Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգել են աշխարհի տարբեր անկյուններում

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը շարունակում են հարգել աշխարհի տարբեր անկյուններում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, ապրիլի  23-ի երեկոյան  Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Սեպուհ Արք. Սարգսյանի գլխավորությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն, որի ավարտին ԻԻՀ-ում  ՀՀ դեսպանության անձնակազմի, իրանահայ բոլոր միությունների և կազմակերպությունների կողմից տեղի ունեցավ ծաղկեմատույցի արարողություն Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակների հուշակոթողին:

Ապրիլի 24-ին Սուրբ Սարգիս առաջնորդանիստ և Թեհրանի բոլոր եկեղեցիներում իրանահայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների մասնակցությամբ տեղիունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  նվիրվածսուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություններ: Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղի ունեցավ  Ցեղասպանությունը դատապարտող բողոքի համահավաք:

Միացյալ Թագավորությունում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից (ԲՀԵԽ) կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ՝ նշելու Հայոց ցեղասպանության 97-ամյակը:

Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչները քայլարշավով անցան Լոնդոնի կենտրոնով՝ դատապարտելով Թուրքիայի ժխտողական քաղաքականությունն ու իրենց կոչը հղելով ՄԹ իշխանություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Այս ամենամյա քայլարշավը, թվով 47-րդը, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեի կողմից (CRAG): Քայլարշավը, որին մասնակցում էին 800-900 մարդ, գլխավորում էին Հայ Առաքելական Եկեղեցու Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ ԲՀԵԽ ղեկավարությունը, ինչպես նաեւ ՄԹ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները: Անցնելով Լոնդոնի Փիքադիլի եւ Թրաֆալգար հրապարակներով՝ քայլարշավն ավարտվեց Ուայթհոլ փողոցի կենտրոնում, որտեղ գտնվող 1-ին եւ 2-րդ Համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանին դրվեցին ծաղկեպսակներ: Այնուհետեւ ԲՀԵԽ ներկայացուցիչները ուղեւորվեցին դեպի ՄԹ վարչապետի նստավայր՝ Դաունինգ 10, եւ հայ համայնքի անունից հանձնեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագիրը:

Ապրիլի 22-ին Ցեղասպանության զոհերի հիշատակին Լոնդոնի Սբ. Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ Պատարագ եւ հոգեհանգստի արարողություն, որից հետո ԲՀԵԽ եւ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին եկեղեցու բակում գտնվող Հայոց Մեծ եղեռնի հուշարձան-խաչքարին:

Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվել է հանդիսավոր Սուրբ Պատարագ և հոգեհանգստյան արարողություն նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Անթիլիասի Նահատակաց հուշարձանի առջև ներկաներին իր հայրապետական պատգամն է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Այնուհետև Նահատակաց հուշարձանի մոտ տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման հանդիսավոր արարողություն: Ծաղկեպսակներ են զետեղվել ՀՀ դեսպանության, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կենտրոնական մարմնի,  քաղաքական կուսակցությունների և ազգային բոլոր կառույցների կողմից: Անթիլիասի մայրավանքից կազմակերպվել է Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված բազմահազարանոց քայլարշավ բողոքի ցույց  դեպի Թուրքիայի դեսպանատուն: 

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե պատրիարքարանի ճեմարանի բակում նախատեսված է Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին: Պատարագը կմատուցվի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի կողմից: Այնուհետև պատրիարքարանի բակում տեղադրված հուշակոթողի մոտ կզետեղվեն  ծաղկեպսակներ:

Ապրիլի 24-ին Լիբանանյան «The Daily Star» անգլալեզու օրաթերթում տպագրվել է «Ժխտումը ցեղասպանության պես արատավոր է» (Denial as bad as genocide) հոդվածը: Հոդվածում հղումներ են կատարվել Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հարցազրույցի որոշ հատվածներին:

ՀՀ դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության խնդրին և նշել է, որ չնայած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Թուրքիան շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը և պատմության աղավաղումը: Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության ժխտումը պետք է դատապարտվի մարդկության կողմից և համարվի ցեղասպանության շարունակություն: Նա ՀՀ իշխանությունների երախտագիտությունն է հայտնել Լիբանանին Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով ճանաչելու համար:

Հարցազրույցում դեսպանը անդրադարձ է կատարել նաև հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին, երկքաղաքացիության խնդրին, ՀՀ կառավարության նվիրատվությանը լիբանանյան 120 դպրոցներին՝ լաբորատոր սարքավորումների տեսքով, լիբանահայության առանցքային դերակատարությանը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, բարձր է գնահատել Լիբանանի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության հիմնահարցում, համաձայն որի խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, հատկապես` ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում