Իտալական Սկաֆատի քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Ապրիլի 13-ին  ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելեց Սալերնո նահանգի Սկաֆատի քաղաքը, ուր հանդիպում ունեցավ քաղաքապետ Անջելո Պասկալինոյի հետ, ինչպես նաև մասնակցեց քաղաքի պատմական շինություններից մեկում` Ռեալ Պոլվերիկո Բորբոնիկոյում, Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը:

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ քաղաքապետի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպան Կարապետյանը քննարկեց Սկաֆատիի հետ քաղաքային մակարդակով համագործակցության հաստատման, զբոսաշրջության և առևտրատնտեսական ոլորտներում կապերի զարգացման հնարավորությունները:

Հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում դեսպան Կարապետյանը շեշտեց, որ «Հայ արտիստները Սկաֆատիում» ցուցահանդեսի կազմակերպումը  չափազանց կարևոր է, քանի որ այն տեղի է ունենում պատմական Պոմպեյ քաղաքի անմիջական մերձակայքում և հնարավորություն կընձեռի բազմահազար իտալացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին մինչև մայիսի 31-ը ճանաչելու և հաղորդակցվելու  հայկական ժամանակակից արվեստի հետ:  Իր հերթին Սկաֆատիի քաղաքապետը նշեց, որ «քաղաքի պատմական այս վայրում առաջին անգամ է կազմակերպվում օտար, ոչ իտալական, ազգային մշակույթը ներկայացնող ցուցահանդես»` հավելելով, որ «իրենց քաղաքի համար հիրավի մեծ իրադարձություն և պատիվ է հայկական մշակույթին նվիրված  նման միջոցառման իրականացումը»:

Ցուցահանդեսին, որը կազմակերպել էր Իտալիայում ՀՀ դեսպանությունը, ներկայացված էին տարբեր երկրներից (ԱՄՆ, Չեխիա, ՌԴ, ՀՀ, Իտալիա, Կանադա) հայազգի 16 նկարիչների և քանդակագործների աշխատանքներ:

Ապրիլի 17-ին Սկաֆատիի քաղաքային խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին և զորակցություն հայտնելով  հայ ժողովրդին»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում