Մամուլն այսօր. Ո՞վ ում հետ էր գնացել Ծիծեռնակաբերդ և ի՞նչ նոր հնարքներ են կիրառվում նախընտրական փուլում

Ընտրություններ.

Ապրիլի 20-ին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր, որ Երևանի թիվ 190 դպրոցում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը ընտրակաշառք են բաժանել: Այս հրապարակումը հիմք ընդունելով` ԱԺ պատգամավորի թեկնածու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը դիմել է թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով` Ալեքսանյանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար: Դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է զանգահարել պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանը` հայտարարելու, որ պատրաստվում է «Ժողովուրդ» օրաթերթին դատի տալ:

«Ես ձեզ դատի եմ տալու, որ իմ մասին սուտ-սուտ բաներ եք գրել: Ինչի՞ եք գրել, թե ես կաշառք եմ բաժանել: Տենց բան չկա, հերքե´ք»,- մասնավորապես ասել է Ալեքսանյանը` հավելելով, որ «Նիկոլի ու իրա մարդկանց սարքած շանտաժները 30 վայրկյան են», որ «հիմա ինքը հասկացավ, որ կրվելու է, սկսեց փչացնել ամեն ինչ: Ուզումա ընտրությունները հիմիկվանից հարամի»: 

Թերթը գրում է, որ սպասում է Սամվել Ալեքսանյանի ներկայացնելիք հայցին:

«Հրապարակ»-ը գրում է, որ նախընտրական քարոզչության այս շրջանում գործող նախարարներից ամենաակտիվը գյուղատնտեսության նախարարն է, ով հասկացել է, որ միայն իր կուսակցությանը պատկառելի քվեներ բերելու արդյունքում կարող է շարունակել նախարար աշխատել: Նա ինտենսիվ աշխատանք է տանում այդ ուղղությամբ և այս շրջանում շատ է այցելում մարզեր, նաև իր մոտ հաճախակի աշխատանքային խորհրդակցություններ է հրավիրում, որոնց ժամանակ ուղղակի կամ անուղղակի հասկացնում է, որ պետք է ձայներ բերեն ՕԵԿ-ին: Բայց իր ենթակայության տակ աշխատողների մեջ շատ են այլ կուսակցությունների, մասնավորապես Հանրապետականի անդամները, ուստի ենթակաների և նախարարի միջև որոշ տարաձայնություններ են առաջացել: Թերթին պատմել են անտառտնտեսություններից մեկի ղեկավարի հետ ծագած տարաձայնության մասին, անտառապետը բացահայտ քարոզչություն է արել ՀՀԿ-ի օգտին և արժանացել նախարարի հանդիմանությանը: Լուրը թերթը փորձել է ճշտել համակարգի աշխատողներից: Իջևանի անտառտնտեսության պետ, ՕԵԿ-ական Արծրունի Ղալթախչյանը թերթի հետ զրույցում ասել է. «Այսօր, ժամը 4-ին խորհրդակցություն է եղել, բայց ընտրությունների մասին խոսք անգամ չի եղել»: Իսկ Սևքարի անտառտնտեսության պետ, ՀՀԿ-ական Աշոտ Երիցյանը նշել է. «Նախարարը ժողով է արել, բայց ոչ մի կուսակցական հորդոր չի արել: Անտառի պահպանության թեմայով էր, աշխատանքային էր»:

Թերթը նաև գրում է, որ ավելի ու ավելի որոշակի են դառնում խոսակցություններն այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում երկու թև է ձևավորվել:

Մեկը` Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ, անկոնֆլիկտ մարտավարության կողմնակից է և պատրաստ է ընդունել Հանրապետականի թելադրած խաղի կանոնները: Մյուսը, որ ավելի արմատական է և ուղղորդվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, առճակատման կողմնակից է: Երկրորդ թևի ներկայացուցիչը Վարդան Օսկանյանն է, որին ոմանք ուզում են ընտրություններից հետո նստեցնել կուսակցության ղեկավարի աթոռին: Գլխավոր փաստարկն այն է, որ նա քաղաքական ֆիգուր է, և նրա` ԲՀԿ նախագահ դառնալը բազմաթիվ հարցեր կլուծի, այդ թվում` կուսակցությունը դրսի ուժերի համար կդարձնի ընդունելի, և ԲՀԿ վարկանիշը կբարձրանա: Այս թևը, որպես մաքսիմում ծրագիր, քննարկում է նաև նախագահական ընտրություններում Օսկանյանի թեկնածությունն առաջ քաշելու գաղափարը:

Պատասխանելով «Հայոց աշխարհ»-ի այն հարցին, թե «Հնարավո՞ր է, որ ՀԱԿի հետ ձեր նախընտրական համագործակցությունը շարունակվի նաև խորհրդարանում, օրինակ, հակաիշխանական կոալիցիայի ձևով», ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արթուր Խաչատրյանը նշել է. «Պետք է նայել՝ համագործակցությունն ինչի՞ շուրջ է։ Մենք ՀԱԿի հետ առանձին չենք համագործակցում. խոսքն ընդամենը ընտրությունների համատեղ վերահսկողության մասին է։ Քանի որ ՀՀԿն ասաց՝ չենք մասնակցում միասնական շտաբի աշխատանքներին, քանի որ ՕԵԿը հրավիրված չէ, «Ժառանգությունն» ստորագրեց, հետո ասաց՝ կմնանք այդ ձևաչափում, եթե առաջին դեմքերն ստորագրեն, հիմա էլ ասում է՝ չենք ուզում, որովհետև մեկ այլ կազմակերպություն ընտրակաշառք է բաժանում, մնացին երեքը՝ Դաշնակցություն, ԲՀԿ, ՀԱԿ։ Մեր համագործակցությունն այդ սահմաններում է»:

Քարոզչական հնարքների և ընտրակեղծիքների տեսակների մասին.

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել որ ԲՀԿ-ն Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչներից ձայներ հավաքելու նոր մեթոդ է մշակել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» օղու, գինու և կոնյակի գործարանն այդ մարզերի գյուղացիների հետ նախընտրական այս ժամանակահատվածում պայմանագրեր է կնքել աշնանը խաղող մթերելու մասին` ձեռքի հետ էլ զգուշացնելհվ, որ եթե ԲՀԿ-ին ձայն չտան, ապա գործարքը չեղյալ կհայտարարվի: Ու երբ ընտրություններին մասնակից այլ կուսակցություններից քարոզարշավի շրջանակներում ձայն են խնդրել այդ գյուղացիներից, նրանք ասել են, թե արդեն ԲՀԿ-ի հետ կնքված պայմանագիր ունեն: Աժ պատգամավոր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքել է այդ լուրերը` դրանք որակելով որպես անհեթեթություն:

Ըստ «Հրապարակ»-ի՝ «կարուսել» կոչվող ընտրակեղծիքի տեսակը, որի հեղինակային իրավունքը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին, պարզվում է` այս անգամ էլ են պատրաստվում կիրառել: Թերթին հայտնի է դարձել, որ այս օրերին իշխող կուսակցության առաքյալները բանակցություններ են վարում Երևանի որոշ հանրակացարանների բնակիչների հետ: Նրանց խոստացել են ընտրակաշառքը տալ, երբ իրենք արդեն քվեարկված քվեաթերթիկը ստանալուց հետո կմտնեն քվեախցիկ և այնտեղից իրենց հետ դուրս կբերեն մաքուր քվեաթերթիկը: Թերթը նկատում է, որ սա ամենադժվար հայտնաբերվող ընտրակեղծիքն է:

Զարմանազան.

«Հայկական Ժամանակ»-ը գրում է.  «ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը վերջին մեկ տարում գյուղմթերքի իրացումից 40 մլն դրամի եկամուտ է ստացել: Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀին ներկայացրած գույքի և եկամուտի հայտարարագրից:

2007-ին ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում նա նշել էր, որ 2006-ին գյուղմթերքի իրացումից 1 մլն 200 հազար դոլարի եկամուտ է ստացել: Համարձակվում ենք պնդել, որ ԱԺի, կառավարության, ՀՀԿի շրջանակներից դուրս հնարավոր չի լինի գտնել մի անհատ ֆերմեր, որ գյուղմթերքի իրացումից այսքան շահույթ ստացած լինի: 2012-ի մարտի 1-ի դրությամբ, Աբրահամյանի բանկային հաշիվը եղել է 2 մլն 50 հազար դոլար և 290 մլն դրամ: 2007-ին բանկում ունեցել է 55 մլն դրամ և 1 մլն 830 հազար դոլար: Հովիկ Աբրահամյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք` բնակարաններ Երևանի Թումանյան, Շմիդտի և Տերյան փողոցներում, համապատասխանաբար, 267, 146 և 260 ք/մ մակերեսներով ու մեկ ավտոտնակ Տերյան փողոցում: Թումանյանի վրայի բնակարանը նախկինում ունեցել է 18 ք/մ մակերես: Աբրահամյանը նախկինում հայտարարագրել էր նաև 53 հա հող, որն այժմ հայտարարագրում բացակայում է»:

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Ծիծեռնակաբերդ եկավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, իսկ նրա կուսակցության անդամ Մհեր Շահգելդյանը որոշ ժամանակ անց եկավ մի քանի տղամարդկանց հետ։ Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի հետ Ծիծեռնակաբերդ չէր եկել ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը։ Հավանաբար այն պատճառով որ Ս. Սարգսյանի հետ էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի հետ Արգամիչի «ջրերը նույն առվով չեն հոսում»։ Իսկ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը Ծիծեռնակաբերդ էր եկել իր ուսանողների հետ»:

Թերթը նաև տեղեկացնում է, որ Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան: Նա իր հետ Հայաստան է բերել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շքանշանը, որը նրան շնորհել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը դեռևս ապրիլի 14-ին: «Ժողովուրդ» օրաթերթի մոսկովյան աղբյուրները փոխանցել են, որ Յուրի Չայկայի այցն ու Պատվո շքանշանի հանձնումը նաև քաղաքական ենթատեքստ ունեն: Բանն այն է, որ վերջին շրջանում չդադարող խոսակցություններ են պտտվում, թե ընտրություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն է նշանակվելու գլխավոր դատախազ: Հիմա պաշտոնական Մոսկվան իր վերաբերմունքով ցույց է տալիս, որ Աղվան Հովսեփյանին ամենևին էլ պետք չէ փոխարինել եվրոպահաճո կադրով: Թերթը հիշեցնում է`մամուլում բազմիցս հրապարակվել է, որ Հայաստանի ուժային կառույցներում արվող նշանակումների հարցում էական դերակատարություն ունի ՌԴ-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում