ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարվել

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի սկանդալային հեռացմանը հաջորդել է ԵՊԼՀ-ում ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթի հայտարարումը:

Ինչպես հաղորդում է Կրթության և Գիտության պաշտոնական կայքը,մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`

ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,

բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և պրոֆեսորի գիտական կոչում,

գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն  հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

դ) ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել մայիսի 2-ից մինչև հունիսի 1-ը: Մրցույթը տեղի է ունենալու հունիսի 12-ին: Մրցույթը տեղի կունենա  2012 թվականի հունիսի 12-ին, ժամը 1330-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի շենքում:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երկու խիստ նկատողություն էր ներկայացրել Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանին և հաջորդ հրամանով՝ լուծարել աշխատանքային պայմանագիրը: Ս.Զոլյանը նախարարի նկատողությունները և ազատման հրամանը համարում է հակաօրինական: Բուհի ուսանողները օրեր շարունակ պայքարում են՝ պահանջելով հետ վերադարձնել Ս.Զոլյանին ռեկտորի պաշտոնում: ԿԳՆ որոշմամբ, առայժմ ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Գայանե Գասպարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում