Աշխարհի տարբեր անկյուններում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը, նաև՝ Ստամբուլում
Նմանատիպ
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել աշխարհի տարբեր քաղաքներում, նաև՝ Ստամբուլում:
ԻՆչպես հաղորդում են ԱԳՆ մամլո ծառայությունից, ապրիլի 24-ին Ստամբուլում միջոցառումներ կազմակերպվեցին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը:
Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի ցեղասպանության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը «Սուլթան Ահմեդ» հրապարակում գտնվող «Իսլամական արվեստի թանգարանի» առջև կազմակերպեց միջոցառում, որի մասնակիցներն ընթերցեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին հասցեագրված ուղերձը:
Նշենք, որ հիշյալթանգարանը 1915 թվականին բանտ էր, ուր աքսորից առաջ պահվել էին հայ մտավորականները:
Ստամբուլի հայկական «Բալըքլը» գերեզմանոցում տեղի ունեցավ հավաք Հրանտ Դինքի գերեզմանի և 1895-1908թթ. հայկական ջարդերի զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Հավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ «Ակոս» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Սարգիս Սերոբյանը:
Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող մեկ այլ հայկական գերեզմանատանը կազմակերպվեց արարողություն 2011թ. ապրիլի 24-ին, երկրի զորամասերից մեկում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըկչըին տուրք մատուցելու նպատակով:
Երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում երրորդ անգամ անընդմեջ, կազմակերպվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիմնական միջոցառումը` նստացույցը, որի մասնակիցների թիվն աննախադեպ էր: Տեղական ԶԼՄ-ների տարբեր տվյալներով միջոցառմանը մասնակցում էին 3-5 հազար մարդ` մտավորականներ, գիտնականներ և արվեստագետներ, լրագրողներ: Ներկայացուցչության տվյալներով մասնակիցների թիվը կազմում էր մոտ երկու հազար: Մասնակիցները պարզել էին պաստառ, որի վրա տարբեր լեզուներով գրված էր` «Այս ցավը բոլորինս է», ինչպես նաև նահատակված հայ մտավորականների դիմանկարները:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Անկարայում:
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչման արարողությունների մեկնարկը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տրվեց ապրիլի 24-ի երեկոյան: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ և հոգեհանգիստ,որը կատարեց Եգիպտահայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Հոգևոր հանդիսությանը հետևեցեկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարինծաղկեպսակի տեղադրման արարողությունը, որին ներկա էին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, դեսպանության աշխատակազմը, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Երեկոյան Հելիոպոլիսի Հուսաբեր հայկական ակումբում տեղի ունեցավ «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ և հոգեհանգստի արարողություն է մատուցվել նաև Ալեքսանդրիայի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում:
Նույն օրը եգիպտական “ON TV Life” արբանյակային հեռուստակայանով Հայոց ցեղասպանության մասին հատուկ հաղորդում է հեռարձակվել` հայտնի հայագետ, ցեղասպանագետ պրոֆ. Մոհամեդ Ռեֆաթ ալ-Իմամի մասնակցությամբ:
Շվեյցարիայում ընթանում են Հայոց ցեղասպանության հիշատակի 97-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ:
Ապրիլի 19-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության, «Ավետիս» մշակութային կազմակերպության և Հայ-շվեյցարական միության կողմից Ժնևի Քալվին սրահում կազմակերպվեց Գյուրջիևի անվան ժողովրդական համույթի համերգը: Համերգը մեկն էր «100 համերգ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին` 1915-2015» նախագծի շրջանակներում աշխարհի տարբեր քաղաքներում կազմակերպվող համերգների շարքում:
Համերգի բացմանը ներկաների համար ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի ուղերձը, որում, մասնավորապես, նշվում էր, որ դարեր ի վեր հայ ժողովուրդը հերոսաբար պայքարել է իր գոյատևման, կյանքի իրավունքի համար: Սակայն հայ ժողովրդի համար գոյատևելը չի նշանակել միայն ապրել, այլև առաջին հերթին արարել, ստեղծել, կառուցել, երազել ու իրականացնել այդ երազանքները` այդ թվում նաև արվեստի ու երաժշտության միջոցով: Ուստի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին նվիրված այս նախագիծը կոչված է հիշեցնել ամբողջ աշխարհին մարդկության դեմ կատարված այս ծանրագույն ոճիրը ճանաչելու, դատապարտելու և կանխարգելելու անհրաժեշտությունը:
Ապրիլի 20-ին Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնում կազմակերպվեց ատենախոսություն և ներկայացվեց Օսմանյան կայսրությունում հայկական բնակավայրերի հիշատակին նվիրված «Հուշամատյան» նախագիծը:
Ապրիլի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ, տեղի ունեցավ հետպատարագի հոգեհանգստի և պսակադրության արարողություն: Քարոզով հանդես եկավ Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու Շվեյցարիայի Թեմի Առաջնորդական տեղապահ վարդապետ Մեսրոպ Պարսամյանը, ընթերցվեց դեսպան Ազնավուրի ուղերձը: Արարողությանը ներկա էին Շվեյցարիայում ՀՀ դեսպանության աշխատակիցները, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և հայ համայնքի բարեկամ բազմաթիվ շվեյցարացիներ:
Հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել և շարունակում են ընթանալ Ցյուրիխում, Նյոշատելում, Աարոյում, Ֆրիբուգում:
Ապրիլի 24-ին Լիտվայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ և «100 համերգ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին» ծրագրի շրջանակներում, Վիլնյուսի Կոնգրես համերգային դահլիճում կազմակերպել էր համերգ` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Միջոցառումը կազմակերպվել էր Լիտվայի Պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Կարեն Դուրգարյանի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանի, դաշնակահար Արմեն Բաբախանյանի և բարիտոն Գևորգ Հակոբյանի մասնակցությամբ:
Համերգի սկզբին իր ելույթում Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, գնահատելով 2005թ. Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, վստահություն հայտնեց, որ պատմական արդարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքներն ի վերջո կգերադասեն քաղաքական նպատակահարմարության, տնտեսական շահերի և ընտրովի հիշողության անցողիկ առաջնայնությունը:
Համերգին հնչեցին Պուսկունիգիսի «Հասմիկ պավանա» և Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունները, Դվարիոնասի «Դալիա», Վերդիի «Օթելլո», Չուխաջյանի «Արշակ Երկրորդ», Տիգրանյանի «Անուշ», օպերաների հատվածները, ինչպես նաև Բաբաջանյանի «Հերոսական բալլադը»:
Երեկոյին ներկա էին Լիտվայի կառավարության անդամներ, Սեյմասի պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, Լիտվայի արվեստի ականավոր գործիչներ, ակադեմիական և լրագրողական շրջանակների, Վիլնյուսում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում