Ապրիլի 28-ը՝ Աստղագիտության օր. Բոլոր ցանկացողներին տիեզերքի հրաշալիքները բացահայտելու հնարավորություն կընձեռնվի
Նմանատիպ
Այս տարի Աստղագիտության օրը նշվում է ապրիլի 28-ին: Այն շարժական տոն է և սովորաբար նշվում է ապրիլի կեսերից մինչև մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում և սահմանված է այնպես, որ տեղի է ունենում Լուսնի առաջին քառորդը նախորդող շաբաթ օրը (օրինակ 2011-ին այն մայիսի 7-ին էր):
Ինչպես հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից, այս նախաձեռնությունը սկսվել է 1973թ. Հյուսիսային Կալիֆոռնիայի աստղագիտական ընկերության նախագահ Դագ Բերգերի կողմից, երբ նա բազմաթիվ աստղադիտակներ տեղադրեց հասարակական վայրերում, որպեսզի ցանկացած հետաքրքրվող հնարավորություն ունենար զմայլվել երկնքի գեղեցկությամբ: Ներկայումս այս իրադարձությունն արդեն սատարվում է աստղագիտական մի շարք կազմակերպությունների կողմից:
Աստղագիտության օրը նշվում է ամեն տարի՝ հասարակության և աստղագիտության հետ առնչվող տարբեր մարդկանց և կազմակերպությունների միջև կապն ու շփումներն ամրապնդելու նպատակով: Սովորաբար կազմակերպվում են հասարակական դիտումներ, դասախոսություններ, հանդիպումներ եւ այլն՝ հասարակության մեջ աստղագիտական գիտելիքները եւ հետաքրքրությունները տարածելու համար: Աստղագիտության օրը նաև աստղագիտության շաբաթի մի մասն է, որը սկսվում է դրան նախորդող երկուշաբթի: Կա նաև աստղագիտության աշնանային օր, որն այս տարի կլինի հոկտեմբերի 20-ին:
Հայ սիրող աստղագետները շաբաթ օրը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 20:30-22:30-ը, Կասկադ համալիրի վերևի հարթակում տեղադրելու է մի շարք սիրողական աստղադիտակներ, որոնցով բոլոր ցանկացողները կարող են դիտել մոլորակներ, աստղեր, աստղակույտեր և երկնքի այլ հրաշալիքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում