Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Նմանատիպ
Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցնել կենսաչափական անձնագրերի տրամադրումը քաղաքացիներին՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորերով փոխարինելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
«Օրինագծների նախապատրաստումը պայմանավորված է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը սահմանելու անհրաժեշտությամբ, ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու համար: Բացի այդ, օրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է և աստիճանաբար՝ ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի և էլեկտրոնային քարտերի՝ նորերով փոխարինումը»,-ասաց Ֆիդանյանը:
Նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանումը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից:
«Բացի այդ ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի՝ նորերով փոխարինումը»,-ասաց փոխոստիկանապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում