Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի մասին եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ կպատրաստվի
26/04/2012 14:05
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Կառավարության մամլո ծառայությունից:
Ըստ օրակարգի` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը զեկուցել է Աշտարակ-Թալին, Երևան-Արարատ և Երևան-Աշտարակ ճանապարհների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքների իրականացման կապալառուի, ինչպես նաև Ծրագրի կառավարման խորհրդատուի հետ կնքվելիք պայմանագրերի վերաբերյալ: Նա մանրամասներ է ներկայացրել պայմանագրային բանակցությունների ընթացքի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Խորհուրդը հաստատել է վերակառուցման ու բարելավման կապալառուի և Ծրագրի կառավարման խորհրդատուի բանակցված պայմանագրերը, հանձնարարել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը` պայմանագրեր կնքել «Corsan Corviam Construccion S.A.» կազմակերպության և Սաֆեժ (Ֆրանսիա) ու Էպտիսա (Իսպանիա) համատեղ ձեռնարկության հետ և ներկայացնել դրանք ՀՀ կառավարության հաստատմանը:
Հաջորդիվ քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ եռաչափ (3D) մոդելավորմամբ տեսահոլովակի պատրաստման հարցը: Խորհուրդը հանձնարարել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ին պայմանագիր կնքել «Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ` նախնական 60 վայրկյան տևողությամբ տեսահոլովակ նկարահանելու համար, ինչպես նաև ԱԶԲ ընթացակարգերի համաձայն` իրականացնել կազմակերպության ընտրության մրցույթ` 7-10 րոպեանոց եռաչափ մոդելավորմամբ տեսահոլովակ պատրաստելու նպատակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում