Բացվել է «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը

Այսօր Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրության բացումըՑուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ:Ցուցադրության մեջ ներառնված են շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր միավորներ: 

Ցեղասպանության ինստիտուտիմամլո ծառայության փոխանցմամբ՝ ցուցադրության մեջ ներկայացված գրքերը բաշխված են տարբեր խորագրերի ներքո: Թանգարանի սրահներում ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող եզակի հրատարակություններ:

Առանձին սեղաններով տրված են համիդյան ու Ադանայի կոտորածներին առնչվող ու դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, առանձին երկրներում` Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան և այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները, որոնք ներկայացնում են մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների անհերքելի վկայությունները:

 

Ներկայացված գրականության մեծ մասը լույս է տեսել օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ իրագործված ցեղասպանության տարիներին և հիմնավոր պատասխան է մեր օրերում կիրառվող թուրքական ժխտողականության բոլոր դրսևորումներին: 

Ցուցադրության մեջ ներառնված հազվագյուտ ու արժեքավոր գրականությունը վերջին հինգ տարիների ընթացքում ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ջևան Չելոյանցի (Մոսկվա), ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Տիգրան Քալայջյանի (Կիպրոս), ինչպես նաև «Փյունիկ» համահայկական բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանի հավաքածուն հարստացել է արժեքավոր գրականությամբ` Մատիաս Բորլունդի (Դանիա), Լաուրա Դաունի (Շվեդիա), Սուրեն Բայրամյանի (Եգիպտոս), Ռուբեն Գալչյանի և այլոց նվիրատվությունների շնորհիվ:

Ցուցադրության մեջ ներառնված գրքերի մի մասն առկա է միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մեջ: 

Հայոց ցեղասպանության թանգարանն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային գրադարանին, ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանին և ՀՅԴ Բյուրոյի գրադարանին ցուցադրության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում