարներին, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Վարչապետ Ջաբեր ալ-Մուբարաքն իր գոհունակությունն է հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակից և նշել, որ Քուվեյթի Պետությունը մտադիր է էլ ավելի խթանել փոխշահավետ գործակցությունը մշակույթի, կրթության և գիտության, առևտրատնտեսական, այդ թվում` ներդրումների խրախուսման և ենթակառուցվածքների ոլորտներում: Վարչապետը կարևորել է նաև հայ-քուվեյթյան միջկառավարական տնտեսական համատեղ հանձնաժողովի գործունեությունը` որպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորագույն բաղադրիչ:
Կողմերն արձանագրել են նաև Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպանության գործունեության արդյունավետությունը` նշելով, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերմանն ու իրականացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում