Տ.Բալայանը պատասխանել է տարբեր լրատվամիջոցների հարցերին

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցների հարցերը:

«Panarmenian.net» գործակալության այն հարցին, թե անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում բանաձեւեր ընդունվեցին Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ, ինչպիսի՞ն է ԱԳՆ գնահատականը այդ բանաձեւերում տեղ գտած մոտեցումների նկատմամբ, Տ.Բալայանն ասել է.

«Եվրախորհրդարանի բանաձևերին արձագանքել են Հայաստանի խորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք տարբեր ձևաչափերում համագործակցում են Եվրոպական խորհրդարանի հետ: Եվրոպական խորհրդարանը նախկինում էլ Եվրոպական Միության գործադիր մարմիններին խորհրդատվական բնույթի առաջարկութուններ պարունակող բանաձեւեր է ընդունել: 

Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշումը եղել է եւ մնում է նույնը՝ աջակցություն Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Այն բազմիցս արտահայտվել է Եվրոպական Միության Նախագահի, արտաքին և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցչի և կազմակերպության այլ ղեկավար ներկայացուցիչների կողմից: Այդ դիրքորոշումը համահունչ է Հայաստանի մոտեցումներին»:

ԱԳՆ մամլո խոսնակը նաև մեկնաբանել է «Panorama.am»-ի այն հարցը, թե որոշ գործիչներ մերթընդմերթ պնդում են, որ Հայաստանի ԱԳՆ-ն այս կամ այն հարցում համապատասխան քայլեր չի ձեռնարկում կամ «գոնե դիվանագիտական նոտա չի ուղարկում»՝ այդ եզրակացությանը գալով այն հիման վրա, որ դրանց մասին չի հրապարակվում թերթերում: 

«Դիվագիտական դեմարշների եւ նոտաների մեծ մասնագետներին ավելորդ չի լինի տեղեկացնել, որ դիվանագիտական պրակտիկայում հայտագրերը որպես կանոն չեն հրապարակվում, եւ դրանք լուսաբանվում են, եթե դա արվում է միայն ակնկալվող համապատասխան արդյունքի բացակայության պարագայում: 

Նոտաների մասնագետներին, թերեւս հետաքրքրիր կլինի իմանալ, որ միայն ապրիլ ամսին ԱԳՆ-ից տարբեր հասցեատերերի ուղարկվել է առավել քան 300 հայտագիր»,- մասնավորապես նշել է Տ.Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում