Կասիլյասը քննադատում է Աշխարհի առաջնության վիճակահանությունը

Կասիլյասը քննադատում է Աշխարհի առաջնության վիճակահանությունը

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը քննադատել է Բրազիլիայում կայանալիք Աշխարհի 2014թ առաջնության վիճակահանությունը, որի արդյունքում աշխարհի գործող չեմպիոնը և փոխչեմպիոնը հայտնվել են միևնույն խմբում:

«Ճիշտն ասած, երբեմն դժվար է հասկանալ վիճակահանությունները և դրանց անցկացման սկզբունեքները: Մենք չենք որոշողը, թե որ հավաքականն է ավելի լավը: Մենք խաղում ենք, և եթե հաղթում ենք, ապա բարի գալուստ, բայց ես համաձայն չեմ վիճակահանության անցկացման սկզբունքների հետ»,- իսպանացի դարպասապահի խոսքերն է մեջբերում «Mundo deportivo»-ն:

Կասիլյասը նաև նշել է, որ գիտի, որ իրենցից սպասելիքները մեծ են:

«Հասկանում եմ, որ մեզ ֆավորիտ են համարում, որովհետև այդ իրավունքին արժանացել ենք այն ամենով, ինչ այս տարիներին հաղթել ենք», -ասել է ֆուտբոլստը’ ավելացնելով, որ գիտի նաև, որ իրենց մրցակիցները ցանկանալու են որքան հնարավոր է լավ հանդես գալ Իսպանիայի դեմ խաղերում:

Դարպասապահը նաև գովեստի խոսքեր է ասել խմբի իրենց մրցակիցների մասին: «Վիճակահանության արդյունքները բարդ է ստացվել մեզ համար. սկսելու ենք առաջնությունը փոխչեմպիոնի դեմ խաղով, որը հրաշալի որակավորման փուլ է անցկացրել, հետո էլ հանդիպելու ենք Չիլիի ընտրանուն, որ միշտ մեզ համար խնդիրներ է ստեղծել», -ասել է Կասիլյասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում