Վաղը՝ ապրիլի 24-ին, «Ժառանգություն» կուսակցությունը քարոզարշավ չի անցկացնի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Այդ օրը մենք մտադիր ենք երթով անցնել Ազատության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ և լինել մեր ժողովրդի մի մասը»,-հայտարարել է նա:
Խոսելով նախընտրական քարոզաշվից՝ Ր.Հովհաննիսյանը նկատել է, որ գնահատականներ կարելի է տալ միայն ընտրություններից հետո՝ մայիսի 7-ին. «Իսկ այժմ մենք լծված ենք քարոզարշավի գործին, այցերին ինչպես մարզերում, այնպես էլ՝ Երևանում»:
«Ժառանգության» ղեկավարը հայտնել է, որ քարոզարշավն ընթանում է որոշակի խախտումներով, որոնց մասին իրենք կխոսեն դեռ:
«Երբ «Ժառանգությունը» խորհրդարանում և կառավարությունում կազմի մեծամասնություն, այն 5000-ները, որոնք որպես ողորմություն են տրվում որոշ ուժերի կողմից, այդ գումարը տասնապատիկ անգամ է տրվելու ժողովրդին՝ որպես նպաստ, որպես մասնաբաժին»,- խոստացել է Ր.Հովհաննիսյանը:
Բանախոսը նաև նշել է, որ «Ժառանգություն»-ը, հաշվի առնելով նախորդ ընտրությունները, ջանում է բոլոր տեղամասերում ունենալ իր վստահված անձանց, ովքեր կպաշտպանեն ոչ միայն իրենց կուսակցության շահերը, այլև ողջ ընտրությունների օրինականությունը: Ր.Հովհաննիսյանի խոսքերով՝ «Ժառանգության»՝ ընտրությունների ընթացքին հետևող որոշ լիցենզավորված անձինք հնարավոր է զրկվեն իրենց առաքելությունն իրականացնելու հնարավորությունից՝ տպագրական վրիպակների պատճառով:
Սոցհարցումներին Անդրադարռնալով վերջերս ակտուալ դարձած նախընտրական սոցհարցումներին՝ Ր.Հովհաննիսյանն ասել է, որ «Ժառանգություն»-ը չի հավատում դրանց, նույնիսկ եթե իրենց կուսակցությանը բարձր ցուցանիշներ են խոստանում: Ըստ բանախոսի՝ սոցհարցումների հետևում միշտ մարդիկ կան, ովքեր պատվիրել են դրանք:
Մեկնաբանելով վերջերս շրջանառության մեջ ընկած այն լուրերը, թե Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի միջև հանդիպում է եղել՝ «Ժառանգության» առաջնորդը հերքել է՝ շեշտելով, որ դա սուտ է. Նախագահի հետ հանդիպում չի եղել:
«Նման սուտ լուրերը ծագել են նրանից, որ մի անգամ հարցազրույցներից մեկում ասացի, որ եթե ազատ, արդար ընտրություններ անցկացվեն, և «Ժառանգությունը» կազմի մեծամասնություն, ապա չի բացառվում, որ կարող է համագործակցել ցանկացած փոքրամասնություն կազմող կուսակցության հետ»,- թյուր լուրերի տարածման պատճառներն այսպես է պարզաբանում Ր.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ արդեն հասկանալի է, թե ինչ են բխեցրել իր վերոնշյալ ասածից: