Հիշատակի միջոցառումներ են անցել Ռումինիայում, Սիրիայում, Բրազիլիայում և Վաշինգտոնում

Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ ողջ աշխարհի հայությունը մասնակցում է երթերի և հիշատակի միջոցառումների:

Ապրիլի 24-ին Ռումինիայում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ, որին մասնակցեցին հարյուրավոր ռումինահայեր, ինչպես նաև ռումինական օրենսդիր և տեղական մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստագետներ և համալսարանականներ:

Բուխարեստի Սուրբ Հրեշակապետաց Հայոց Մայր եկեղեցում կատարվեց հիշատակի հոգեհանգիստ, որին ներկա էին հույն կաթոլիկ, ղպտի ուղղափառ և կալվին բողոքական եկեղեցիների ներկայացուցիչներ, այնուհետև Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի և Ռումինիայի Հայոց միության կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին:

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի միջոցառմանը ելույթներով հանդես եկան Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև Եպս. Հակոբյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը: Մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից իր հակահայ քարոզչության մեջ Եվրոպայում բնակվող թուրք համայնքներին ներքաշելու կապակցությամբ, որոնք առանց հարցի էության մեջ խորանալու փաստացի պաշտպանում են ժամանակակից թուրք կառավարության որդեգրած ժխտողականության քաղաքականությունը, դեսպանը նշեց, որ այդ զանգվածները խաղալիք են դարձել թուրք կառավարական շրջանակների ձեռքին և եվրոպական տարածքների վրա բախումների վտանգավոր նախադեպ են ստեղծում: «Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և նրա ժխտումը դատապարտելուն ուղղված միջազգային հասարակական-քաղաքական գործընթացների դեմ հանվում է ագրեսիվ զանգված: Թուրք կառավարական շրջանակների կողմից կրկին գործի են դրվում ուժային ճնշումների և շանտաժի միջոցները: Կրկին բաց է թողնվում հայատյացության հրեշը, որի թարմ դրսևորումներից են փետրվարյան հակահայկական ցուցերը Ստամբուլում:

Սրանք շատ վտանգավոր և մտահոգիչ զարգացումներ են, որոնք ցույց են տալիս, որ իրականում Թուրքիան շարունակում է հայ ժողովրդին և Հայաստանը դիտել որպես սպառնալիք, դրանից բխող բոլոր հետևանքներով», իր ելույթի մեջ ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

Միաժամանակ Հայաստանի դեսպանը ողջունեց թուրք հասարակության մեջ օրեցօր ավելի բարձր հնչող կոչերը` շիտակորեն վերանայելու սեփական երկրի պատմությունը և շուռ տալու այդ սև էջը: «Մենք գտնում ենք, որ դա է հաշտեցման միակ ճանապարհը, այլ ոչ թե ստի և կեղծիքի քաղաքականությունը, հակահայ քարոզչական բլոկների ստեղծումը, որի միակ հետևանքը կարող է լինել հայ և թուրք ժողովուրդների միջև անջրպետի խորացումը և մեր չափազանց զգայուն տարածաշրջանի ապագայի վտանգումը», ասաց դեսպան Համլետ Գասպարյանը:

Մինչ այդ, Հայոց մշակութային տան ողջ երկարությամբ, Կարոլ Ա-ի պողոտայի դիմահայաց մասում, պաստառի վրա ցուցադրվում էին Արմին Վեգների և այլոց վավերական լուսանկարները, որոնք պատկերում էին հայերի տեղահանության ժամանակ կրած տառապանքները:

Արարողությունից հետո ռումինահայերը Հայաստանի դրոշներով և ցեղասպանությունը դատապարտող պաստառներով ուղղվեցին դեպի Բուխարեստի Հռոմի հրապարակ, ուր հավաքվածներին և անցորդներին բաժանում էին ցեղասպանության մասին պատմող նյութեր:

Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև հայաբնակ Կոստանցա, Սուչավա, Յաշ, Պիտեշտ, Ֆոկշան, Կլուժ, Գեռլա, Գեորգեն և Դումբրավեն քաղաքներում: Կլուժում հայերին միացան տեղական մտավորականությունը և հրեական համայնքը, ընթերցվեցին բանաստեղծություններ, ներկայացվեց Աննա Ասլանի «Արտույտներ ագարակը» վեպը և դրա հիման վրա Տավիանի եղբայրների ֆիլմը:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններով Ռումինիայի Սենատում հանդես կգան սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, իսկ Պատգամավորների պալատում, պատգամավոր, Ռումինիայի Ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի97-ամյակի կապակցությամբմիջոցառումներ եղել են նաևԴամասկոսում, որտեղի առաջնորդանիստ Սբ.Սարգիս Եկեղեցում մատուցվեց սուրբպատարագ,ապա հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ,որից հետո սգո արարողության մասնակիցներն ուղևորվեցին Դամասկոսի հայոց գերեզմանատուն`ուր գտնվում է Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը:

Հուշահամալիրում Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին Եղեռնի զոհերի հուշարձանին:

Արարողությանը մասնակցեցին բազմաթիվ սիրիահայեր,Հայաստանի քաղաքացիներ,լրագրողներ,հասարակական գործիչներ:

Նույն օրը Սիրիայում ՀՀ դեսպանություն այցելեցին սիրիահայ համայնքի երեք համայնքապետերը,համայնքի կուսակցական և միութենական ղեկավարները,գաղութի ներկայացուցիչները և գրառում կատարեցին ոգեկոչման հուշամատյանում:

Ապրիլի 23-ին Սան Պաուլո նահանգի Օրենսդիր Ժողովի Պաբլո Կոբայաշի նորակառույց նիստերի դահլիճում տեղի ունեցավ լիագումար նիստ` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Նման նիստեր խորհրդարանն իրականացնում է ամեն տարի այն բանից հետո, երբ 1989 թ. օրենք ընդունեց այդ ոճրագործության ճանաչման և դատապարտման վերաբերյալ:

Հայաստանի և Բրազիլիայի պետական դրոշները բարձրացնելուց և պետական օրհներգերը  հնչեցնելուց հետո բացման խոսքով հանդես եկավ նիստի նախագահ, դաշնային պատգամավոր Առնալդո Ֆարիա դե Սան, խոսք վերցրեցին նահանգային երկու պատգամավորներ և միջոցառման գլխավոր բանախոս, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանը:

Ընթերցվեց Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Եղիազարյանի պատասխանը վերջերս բրազիլական մամուլում Ցեղասպանության վերաբերյալ թուրք դեսպան Էրսին Էրսինի պատմական փաստերն աղավաղող ելույթներին: Հայաստանի դեսպանի նամակը կտպագրվի երկրի խոշորագույն «Էստադո դե Սան Պաուլո» պաշտոնաթերթում, կտեղադրվի «Ֆոլյա դե Սան Պաուլո» թերթի կայքէջում:  Դաշնային պատգամավոր Առնալդո Ժարդինի խդրանքով  նամակի տեքստը հանձնվեց նրան` Ազգային Կոնգրեսի Պատգամավորների պալատում այն հնչեցնելու համար, ինչպես նաև Օզասկոյի «Դիարիո դե Ռեժիոն» տարածաշրջանային թերթի տնօրեն Վրեժ Սանազարին:

 Նույն օրը` ապրիլի 24-ին Բրազիլահայ թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Տաթև Ղարիբյանի գլխավորությամբ Սան Պաուլոյի «Սուրբ Գևորգ» Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հոգեհանգստյան հատուկ արարողություն և Սբ. Պատարագ:

Ապրիլի 24-ին Սան Պաուլոյի կենտրոնական կինոդահլիճներից մեկում տեղի ունեցավ բրազիլահայ Կասիանա Տեր Հարությունյանի «Հայկական ռապսոդիաներ» ֆիլմի շնորհանդեսը, որը երիտասարդ լրագրողը նկարահանել է Հայրենիքում: Ֆիլմի մեջ մարդկային անձնական ճակատագրերն ու պատմությունները ներկայացվում են հայերի անցած պատմական դժվարին ճանապարհի խորքապատկերի վրա, ուղեկցվում ազգային երաժշտության լավագույն կտորներով:

Ժապավենը ներկայացվել է մասնակցության միջազգային տարբեր կինոփառատոններին ու մրցույթներին:

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Վաշինգտոնի և շրջակա նահանգների հայ համայնքի կազմակերպությունները ծաղկեպսակներ զետեղեցին հուշարձանի մոտ: Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուրբ Խաչ եկեղեցիների հոգևոր հայրերը Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեցին:

Հարյուրավոր ներկաների առջև ելույթ ունեցավ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նա, մասնավորապես, շեշտեց, որ ցեղասպանության ժխտողականությունն ապագա չունի,ինչպես և վաղեմության ժամկետ, և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունի: Բարձր գնահատելով հիշատակի այս օրը Հայաստանի դեսպանության շուրջ միասնաբար նշելու ավանդույթը` նա ընդգծեց, որ հայրենի պետականության շուրջ ողջ ազգի համախմբվածությունը լավագույն երաշխիքն է համազգային խնդիրների լուծման, այդ թվում` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում