Եվրոպական մի շարք երկրներում հարգել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը

Եվրոպական մի շարք երկրներում հարգել են Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը: Տարբեր միջոցառումներ են կազմակերպվել Չեխիայում, Բելգիայում, Դանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում:

Այդպիսով, ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո խառայությունից, ապրիլի 24-ին Չեխիայի հայ համայնքը Պրահայի կենտրոնում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հանրահավաք-երթ: Այն սկսվել էր Հանրապետության հրապարակից, կենտրոնական փողոցներով ընթացել դեպի Հին Քաղաքի հրապարակ և ամփոփվել Սուրբ Յեղիայի եկեղեցու մոտ: Ցույցն անց է կացվել«Թուրքիա. արյունոտ անցյալ, մեղավոր ներկա»,«Հայոց ցեղասպանություն. պատիժ և հատուցում»,«Թուրքիայի ժխտողականությունը հեռանկար չունի» և այլ կարգախոսների ներքո:

Հանրահավաք-երթին մասնակցել են շուրջ 200 չեխահայեր և չեխ համակիրներ:

Այնուհետև Սուրբ Յեղիայի եկեղեցում սկսվել է Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումը, որին ներկա էին Չեխիայի Պառլամենտի սենատորներ, ԱԳՆ բարձրաստիճան աշխատակիցներ, Պրահայում հավատարմագրված մի շարք պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվանդամներ: Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայ համայնքների հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցել է ժամերգություն և կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հոգեհանգստյան կարգը:Ելույթներ են ունեցել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և«Արմենիա քլաբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը, ընթերցվել են Պրահայի Արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի և Պառլամենտի սենատոր Յարոմիր Շտետինայի ուղերձները: Ձեռնարկի ավարտին Կոմիտասի և Եկմալյանի ստեղծագործություններով հանդես է եկել Պրահայի Կարլով համալսարանի երգչախումբը` դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ:

Ձեռնարկի ավարտից հետո դրա մասնակիցները տեղափոխվել են հարևանությամբ գտնվող Մարիամ և Հրայր Ղարիբյանների GH ցուցասրահը, ուր դեսպանի և հայր Բարսեղ Փիլավչյանի մասնակցությամբ կատարվել է չեխ անվանի նկարիչ Իրժի Նոսեկի հայաստանյան նկարների շարքի՝ ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդեսի բացումը: Արարողությանը ներկա է եղել նկարչի այրին: 

Ապրիլի 24-ին ԲրյուսելիՍուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին: Պատարագին հաջորդեց ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն, որին հաջորդեցինԲելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահ Միշել Մամուրյանի և Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի  ելույթները:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկելԲելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Իզաբել Դյուրանը, Բելգիայի կառավարության ներկայացուցիչներ, Բելգիայի քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ,հրեական և թութսի համայնքների ներկայացուցիչներ,մտավորականներ և լրագրողներ:

Նույն օրը Բելգիայի հայ համայնքը բողոքի ցույց անցկացրեց Բրյուսելում Թուրքիայի դեսպանություն առջև:

Ապրիլի 22-ին Կոպենհագենի Ազգային թանգարանում «Թռչնոց բույն» խորագրով միջոցառումների շարքից մեկնարկեց առաջինը` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Այն կազմակերպել էր «Դան Արմեն» հայ-դանիական ասոցիացիան: 

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ «Դան Արմեն» ասոցիացիայի նախագահ Օլե Մելդգաարդը (Ole Meldgaard), ով նշեց Հայոց ցեղասպանության փաստը և կարևորեց այն ճանաչելու անհրաժեշտությունը` ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:  Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր խոսքում, երախտագիտություն հայտնելով դանիացի միսիոներների կողմից Հայոց Մեծ Եղեռնից փրկված հազարավոր հայ որբ երեխաների և կանանց հանդեպ հոգ տանելու անձնուրաց գործունեության համար, նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն ժամանակի խնդիր է: Ներկաները  մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 

Դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի կողմից Լիբանանում հիմնադված «Թռչնոց բույն» մանկատան մասին «Մայրիկը» վերնագրով իր հիշողությունները ներկայացրեց Արաքսի Կաբաքյան-Պետերսենը:

Միջոցառմանը «Սկանդինավիան եվ Հայոց ցեղասպանությունը» թեմայով դասախոսություն կարդաց պատմաբան, հայտնի ցեղասպանագետ Մաթիաս Բյոռնլուդը (Matthias Bjørnlund):

Տեղի ունեցավ նաև դասական երաժշտության համերգ, որին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Նարեկացու, Հարություն Դելալյանի, Շուբերտի, Պուչինիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան երգչուհի Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիայից) և դաշնակահար Հայկ Մելիքյանը (Երևանից):

Ապրիլի 24-ին Նիդերլանդների Ասեն քաղաքում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որը կազմակերպել էր հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեն:

Արարողությունը սկսվեց Ասենի «Դե Բոսկամպ» գերեզմանատանը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, ծաղկեպսակների տեղադրմամբ և հոգևոր ծեսի կատարմամբ:

Սրահում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը ելույթով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով իր խոսքում անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Նա, մասնավորապես, նշեց. «Մոռացությամբ ու մերժողականությամբ հաջորդող սերունդների համար խոցի են վերածվում ցեղասպանության չամոքված վերքերը և յուրաքանչյուր պահի պոռթկալու վտանգ ներկայացնում: Թուրքական հասարակության մեջ այդ գործընթացն է այսօր ընթանում, մի գործընթաց, որն անգամ աներևակայելի էր տասնհինգ տարի առաջ: Հասարակության ազնիվ մտքերը հարցադրումային պահանջներ են ներկայացնում իրենց իշխանություններին` իրենց պատմության, թաքցված իրականության ու դրդապատճառների մասին: Եվ սա հնարավոր է եղել միայն մեր բոլորի միասնական ու անհողդողդ ջանքերի շնորհիվ` պատմելու աշխարհին մոտ հարյուր տարի առաջ մի ստեղծագործ ժողովրդի հանդեպ ծրագրված ու իրագործված գերագույն հանցագործության, իր բնօրրանից արմատախիլ անելու և բնաջնջելու մասին»:

Արարողությանն ելույթներով հանդես եկան նաև Մաթո Հախվերդյանը` որպես Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, Նուբար Սիփանը և Ինգե Դրոստը` «Ապրիլ 24» կոմիտեի անունից:

«Ժողովրդավարական Թուրքիա» կազմակերպության անունից Հայոց ցեղասպանությունը դատապարտող և ճանաչում պահանջող հայտարարությունն ընթերցեց Հովհաննես Քարաքաշը:

Ոգեկոչման արարողությանը կատարվեցին Մեծ Եղեռնին նվիրված գեղարվեստական գործեր: 

Ապրիլի 24-ին Ստրասբուրգի Հանրապետության հրապարակի «Մեր Զոհեր» հուշարձանի մոտ տեղի ունեցավ հիշատակի և ծաղկեպսակի զետեղման արարողություն` նվիրված Հայոց ցեղասպանության 97-ամյակին:

Միջոցառմանը ներկա ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը, Ստրասբուրգի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը, Ստրասբուրգի առաջին փոխքաղաքապետ Ռոբեր Հերմանը, Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան եկեղեցիների առաջնորդները, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ելույթով միջոցառման մասնակիցներին դիմեց  ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը և «Էլզաս-Հայաստան բարեկամություն» բարեգործական ընկերության նախագահ Պիեր Զուլումյանը:

Հանրապետության հրապարակից երթն այնուհետև շարժվեց դեպի Ստրասբուրգի սբ. Մադլեն եկեղեցի, որտեղ մատուցվեց հոգևոր պատարագ:

Հայոց ցեղասպանության 97-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքն Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում և Բարսելոնայում: Կիրակի օրը Իսպանիայի մայրաքաղաքի Iglesia de las Carmelitas եկեղեցում կատարվեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն, որին հաջորդեց մադրիդահայության ծխական խորհուրդի ուժերով կազմակերպված սգո հանդիսություն:

Նույն օրը Բարսելոնայի Մարե դե Դեու դելս Անխելս եկեղեցում կատարվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն, որը կատարեց Իսպանիայում հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Հոգևոր քարոզով և զորակցության խոսքով ելույթ ունեցավ Բարսելոնայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ հայր Ռաֆայել Մենդես Էլինը: Եկեղեցական հանդիսությանը հետևեց Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Կատալոնիայում ՀՀ պատվո հյուպատոս Խուան Սանմարտինը, Կատալոնիայի ծխական խորհրդի նախագահ Գրիգոր Մաղաքյանը, հայկական մշակութային կազմակերպությունների և ասոցիացիաների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ապրիլի 22-ին Վալենսիայի «Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ վալենսահայությունը համախամբվել էր Միսլատայի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Կենաց խաչ» հուշարձանի մոտ, ուր ծաղիկներ զետեղվեցին, մոմեր վառվեցին և խունկ ծխվեց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ: Ներկա էր նաև Միսլատայի հեռուստատեսությունը, որը տեսանյութը հեռարձակեց ապրիլի 24-ին: «Արարատ» միությունը նաև նախաձեռնել էր ստորագրահավաք` կոչ անելով Վալենսիայի Խորհրդարանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:  Ստորագրահավաքին միացել են ավելի քան 2000 վալենսիացիներ: 

Ապրիլի 24-ին  Իսպանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվեց Մեծ Եղեռնի 97-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություն: Հիշատակման խոսքով հանդես եկավ Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Քահանա Տեր Մասիս Գույումջյանը կատարեց հոգեհանգստի պաշտոն: Տեղի ունեցավ իսպանացի ականավոր գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուռիարանի Հայկական հարցին նվիրված «Ռումբը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Հեղինակը հանդես եկավ շնորհակալական խոսքով, արտահայտեց իր խորին համակրանքը Հայաստանի և հայ ազգի նկատմամբ, վերահաստատեց իր անվերապահ պատրաստակամությունն աջակցելու Հայաստանին` հասնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, համոզմունք հայտնեց, որ համադրված ջանքերով և նպատակասլաց աշխատանքով մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել այդ նպատակին: 

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Ալիկանտե քաղաքի հայությունը և մեծ թվով իսպանացիներ, որոնք հավաքվել էին քաղաքի Պալմերա զբոսայգում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Տեղի ունեցավ սգո արարողություն, տեղադրվեցին ծաղկեպսակներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում