Տ.Մարգարյան. «Երևանը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել բոլոր հյուրերին»

«Երևան քաղաքը պատրաստ է բարձր մակարդակով ընդունել բոլոր հյուրերին: Նախապատրասական բոլոր աշխատանքներն ավարատված են: Բարեկարգման, լուսավորության, ձևավորման, շատրվանների ապահովման մասով մեր աշխատանքներն արված են, և ապրիլի 20–ին կներկայացվի հասարակությանը»: Անդրադառնալով Երևանը՝ Գրքի միջազգային մայրաքաղաք հռչակման հետ կապված միջոցառումներին՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ առանձնացվել են 20 կետեր, որտեղ տոնական օրերին կգործեն ժամանակավոր գրախանութներ: 

Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական հանձնաժողովի քարտուղար-միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանն իր հերթին տեղեկացրել է, որ մշակվել է խիտ և բազմազան ծրագիր, սպասվում են անակնկալներ. «Շատերը չէին հավատում, որ Երևանը կարող է ստանձնել համաշխարհային գրքի մայրաքաղաք» տիտղոսը, բայց մեր ներկայացրած ծրագիրը ընդունվեց, ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն Երևանը հռչակեց գրքի 2012 թվականի համաշխարհային մայրաքաղաք, որի պաշտոնական հանձնման արարողությունը կլինի ապրիլի 22-ին»:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշել է միջոցառման կարգախոսը՝ «Ամրագրիր քո ապագան» («Book your future»), ինչպես նաև ներկայացրել է այն միջոցառումները, ցուցահանդեսները, որոնք արդեն անցկացվել են Հայաստանում, ինչպես նաև առաջիկայում սպասվելիք միջոցառումները:

Ըստ այդմ՝ ապրիլի 21-ին Գաֆէսճյան կենտրոնում բացվելու է «ArmBookExpo» գրքի ցուցահանդես, որտեղ ներկայացված է լինելու Հայաստանում և աշխարհի տասնյակ երկրներում տպագրված հայերեն և բազմալեզու գրականությունը, որն ամբողջությամբ նվիրաբերվելու է Հայաստանի Ազգային գրադարանին: Գաֆեսճյան կենտրոնի բոլոր սրահներում ու հարթակներում անցկացվելու են գրքին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ:

Ապրիլի 22-ին «Երաժշտական ողջույն հայ գրատպության բնօրրան Իտալիայից» խորագրով տեղի կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի տոնական մենահամերգը Ազատության հրապարակում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Պետական կամերային և «Հովեր» երգչախմբերի մասնակցությամբ: Վ. Սարգսյանն ասաց, որ համերգը բաց է, բացի այդ քաղաքի խոշոր էկրանների վրա լինելու է հեռարձակում: Մատենադարանի հարակից տարածքում հենց այդ օրը կայանալու է նաև ՅՈՒՆԵՍԿՕի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսի փոխանցման շքեղ հանդիսությունը:

Արդեն գրքի մայրաքաղաք Երևանում ապրիլի 23-ին Մոսկովյան-Տերյան խաչմերուկի հարակից տարածքում տեղի կունենա Դավիթ Երևանցու «Վարք հավերժության» 3 մետր բարձրությամբ քանդակի բացումը, որը հեղինակի նվերն է հայրենիքին և խորհրդանշում է «Մշո ճառընտիր» մատյանը: Հուշարձանը կոչված է մեծարելու հայ կնոջը` ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանման գործում ունեցած բացառիկ դերակատարման համար: Հուշարձանի ճարտարապետն է Ռուբեն Հասրաթյանը:

Ապրիլի 23-ին Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է «Գրի հավերժություն…» խորագրով ցուցահանդես, որի ընթացքում առաջին անգամ միասնական ցուցադրությամբ ներկայացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի, Մատենադարանի, Ազգային գրադարանի հավաքածուներից ընտրված հնագիտական, վիմագրական, վավերագիր արժեքավոր ցուցանմուշներ, ընդհանուր առմամբ` 103 նմուշներ:

Տոնական հանդիսությունների օրերին տեղի կունենա Հայաստանի մշակույթի նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ ջանքերով կազմակերպված «Մշակութայն քաղաքականություն. քաղաքականություն մշակույթի համար. մշակույթը կայուն զարգացման գործոն» տարածաշրջանային 2-րդ գիտաժողովը:

Գրքի երևանյան տոնին մասնակցելու նպատակով Հայաստան են գալու աշխարհի ավելի քան 30 երկրների պատվիրակներ ու 5 տասնյակից ավելի պատվո հյուրեր: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում