Մամուլն այսօր. ՀԱԿ-ը Գ.Ծառուկյանի ֆինանսական ազդեցության տակ

Ընտրություններ.

«Ժողովուրդ»-ը գրում է, որ մինչ ՀՀԿ և ԲՀԿ շարքային անդամները զբաղված են միմյանց հասցեին ցեխարձակումներ անելով` այդպիսով փորձելով հնարավորինս աչքի ընկնել սեփական կուսակցության առաջնորդի մոտ, «ձևական» կոալիցիայի երկու գործընկերներ ուժերի ղեկավարները լավ էլ համագործակցում են` հարկ եղած դեպքում սատարելով իրար: Օրինակ`երեկ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կոչ է արել ընտրել թիվ 11 ընտրատարածքում ԲՀԿ-ի կողմից մեծամասնականով առաջադրված Գրիգոր Մարգարյանին`Բելաջիոյի Գրիշին, ով ի դեպ, նախորդ ընտրություններում ՀՀԿ-ի հետ էր: Նախօրեին էլ Սերժ Սարգսյանը կոչ էր արել ընտրել ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արայիկ Գրիգորյանին` Ավշարի Արայիկին: «Հավանաբար, ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականում ընդգրկված Սերժ Սարգսյանը «հիշել է», որ ինքը ոչ միայն ՀՀԿ-ի, այլև ամբողջ երկրի նախագահն է»,- եզրակացնում է թերթը:

«Հայացք»-ի հաղորդմամբ՝ նախընտրական այս օրերին համացանցային հակաքարոզչություն և սե PR է սկսվել ԲՀԿ-ի դեմ: Ստեղծվում են համապատասխան վերնագրերով կայքեր, վիրավորական ծաղրանկարներ ու տարածվում սոցցանցերում և այլն:

Սակայն ՀՀԿ-ի թերթի աղբյուրները փաստում են, որ ՀՀԿ-ի «վերևները» տեղյակ չեն այս ամենից: Սա ՀՀԿ-ական ջահելների մտքի արգասիքն է և ինքնագործունեության արդյունք, որոնք, օգտվելով իրենց վերադասների նախընտրական զբաղվածությունից, փորձում են արջի ծառայություն մատուցել հարազատ կուսակցությանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ, սակայն, նույն ջահելները շատ լավ գիտեն, որ իրենց այս քայլը հայտնի դառնալու դեպքում ոչ միայն չի խրախուսվելու վերևների կողմից, այլև ավելին, մի լավ «քոթակ» են ստանալու այս ինքնագլուխ գործունեության համար, ուստի ամեն կերպ, սեփական կլանին փրկելու նպատակով, աշխատում են գաղտնի պահել իրենց ներգրավվածությունը այս համացանցային գործընթացին: 

ՕԵԿ-ի նախընտրական ծրագրում մի խոստում կա՝ «Մենք ուզում ենք, որ ոչ թե մեկն ունենա 100 խանութ, այլ 100 հոգի՝ մեկական խանութ»: 

«Առավոտը», հաշվի առնելով, որ մեր երկրում «100 խանութ ունեցող» ասելով՝ առաջին հերթին հասկանում ենք Սամվել Ալեքսանյան, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին հարցրել է՝ ՕԵԿ-ը պայքարելու է Սամվել Ալեքսանյանի դե՞մ: Պարոն Շահգելդյանը պատասխանել է. «Մեր համար սկզբունքը հետևյալն է. Խոսքը չի վերաբերում կոնկրետ անձանց: ՕԵԿ-ը մշտապես մոտեցում է ցուցաբերել իրավական կարգավորման: Եվ այս տեսանկյունից մենք քայլն արդեն կատարել ենք: Դա համապատասխան օրենսդրական նախաձեռնությունն է, որը ներկայացվել է Ազգային ժողով և որը վերաբերում է այսպես կոչված սուպերմարկետների կամ հիպերմարկետների կառուցման կանոնակարգմանը: Արտասահմանում այս մոտեցումը կա. այն շրջանները, որտեղ որ նպատակահարմար է հասարակական տեսանկյունից՝ այնտեղ պետք է կառուցվեն: Եթե մեծ խանութները կառուցվում են, որոնք բերում են փոքր խանութների փակմանը, սնանկացմանը, ապա մենք բնականաբար գտնում ենք, որ այս համակարգը պետք է փոխվի»:

Ըստ «Իրատես de facto»-ի՝ ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստերից մեկում, պարզվում է, առանձին քննարկման թեմա է եղել Օսկանյանի վերջին շրջանում դրսևորած վարքը: ՀՀԿ-ականները «ծափով-ծիծաղով», հումորով-բանով արձանագրել են, որ Օսկանյանը, փաստորեն, իրենց դաշտում է խաղում, համարյա` «ֆիֆթի-ֆիֆթի» տարբերակով, որովհետև ինչ անում է, իրականում ստացվում է «կոնկուրենտ ֆիրմայի»` «Հանրապետականի» օգտին` թե կոալիցիայի ձևականության, թե «մնացյալի» հաշվով:

Սերժ Սարգսյանն իր նման ուշի ուշով լսել է իր թիմակիցների արգումենտները, մի պահ լռել, ապա արտաբերել է` շատերն են ասում:

Ի՞նչ կապեր ունի ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ.

«Իրավունքի» հետ զրույցում «Ժառանգության» համամասնական ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող բլոգեր Իզաբելլա Աբգարյանն ասել է, որ «Ժառանգության» դեմ հատկապես այսօր հանդես են գալիս ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: «Նրանք գործում են նույն դաշտում: Թե ինչով է նրանց խանգարում «Ժառանգությունը», ինձ համար պարզ է: «Բարգավաճը» վերջերս նույնպես իրեն հռչակել է որպես ընդդիմադիր, և պարզ է, որ նրանց ձեռնտու է հենց ընդդիմադիր ձայները տանել, որոնք «Ժառանգության» ձայներն են: Նույնն էլ վերաբերում է ՀԱԿ-ին: Բացի այդ, զգացվում է այդ 2 ուժերի պայմանավորվածությունը թե սոցիալական ցանցերում, թե նրանց գործունեության արդյունքում»:

«ՀԱԿը Գ.Ծառուկյանի ֆինանսական ազդեցության տակ» վերտառությամբ հոդվածում «Ազգ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ընտրություններ. ինտրիգներն առայժմ երեքն են

Հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ուկրաինական հրատարակությունն իր երեկվա համարում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին և ընթացիկ ընտրարշավի առանձնահատկություններին: Թարգմանաբար և աննշան կրճատումներով ընթերցողին ենք ներկայացնում ուկրաինացի լրագրող Դմիտրի Նաումովի հոդվածը, որը, ինչպես կնկատի ընթերցողը, որոշ եզրերով համահունչ է վերևում լույս տեսնող ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի մտքերին:

Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 17 օր: Նախընտրական արշավը, որին մասնակցում են 8 քաղաքական կուսակցություն և մեկ դաշինք (ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը), թափ է հավաքում` գնալով ավելի ակնհայտ դարձնելով ընթացիկ կամարտահայտման առանձնահատկությունները:

Փորձագետները նախընտրական արշավն ընդհանուր առմամբ դրական են գնահատում: Նրանք ընդգծում են, որ իրավապահ մարմինների ակտիվ դիրքորոշման շնորհիվ հաջողվում է խուսափել այդ երկրի համար ավանդական` «անձնավորված» և ծայրաստիճան հուզական նախընտրական իրավիճակից: Բացի այդ, բոլոր թեկնածուներն ու կուսակցությունները մամուլի հասանելիության ու քարոզչություն իրականացնելու հավասար պայմաններ ունեն:

Ազգային ժողովի նոր անդամների ընտրության քվեարկությունը կայանալու է մայիսի 6-ին: Հեղինակավոր The Gallup International կազմակերպության վերջին սոցիոլոգիական հարցումը ցույց է տվել, որ ամենայն հավանականությամբ խորհրդարան կանցնեն հինգ ուժեր: Սակայն մրցարշավի առաջամարտիկները երկու քաղաքական ուժեր են: Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա 34% տոկոս կստանար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, 28%` «Բարգավաճ Հայաստանը», որը գլխավորում է օլիգարխ Գագիկ Ծառուկյանը:

Քանի որ քաղաքական ուժերը «քիթքթի» են, փորձագետները նախազգուշացնում են` հնարավոր է դա ոչ միանշանակ հետևանքների հանգեցնի: Երկու կուսակցություններն էլ հավակնում են բացարձակ առաջատարության և միաժամանակ ընդգրկված են կառավարող կոալիցիայի մեջ:

Միեւնույն ժամանակ հասարակության մեջ ամրապնդվել է կարծիք, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), որն անհաշտ ընդդիմության փառավոր համբավ ուներ, հայտնվել է Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ազդեցության տակ: ՀԱԿը գլխավորում է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն ՏերՊետորսյանը, ով 2008 թվականի հետընտրական ողբերգական իրադարձությունների ժամանակ ժողովրդին բարիկադների էր հանել:

Երբ ընտրողները սկսեցին խոսել այն մասին, թե տերպետրոսյանական շրջանի պաշտոնյաների կողմից ղեկավարվող ՀԱԿ-ը Գագիկ Ծառուկյանի հետ նույն խաղն է խաղում, փորձառու ազատականները, որ պատրաստ չէին առեւտրին, լքեցին Կոնգրեսը: Դա նաև հիասթափեցրեց ՀԱԿ-ի երիտասարդական թեւի հազարավոր ներկայացուցիչների` չնայած երիտասարդությունը դաշինքի եթե ոչ միակ, ապա` էական շարժիչ ուժն էր:

Տեր-Պետրոսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև գաղտնի պայմանավորվածությունները միջնորդավորված ձևով հաստատում է այն, որ ընդդիմադիր «Հայկական ժամանակ» թերթը կտրականապես դադարեցրել է նկատել վերջինիս «թերությունները»: Չնայած, որ մինչև վերջերս թերթի խմբագիր և ՀԱԿ առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ ձևով էր արտահայտվում Ծառուկյանի մասին և «օլիգարխի դեմ համաժողովրդական պայքարի» կոչ էր անում:

Փորձագետները հանգում են այն մտքին, որ փող ու միջոցներ չխնայող և ապագա խորհրդարանում առնվազն երկրորդ տեղին հավակնող ԲՀԿ քաղտեխնոլոգները հույս ունեն ընտրությունների ժամանակ տիրանալ ներքին խժդժություններից ու ֆինանսական կախվածությունից թուլացած ՀԱԿ-ի ձայներին:

Սակայն, քաղաքագետների կարծիքով, Ծառուկյանի ուղին սայթաքուն է: Ինչպես արդեն նշեցինք, ՀԱԿ-ում արդեն պառակտում եղել է ու ազատական երիտասարդության ճնշվածությունն ակնհայտ է, իսկ իր` Բարգավաճի համակիրների շարքերում խմորումներ են սկսվել:

Փորձագետների կարծիքով` «դաշտային» շատ կուսակցականներ բարգավաճականների համար աշխատում էին ոչ միայն հանուն փողի, ինչը պարբերաբար ներարկվում է այդ` համեմատաբար երիտասարդ կառույցի մեջ, այլև ԲՀԿ-ն ընկալում էին որպես իշխանության մաս, յուրօրինակ «տանիք»:

Այժմ, երբ «Բարգավաճ Հայաստանը» փորձում է հակադրվել իշխանություններին, դա ինչ-որ չափով լարում է շարքային անդամներին ու քարոզիչներին, որոնցից յուրաքանչյուր երկրորդը հասարակ մարդու տեսանկյունից հստակ ու հասկանալի մոտեցում ունի` առճակատման մեջ չմտնել հանուն քաղաքական գաղափարների:

Այս ֆոնին ընտրությունների դժվար կանխատեսելի մասնակցի է վերածվում ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը: Այն նույնպես հավակնում է ՀԱԿ-ը լքած ազատականների ձայներին: Բացի այդ, նա փորձում է բազմապատկել ուժերը` ի հաշիվ չկողմնորոշված ընտրողների»:

Զարմանազան.

Կրկնվող թվերով սերիական համարով ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալու խնդրի շուրջ «Հայկական ժամանակը» զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրերի ու վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանի հետ: Թերթի այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ մարդկանց որոշակի խմբի անձնագրերում միշտ կրկնվող թվեր կամ զրոներ են, նա պատասխանել է. «Ես առաջին անգամ եմ լսում, որ նման բան կարող է հատուկ ծրագրավորված ձևով լինել: Դա պատահականություն է, որ մարդկանց ձեռքին նման անձնագիր է հայտնվում: Ես արդեն չորս ամիս է` այս պաշտոնում եմ, նման բան չեմ տեսել, որ հատուկ ինչոր համարներ լինեն»: 

Իսկ բարձրաստիճան պաշտոնյաների անձնագրերի սերիական համարների կրկնվող թվերի վերաբերյալ հարցին նա պատասխանել է. «Կարծում եմ` շատ հին երևույթի մասին է ձեր ասածը: Կարող եք ստուգել, դրանք հին բաներ են, մեր անձնագրերի և վիզաների վարչությունը նման ծառայություններ չի մատուցում»: 

Թերթը ներկայացրել է ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակներում ընդգրկված մի շարք անձանց անձնագրերի համարները, ինչպես օրինակ` Հովիկ Աբրահամյան` AK 0200020, Վարդան Օսկանյան – AK 0481777, Զարուհի Փոստանջյան -AH0311444, Աղվան Վարդանյան – AK0287000, Արմեն Աշոտյան– AK 0322322, Շուշան Պետրոսյան– AM 0522000, Արմեն Գևորգյան– AM 0655555 և այլն:

«ՀԺ»-ն նաև գրում է, որ Սերժ Սարգսյանը վերջին հինգ տարում գրեթե կրկնակի ավելացրել է իր դրամական միջոցները: 2007-ին նրա բանկային հաշվին եղել է 58 միլիոն, իսկ 2012-ի մարտի 1-ին` 105 մլն 600 հազար դրամ, աճը կազմել 147 միլիոն 600 հազար դրամ:

«
Սերժ Սարգպանի` ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջին մեկ տարում նա հետևյալ դրամային եկամուտներն է ունեցել. 3 մլն 898 հազար դրամ աշխատավարձ, 2 մլն 45 հազար դրամ աշխատավարձին հավասարեցված վճար և 8 մլն 740 հազար դրամ «տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս»: Ենթադրվում է, որ սա բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսներն են: Ինչպես հինգ տարի առաջ, այժմ էլ նա հայտարարագրել է մեկ անշարժ գույք` 96 ք/մ մակերեսով բնակարան Ստեփանակերտում, ինչպես նաև շարունակում է տիրապետել իր` «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 1992-ի արտադրության ավտոմեքենան: Նա հայտարարագրում նշել է նաև, որ ունի 8 միլիոն դրամը գերազանցող հնաոճ իրեր, արձանիկներ, քանդակներ, 18-20-րդ դարի նկարներ և այսպես շարունակ, բայց չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպիսի և ինչ արժողությամբ իրեր ունի»,- գրում է թերթը:

Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ատրճանակը, որը դարձել է մամուլում վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը, ուշագրավ ծագում ունի: Թերթի տվյալներով` ոսկեգույն ատրճանակը Ծառուկյանին է նվիրել անձամբ Սերժ Սարգսյանը: ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է այդ լուրերը, միայն ասել է. «Հերիք է քչփորեք այդ թեման, լա՛վ էլի, ա՛յլ բանի մասին խոսեք»: Թերթը հիշեցնում է` Էջմիածևում կայացած հանդիպման ժամանակ, երբ քամին բարձրացրել էր Ծառուկյանի կոստյումի փեշը, երևացել էր գոտու մեջ խրված ատրճանակը: Ծառուկյանը հայտարարել էր, թե դա «Վերտու» հեռախոս է, իսկ նախօրեին ԱԳ նախկին նախարար, ԲՀԿական Վարդան Օսկանյանն այլ բան էր պնդել` ասելով որ իր տպավորությամբ դա իրոք զենք է:

Ի դեպ, թեև ԲՀԿից հերքում են, որ Ծառուկյանը զենք է կրում, այնուամենայնիվ թերթը նշում է, որ նա դրա իրավունքն ունի բոլոր օրենքներով նաև որպես երկրի անվտանգության խորհրդի անդամ:

«Երկիր»-ը տեղեկացրել էր, որ ըստ որոշ խոսակցությունների, Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի ազատման հետևում կանգնած է վարչապետ Տիգրան Սարգսյանը, և հենց նա էլ բորբոքում է ԱշոտյանԶոլյան հակամարտությունը:

Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, թեև հերքել է, որ լեզվաբանական համալսարանը միանալու է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին, սակայն այդ գործարքի մասին թերթը նոր բացահայտումներ է արել: Թերթի տեղեկություններով համալսարանի շենքի գնման նախնական պայմանավորվածություն կա սփյուռքահայ մի գործարարի հետ, որը ցանկանում է այդ շենքը հյուրանոց դարձնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում