ԵԱՀԿ ՄԽ. «Համանախագահները խստորեն դատապարտում են որևէ կյանքի կորուստը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման և զոհերի առնչությամբ, հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Ժակ Ֆորը (Ֆրանսիա) խոր մտահոգություններ ունեն՝ հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, ինչի արդյունքում զոհեր ու կորուստներ են լինում: Նման անմիտ գործողությունները խախտում են կողմերի՝ ուժ գործադրումից զերծ մնալու և ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորելու ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև հակասում են 2012 թ-ի հունվարի 23-ին նախագահներ Սարգսյանի, Մեդվեդևի և Ալիևի ընդունած համատեղ հայտարարության ոգուն:

Համանախագահները խստորեն դատապարտում են որևէ կյանքի կորուստը և վերահաստատում, որ խաղաղ բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորմանն այլընտրանք գոյություն չունի: Համանախագահները կոչ են անում հետևել 1994 թ-ին հաստատված հրադադարի ռեժիմին՝ խուսափելով պատասխան քայլերից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում