Gallup. Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ՀՀԿ-ի օգտին կքվեարկեին հարցվողների 39.2%, իսկ ԲՀԿ-ի՝ 29.9%
Նմանատիպ
«Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, այն հարցին, թե, որ քաղաքական ուժի օգտին կքվեարկեն, հարցվածների 39.2 տոկոսը նշել է, որ կքվեարկեր Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին, 29,9 տոկոսը` ԲՀԿ-ի օգտին, ՀԱԿ-ի օգտին` 12.2 տոկոսը, Ժառանգության օգտին ` 6,3 տոկոսը, ՕԵԿ- ի օգտին ` 6,0 տոկոսը, ՀՅԴ-ի օգտին` 5.3 տոկոսը, Կոմկուսի եւ Դեմկուսի օգտին համապատասխանաբար ` 1,1, եւ 0,1 տոկոսը:»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Gallup International Association» ընկերությունը ներկայացրել է հերթական, «Արմենիա» հեռուստաընկերության կողմից պատվիրված հարցման արդյունքները:
Հայաստանում «Gallup» միջազգային ընկերության ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքական կուսակցություններից առավել հեղինակավորը ՀՀԿ-ն է` 56%, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է` 50 %, իսկ 0,1 տոկոսը քվեարկել է «Միավորված հայեր» կուսակցության օգտին:
«Հարցվածների մեծամասնությունը նոր ձևավորող խորհրդարանից ոչինչ չի սպասում, 33 տոկոսը կարծում է, որ տեղի կունենան որոշակի դրական փոփոխություններ, 8 տոկոսն էլ կարծում է, որ իրավիճակը կվատանա»,- նկատել է Ա.Նավասարդյանը:
Բանախոսը նաև տեղեկացրել է, որ 1080 հարցվածներին տրվել է մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ «Պատրաստավո՞ւմ եք մասնակցել մայիսի 6-ի կայանալիք խորհրդարանական ընտրություններին»: Անպայման մասնակցելու եմ պատասխանը տվել է հարցվողների 76 տոկոսը, հավանաբար մասնակցելու եմ` 14, հաստատապես չեմ մասնակցելու` 6 և դեռ չեմ կողմնորոշվել՝ 5 տոկոսը:
«Ըստ ձեզ՝ ներկա պահին որո՞նք են պետության առջև կանգնած խնդիրները» հարցին մեծամասնությունը (74%) տվել է «գործազրկություն» պատասխանը, տնտեսական վիճակը` 42 տոկոս, գնաճը` 30 տոկոս, արտագաղթ` 23 տոկոս, ցածր թոշակներ` 15 տոկոս, բարձր հարկեր` 13 տոկոս, առողջապահություն` 12 տոկոս և այլն:
«Որքանո՞վ են հետաքրքրված քաղաքականությամբ». Պատասխանները եղել են` շատ են հետաքրքրված` 7 տոկոս, ավելի շատ եմ հետաքրքված` 33 տոկոս, չեմ կարող ասել հետաքրքրված եմ թե ոչ` 15 տոկոս, ավելի շուտ հետաքրքված չեմ` 26 տոկոս, ընդհանրապես հետաքրքված չեմ` 19 տոկոս:
«Ինչպիսի՞ հատկությամբ պետք է օժտված լինի քաղաքական կուսակցության լիդերը» հարցին 46 տոկոսը պատասխանել է` հասկանա մարդկանց խնդրները, 35 տոկոսը` վստահելի լինի, 30 տոկոսը` բոլորից լավ իմանա, թե ինչ է անհրաժեշտ երկրի համար, 18 տոկոսը` լինի պրոֆեսիոնալ և իրազեկ, 16 տոկոսը` ունենա ռազմավարական մտածողություն և հստակ նպատակներ, 16 տոկոսը` հասարակ մարդ ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, 8 տոկոսը` կարողանա ճիշտ և գրագետ խոսել, 5 տոկոսը` ազնիվ և այլն:
Հայաստանում «Gallup international Association» ընկերության ներկայացուցչության հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը ներկայացրել է հարցման մեթոդաբանությունը՝ հայտնելով, որ հետազոտությունն իրականացվել է ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում, հարցվել են պատահական մարդիկ: 1080 հարցվածների տված պատասխաններում առավելագույն սխալը կարող է լինել 3 %-ի չափով:
Իր հերթին Gallup ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան ներկայացրեց Հայաստանում նոր կիրառվող exit poll ծրագիրը. «Հաշվի առնելով այն փաստը, որ այս ծրագիրը Հայաստանում առաջին անգամ է անցկացվում, մի փոքր մտավախություն կա, որ հանրությունը չի վստահի և հաճախ կարող է չլրացնել հարցաթերթիկը: Սակայն հաշվի առնելով, որ հարցումն անանուն է անցկացվելու հուսով ենք, որ մարդիկ անկեղծ կլինեն: Նախատեսում են ամեն տեղամասից 500 լրացված անուն հարցաթերթիկ ստանալ»,- նշել է Մ.Նիկոլովան:
Նշենք, որ Հայաստանում կա 1982 ընտրատեղամաս, սակայն Gallup International Association ընկերությունը խորհրդարանական ընտրությունների օրը exit-poll կիրականացնի 131 ընտրատարածքներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում