Այսօր երեկոյան Ազատության հրապարակում կես ժամ ուշացումով մեկնարկել է ՀԱԿ հանրահավաքը: Բանն այն է, որ այնտեղ տեղադրվել է բեմահարթակ՝ ապրիլի 22-ին աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի համերգի կազմակերպման համար: Բեմում կատարվում են լույսերի տեղադրման աշխատանքներ, ինչն էլ ուշացրել է հանրահավաքի սկիզբը:
Հանրահավաքին առաջինը խոսել է ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը՝ նշելով որ իրենց հանրահավաքները մարզերում խոչընդոտվել են:
Մանուկյանի ելույթի ընթացքում խափանվել է բարձրախոսի աշխատանքը, ինչին Մանուկյանը վրդովված արձագանքել է` «չեն թողնում խոսենք»: Մի քանի րոպե ընդմիջումից հետո, նա շարունակել է ելույթը՝ ժողովրդին հորդորելով աջակցել Կոնգրեսի կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներին:
ՀԱԿ ներկայացուցիչ, թիվ 7 ընտրատարածքում առաաջդրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասել է, որ Հայաստանում հեղափոխություն է հասունանում, որը պետք է տեղի ունենա մայիսի 6-ին 30 վարկյանների ընթացքում. «Երբ ձեր դուռը ծեծում են, ասեք, որ քվեարկում եք ՀՀԿ-ի օգտին, սակայն երբ մտնեք քվեախցիկ, երեսուն վայրկյան մտածեք և քվեարկեք ՀԱԿ-ի օգտին` դա մեր երեսուն վայրկյանանոց հեղափոխությունը կլինի»:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոսքում ասել է, որ «Ժառանգության» վարքն իր համար անհասկանալի է և այդ պատճառով ինքը դա չի մեկնաբանի:
Խոսքը վերաբերում էր ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասնական շտաբից «Ժառանգության» հեռանալուն: ՀԱԿ առաջնորդը նաև շեշտել է, որ ինքը շատ է կարևորում այդ շտաբի գործունեությունը, և, ըստ նրա, դա կարող է միջոց լինել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար:
«Ընտրությունները քանի մոտենում են, ելույթները ավելի կտրուկ, ավելի խիստ ու էմոցիոնալ են դառնում, և դա անխուսափելի է: Բայց պետք է նկատի ունենալ, որ ընտրարաշավը լուրջ գործ է և հանդարտ վերլուծություններ անելու կարիք կա»,- նշել է Լ.Տեր-Պետրոսյանը: