Թուրքիան շարունակում է յուրացնել հայկական մշակույթը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոր որոշում ունի
Նմանատիպ
Նոյեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգություն է ճանաչել Թուրքիայի կողմից ներկայացված, քարի վրա այսպես կոչված «Ահլաթ» զարդանախշերի փորագրման մշակույթը։
«Մեր ազգային նոմինացիան՝ «քարի ավանդական Ահլաթ տեղադրումը», ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մտցվել է ոչ նյութական ժառանգության ցանկ», – հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ համապատասխան որոշումն ընդունվել է Մարոկկոյի մայրաքաղաքաց Ռաբատում այս օրերին անցկացվող ոչ նյութական ժառանգության պահպանման միջկառավարական 17-րդ նստաշրջանի ընթացքում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ նշված է, որ այսպես կոչված «Ահլաթը» Թուրքիայի արևելյան շրջանում արդյունաբերվող հրաբխային ծագում ունեցող քարերի վրա արված զարդանախշերի փորագրություն է։ Թուրքական կողմը նշում է, որ «Ահլաթ»-ի փորագրությունը Թուրքիայում հազարամյակների ավանդույթ ունի։
Իսկ ի՞նչ է իրականում այսպես կոչված «Ահլաթը»։ Նախ նշենք, որ Ահլաթ անունը գալիս է հայկական հայտնի Խլաթ քաղաքի անվանումից։ Քաղաքը ներկայումս գտնվում է Թուրքիաի Բիթլիսի նահանգում՝ Վանա լճի արևմտյան հատվածում և կոչվում Ահլաթ։
Թուրքիայի ջանքերով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչված «Ահլաթը» նույն խաչքարն է՝ առանց դրա վրա խաչի փորագրության։ Թուրքերի և քրդերի կողմից ներկայումս դրանք օգտագործվում են որպես տապանաքար կամ հուշաքար։
Հատկանշական է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած որոշման, ինչպես նաև «Ահլաթի» պաշտոնական նկարագրության մեջ ոչ մի բառ չկա այն մասին, որ քարի փորագրման այդ մշակույթը սերել է հայկական խաչքարերի մշակույթից և որ մեկը մյուսի փաստացի շարունակությունն է։ Թուրքիայի իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի հայկականության հետքը շարունակի վերանալ Արևմտյան Հայաստանի տարածքից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում