ՀԱԿ-ը «ապառիկ» փաստաթո՞ւղթ է պատրաստել

Չնայած դեռ ընտրություններին բավական ժամանակ կա, սակայն, ըստ HayNews.am-ի ունեցած խիստ հավաստի տեղեկությունների, Հայ ազգային կոնգրեսն ու այդ կառույցի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն իսկ փորձում են այնպես անել, որ քվեարկությունից հետո Եվրոպական լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի անդամն է նաև ՀԱԿ-ի առանցք կազմող ՀՀՇ-ն, հայտարարի, թե Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են աղաղակող կեղծիքներով:



Այսպես, ըստ մեր տեղեկությունների, այդ նպատակով Բրյուսելում է ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների վարչության նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը, ում տեղում միացել է նախկին դիվանագետ, այժմ Բելգիայում բնակվող և ՀԱԿ անդամ Մուշեղ Մկրտչյանը: Վերջիններս Տեր-Պետրոսյանի հանձնարարականով արդեն իսկ պատրաստել են մի փաստաթուղթ, որը պետք է ընթերցվի Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության կողմից ընտրություններից անմիջապես հետո: Այնտեղ նշվում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները, կատարել լցոնումներ, կաշառել և ահաբեկել մարդկանց: Թե որքանով են եվրոպացի գործիչները պատրաստ ընդունել ՀԱԿ-ի «ապառիկ» փաստաթուղթը, դեռ հայտնի չէ, սակայն HayNews.am-ն առաջիկայում այս թեմային կրկին կանդրադառնա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում