ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին
Նմանատիպ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- ասաց Աղաջանյանը։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում