Մարիա. փրկել Մոսկվան
Նմանատիպ
Երևանում կայացել է «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 81-ամյակին։
Ֆիլմի ռեժիսորը Վերա Ստորոժևան է, սցենարիստը՝ Ելենա Ռայսկայան։ Մոսկվայի ճակատամարտին նվիրված ռազմական դրաման պատմում է կրտսեր լեյտենանտ Մարիա Պետրովայի մասին։ 1941 թվականի դեկտեմբերին նրան հանձնարարվում է պատասխանատու առաքելություն՝ Մոսկվա հասցնել Աստվածամոր հրաշագործ սրբապատկերը: Սբ․ Մատրոնան Իոսիֆ Ստալինին կանխատեսել էր, որ սրբապատկերը կարող է կանխել գերմանացիների առաջիկա հարձակումը։ Կարևոր առաքելությունը իրականացնելիս՝ հերոսուհին անցնում է անհավանական բարդ փորձությունների միջով, կորցնում է իր զինակից ընկերներին, տեսնում սիրելի մարդու մահը, բայց հավատքի ուժով հույսով է լցվում ապագայի հանդեպ։
Դերասանուհի Օլգա Լապշինան, ով մարմնավորել էր Սուրբ Մատրոնային, հանդիսատեսների հետ հարցուպատասխանի ընթացքում նշել է, որ դերն իր համար չափազանց պատասխանատու էր։ «Նկարահանումներից առաջ օրհնություն ստացա Տեր հորից։ Շնորհակալ եմ ռեժիսորին, որ իմ հերոսուհու ինքնությունը գաղտնի պահեց»,- հավելել է Օլգա Լապշինան։
Քննարկման ավարտին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը կարևորեց դերասանների և ստեղծագործական թիմի հսկայական աշխատանքը՝ բարձր գնահատելով նրանց ներդրումը պատմական հիշողության պահպանման և փոխանցման գործում:
«Հատուկ շնորհակալություն ֆիլմի երևանյան ցուցադրության պրոդյուսեր Անաստասիա Շիպուլինային, ում ջանքերով հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ հիշել Հայրենական մեծ պատերազմի տարիներին խորհրդային ժողովրդի հերոսությունը և հպարտություն զգալ հաղթողների սերնդի ժառանգ լինելու համար»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ցուցադրությունը նախաձեռնել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը Մոսկվայի կառավարության, Մոսկվա քաղաքի արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության և Միջազգային խորհրդատվական գործակալության աջակցությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում