Թերթերն այսօր. Ինչու՞ է իրավիճակը լարվել Աջափնյակում և արդյո՞ք ԸԸՀ-ն կհաստատի Ս.Ալեքսանյանի դեմ Ն.Փաշինյանի դիմումը

Ընտրություններ.

«168 ժամ»-ը գրում է, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին զուգահեռ` հստակ ուրվագծվում է մարդկանց մի խավ, որոնք չեն մասնակցելու ընտրություններին, մայիսի 6-ին ուղղակի չեն գնալու ընտրատեղամաս: Այդ թեմայի շուրջ զրույցներն ամեն օր ավելի ակտիվ են դառնում, ամեն օր ընդգրկում են ավելի մեծ շերտեր: Խոսքն ամենևին հասարակության այն հատվածի մասին չէ, որն ավանդաբար ապաքաղաքական է, մեկուսացած է բոլոր գործընթացներից և առաջնորդվում է` «Ինձանից ոչինչ կախված չէ» սկզբունքով: Ճիշտ հակառակը` խոսքն ամենաակտիվ, հասարակական-քաղաքական խնդիրներով մտահոգ հատվածի մասին է: Այդ մարդկանց հնարավոր չէ պասիվ կամ ամորֆ զանգված համարել: Այդ մարդիկ շատ լավ գիտակցում են ընտրությունների կարևորությունը, ընտրություններին չմասնակցելու անթույլատրելիությունը, սակայն այդ մարդիկ չգիտեն, անկեղծորեն չգիտեն` ո՞ր քաղաքական ուժին ընտրել: Խնդիրն այն է, որ այս ընտրություններին մասնակցող և´ իշխանական, և´ ընդդիմադիր կամ այդպիսին համարվող ուժերը հատկապես նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտեցին, որ քիչ են տարբերվում կամ գրեթե չեն տարբերվում իրարից, և մեկի կամ մյուսի հաղթանակը կամ պարտությունը մեծ հաշվով ոչինչ չի փոխելու: Այսինքն` օր օրի Հայաստանում ձևավորվում է մարդկանց խավ, որոնց համար մայիսի 6-ի ընտրություններն իրականում ներկայանալու են՝ որպես ընտրության բացակայություն:

«Ժողովուրդ»-ը հայտնում է, որ առաջիկայում պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել «Օրինաց երկիր» կուսակցության հերթական թեկնածուն` թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հովհաննես Մարգարյանը: Ըստ թերթի տեղեկությունների` հիմա այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Հանրապետական կուսակցության և ՕԵԿ-ի միջև: «Նշենք, որ ՀՀԿ-ն թիվ 33 ընտրատարածքում առաջադրել է Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը (Բուռնաշ), որը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Աահակյանի աներորդին է: Իսկ թե ՀՀԿ-ին որքանով կհաջողվի համոզել, որ ՕԵԿ ընտրացուցակի 12-րդ համարը հրաժարական տա, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, սակայն, ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը հերքեց այս լուրը` բացառելով նման զարգացումը: Ի դեպ, ՕԵԿ-ում բացառում էին նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի լուրը: Բայց Վարդանյանն արդեն ինքնաբացարկ հայտնել է»,- գրում է թերթը:

«Երկիր» թերթի տեղեկություններով՝ 175 հազար անդամ ունեցող ՕԵԿը, մոտ 400 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տվել է ՀՀԿին: Ավագ եղբորը օգնելու մեխանիզմը շատ հետաքրքիր է իրականացվել: ՕԵԿականները պարզապես չեն հաղթահարել հանձնաժողովի անդամ դառնալու «բարդ» քննությունը և «ծույլիկ» ՕԵԿական աշակերտի փոխարեն հանձնաժողովի նախագահները նշանակել են «գերազանցիկ» ՀՀԿականներին:

Ի՞նչ կրքեր են բորբոքվում տարբեր ընտրատարածքներում.

«Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է Աջափնյակ համայնքի թիվ 6 ընտրատարածքին, որտեղ մեծամասնական ընտրակարգով ի թիվս այլոց փորձում է պատգամավոր դառնալ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը` Ռուբեն Հովսեփյանը, ու նշել, որ այդ ընտրատարածքում իրավիճակը ծայրահեղ լարված է: Նշված ընտրատարածքում առաջադրված ԲՀԿ թեկնածու Վահան Կարապետյանը պատասխանելով թերթի հարցին, թե` «Լուրեր կան, որ ՀՀԿ-ականները զինված են շրջում ձեր շտաբի մոտ, նրանցից մեկն էլ քրեական աշխարհում հայտնի, հանգուցյալ Արմեն Կոնևսկոյի եղբայրն է ` Արտյոմը, ի՞նչ է կատարվում Աջափնյակում», ասել է. «Դե, փորձում են իմ ժողովրդին վախեցնել, բայց իմ ժողովուրդը վախեցող չի, ուզում է` Կոնևսկոյ Արտյոմը լինի, ուզում է` Հռոմի պապը լինի»: «Բայց ի՞նչ են անում, գալիս են ուղղակի այդտեղ, ցուցադրաբար զենքերով շրջում, գնո՞ւմ են»,- թերթի հարցին, Կարապետյանը պատասխանել է. «Աղվան Հովսեփյանի պատվերն են կատարում»: Վահան Կարապետյանը նաև կարծիք է հայտնել, որ հնարավոր է` իրենց ընտրատարածքում մարդասպանություն լինի` նշելով, որ «իրենք տրամադրվել են դրան, ես չգիտեմ»:

«Առավոտ»-ի հարցին` ինչու է հակաքարոզչություն անում թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի դեմ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է. «Ի՞նչ անեմ, իր օգտին էլ քարոզե՞մ»: Ըստ Սամվել Հարությունյանի` Սուրիկ Խաչատրյանն զբաղված է ՀՀԿ-ականների օգտին քարոզով և իր դեմ հակաքարոզչությամբ: Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին Սամվել Հարությունյանին անվանել է «պրոֆեսիոնալ շանտաժիստ»:

«168 ժամ»-ը գրում է, որ Երեւանի թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` ԸԸՀն, ընթացք է տվել ԱԺ պատգամավոր, տվյալ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿական թեկնածու Սամվել Ալեքսանյանի դեմ նույն ընտրատարածքում ՀԱԿ թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումբողոքին:

«Փաշինյանը հանձնաժողովից պահանջում է Ալեքսանյանի թեկնածության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով դիմել դատարան`վկայակոչելով Սամվել Ալեքսանյանի կողմից քարոզարշավի ընթացքում «Ընտրական օրենսգրքով արգելվածգործողություններ կատարելու մասին» իրենց ձեռքի տակ եղած տեղեկությունները:

Դիմումը օրենքով սահմանված կարգով մակագչրված է, հանձնաժողովն ուսումնասիրում է մատնանշված խնդիրները, սահմանված ժամկետում կհրավիրի նիստ եւ որոշում կկայացնի` դատարան դիմելու կամ բողոքը մերժելու մասին»,-  գրում է թերթը:

Զարմանազան.

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բանկային հաշիվներին 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ եղել է 870 հազար դոլար և 35 մլն դրամ: Այսինքն, ինքն էլ չի հետևում Հայաստանում ավանդները ՀՀ դրամով պահելու իր հանրահայտ կոչին:

Բերված տվյալները վերցված են Տիգրան Սարգսյանի կողմից ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրից: Ըստ նույն փաստաթղթի, նա վերջին մեկ տարում ունեցել է 31 մլն 700 հազար դրամի եկամուտ, որից 12 մլն դրամը «Անելիք», իսկ 16 մլն-ը «Յունի», 214 հազարն էլ «Գյուղփոխօգնության» բանկերում ունեցած ավանդների տոկոսավճարներն են: Իբրև ՀՀ վարչապետ` նրա տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլն 340 հազար դրամ: Սարգսյանը Երևանի կենտրոնում ունի 2 բնակարան և մեկ առանձնատուն, մեկ առանձնատուն էլ ունի Կոտայքի մարզի Նուռ-Նուս գյուղում, իսկ Դիլիջանում ունի մոտ 3 հազար ք/մ մակերեսով հող: Տիգրան Սարգսյանի միակ շարժական գույքը 1979 թվականի արտադրության «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենան է: Ըստ հայտարարագրի, նա ութ մլն դրամը գերազանցող արժեքով ոչ մի գույք չունի:

«Հրապարակ»-ը գրում է, որ քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով կարող է գլխավորել կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո: Ըստ որոշ տեղեկությունների, ԲՀԿ-ն դժվար թե համաձայնի կոալիցիա կազմել և ստանձնել մի կառավարության պատասխանատվություն, որը կշարունակի ղեկավարել Տիգրան Սարգսյանը, ում հասցեին այդքան քննադատություն է հնչեցվել: ԲՀԿ-ի կողմից փոխզիջում է համարվում, եթե վարչապետը փոխվի, հնարավոր է համարվում, որ որպես վարչապետի թեկնածու առաջարկվի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Սա ԲՀԿ-ի համար ընդունելի, բայց միջանկյալ քայլ կլինի` մինչև հիմնական թեկնածուի հարցի լուծումը:

Ըստ «Առավոտ»-ի՝ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպման ավարտին լրագրողներին խնդրել է իրենց մի կարճ ժամանակ մենակ թողնել մարզիկների ու մարզիչների հետ`  մասնագիտական որոշ հարցերի շուրջ զրուցելու համար: Եվ մինչ լրագրողները դուրս կգային դահլիճից, ՀԱՕԿ նախագահն ասել է. «Որոշ լրատվամիջոցներ շտապեցին գրել, թե քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանի պիջակի տակից զենք է երևացել: Ես չեմ հրաժարվում: Բայց ուզում եմ իմանաք, որ այդ զենքը ոչ թե մարդկանց, այլ գողերի և բորենիների համար է»:

«Առավոտն» նաև անդրադարձել է ապօրինի ճանապարհներով «շենգեն» վիզաների տրամադրման հարցին ու գրել. «Այս օրերին իրավապահ մարմինների աչքից զարմանալիորեն վրիպել են List.am կայքում տեղադրված մի քանի հայտարարություններ, որոնց հեղինակները, մեղմ ասած, հանցանք են գործում, էլ չենք ասում, որ մեծ գումարներ աշխատելով` մեր երկրից համակարգված արտագաղթ են կազմակերպում:

Կեղծանունների տակ թաքնված որոշ մարդիկ, հազարավոր եվրոների դիմաց, ՀՀ քաղաքացիներին առաջարկում են «շենգեն» վիզաներ: Սակայն եթե մինչ այս «շենգեն» վիզայի գործ անողները մեր երկրում գործող եվրոպական երկրների դեսպանատների միջոցով էին «շենգեն» դասավորում, ապա այժմ միջնորղները խոստանում են այդ վիզաները «սարքել» Ռուսաստանի Դաշնությունում գործող դեսպանատներում: Այսինքն` Հայաստանում բնակվող և իր կյանքի ընթացքում Ռուսաստանի երես չտեսած ՀՀ քաղաքացին կարող է հեշտությամբ վիզա ստանալ, ասենք` Ռուսաստանում Լեհաստանի դեսպանատնից: Հայտարարության տեքստի համաձայն, հայաստանցին վճարելով 4500 եվրո, կստանա եվրոպական իր նախընտրած երկրի մուտքի արտոնագիր»,- գրում է թերթը: 

Թերթի տրամադրության տակ են մի շարք անձանց անձնագրերի պատճեններ, որոնք Հայաստանից ընդմիշտ մեկնել են այս ճանապարհով: Նրանցից որևէ մեկին սահմանապահները, որոնք ազգային անվտանգության աշխատակիցներ են, սահմանի վրա «չեն նեղացրել», հարցուփորձ չեն արել:

«Եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն, ապա հանուն Հայաստանի կայուն զարգացման ռազմավարություն որդեզրած ՀՀ կառավարությունը ընդամենը մի քանի տարի հետո պետք է սկսի ծրագրեր մշակել դատարկ Հայաստանը բնակեցնելու»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում