Ֆիզիկական անձանց եկամուտները կհայտարարագրվեն
Նմանատիպ
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանում ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ. այն ամբողջությամբ կներդրվի 3 տարվա ընթացքում:
Նախագծով առաջարկվում է համակարգի ներդրումն իրականացնել սկսած 2023 թվականից: Հարկային առաջին տարին, որի համար կներկայացվեն հայտարարագրեր, կլինի 2024 թվականը:
Առաջին փուլի շրջանակում ընդգրկված են հետևյալ անձինք՝ Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիներ, նոտարները՝ անձնական եկամուտների մասով:
Հաջորդ ենթախումբը ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապված ֆիզիկական անձինք են՝ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիներ, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների բաժնետերեր են, նաև ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 մլն դրամ կամ ավել փոխառություններ՝ նշված առևտրային կազմակերպություններից:
2024 թվականից նախատեսվում է այդ շրջանակն ընդլայնել աշխատանքային պայմանագրերով աշխատանք կատարողներով, նաև քաղաքացիական պայմանագրերի հիման վրա ծառայություններ մատուցող և աշխատանքներ կատարող ռեզիդենտ քաղաքացիներով: Իսկ 2025-ին առաջարկվում է համակարգում ընդգրկել նաև մնացած ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
Հայտարարագրի նախագիծը պատրաստվելու է հարկային մարմնի կողմից՝ այդ պահին հարկային մարմնին հայտնի տեղեկության հիման վրա: Եթե հայտարարագրում լրացումներ կատարելու անհրաժեշտություն չլինի, քաղաքացուն պարզապես մնում է հաստատել հայտարարագիրը, և այն կհամարվի սահմանված կարգով հարկային մարմին ներկայացված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում