Հիշատակի միջոցառումներ են անցկացվել Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Բրազիլիայում

Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները, տեղեկացնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց պատարագ հայ նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդաց եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը, ներկա էին ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ եւ հազարավոր հայ եւ օտար հավատացյալներ:

Նույն օրը Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել էր զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչեւ 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։

Հիշատակի միջոցառումներ են ընթանում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում, Տուլուզում, Տուլոնում եւ Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական եւ հոգեւոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Կազմակերպվում են տասնյակ բանախոսություներ Հայոց ցեղասպանության եւ ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։

Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել նաև Նիդերլանդներում և Բրազիլիայում:

Ապրիլի 23-ին Հաագայում, Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունը կազմակերպել է ջահերով երթ դեպի Թուրքիայի դեսպանություն:

Երթը սկսվել է Նիդերլանդների խորհրդարանի դիմացի «Het Plain»  հրապարակից, որտեղ հավաքված մասնակիցները, «Արդարություն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին» կարգախոսերով և ազգային երգերի կատարմամբ քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն: Թուրքիայի դեսպանության դիմացի տարածքում փոքր հոգևոր ծես է կատարվել` ի հիշատակ  ցեղասպանությանը զոհ գնացած նահատակների, որից հետո ցուցարարները մեկական մոմ են վառել «1,5» խորհրդանշական թվով: 

Ապրիլի 21-ին Սան Պաուլո քաղաքի կենտրոնական` Ավենիդա Պաուլիստա պողոտայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված բազմամարդ երթ, որին մասնակցում էին բրազիլահայ համայնքի կրոնական և աշխարհիկ բոլոր  միությունների և կազմակերպությունների ղեկավարներն ու անդամները, հայ և բրազիլացի երիտասարդական ու սկաուտական ջոկատներ` ընդհանուր առմամբ ավելի քան 500 մարդ:

Քայլերթի մասնակիցները ցույցի էին դուրս էին բերել ցեղասպանության դրվագները պատկերող և նրա հեղինակներին դատապարտող տեքստերով երեք մետր բարձրությամբ երեսուն ցուցատախտակներ, Հայաստանի Հանրապետության դրոշներ,  երեք հազար պոստերներ և հինգ հազար քարոզչական բրոշյուրներ, որոնք բաժանվում էին անցորդներին:

Պողոտայի վրա գտնվող գրասենյակներին, առևտրի կետերին ու տարբեր հաստատություններին նախօրոք տրամադրվել էին հայերի նկատմամբ Օսմանական Թուրքիայի կազմակերպած ոճրագործության վերաբերյալ հարյուրավոր պաստառներ, վարորդներին էին բաժանվում ինքնափակցվող նյութեր:

Ավելի քան երկու ժամ տևած քայլարշավի դադարներին տեղի էին ունենում ելույթներ, կատարվում էին Հայաստանի Հանրապետության օրհներգն ու  հայրենասիրական երգեր, վանկարկումներ:

Ըստ տեղական մամուլի ու հեռուստատեսության, ինչպես նաև համայնքային ղեկավարության ընդհանրական գնահատականի, Ցեղասպանությունը դատապարտող ներկա միջոցառումը բրազիլահայության, հատկապես նրա երիտասարդական թևի, վերջին տասնամյակների ամենախոշոր ելույթն էր:

Ապրիլի 22-ին Սան Պաուլոյի Հայ Առաքելական «Սբ. Գրիգոր» եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն, որին մասնակցում էին ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանը, Սան Պաուլոյում ՀՀ պատվո գլխավոր հյուպատոս Հիլդա Բուրմայանը, Սան Պաուլոյի քաղաքային խորհրդարանի պատգամավորներ և այլ բարձրաստիճան անձինք:

Պատարագներ մատուցվեցին նաև Հայ կաթողիկե և Կենտրոնական ավետարանական եկեղեցիներում, որոնց ավարտից հետո դրանց մասնակիցները միասնական շարասյունով ուղղվեցին դեպի Արմենիա հրապարակի Ցեղասպանության զոհերի նորաբաց հուշարձան, ուր Բրազիլիայի կայսերական զորախմբի պատվո պահակախմբի ներկայությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրում և հոգևոր-քաղաքացիական արարողություն:

Միջոցառման ընթացքում նրա մասնակիցներին բաժանվեց պատգամավոր Սելսո Ժատենեի կողմից քաղաքային խորհրդարանի  2007 թ. Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրենքի վերախմբագրված ու հաստատված տեքստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում