«Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույց». Նոր ձեռնարկ է լույս տեսել

«Քաղաքական գիտության Հայաստանյան ասոցիացիան»` Հայաստանում ԱՄՆ շրջանավարտների հետ համագործակցության շրջանակներում թողարկել է «Քաղաքագետների մասնագիտական էթիկայի ուղեցույցը» ձեռնարկը:

Այսօր կայացել է ուղեցույցի շնորհանդեսը, որի ժամանակ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Քոթանջյանը հայտնել է, որ ձեռնարկի ստեղծմանը նպաստել է  փորձագետների մեծ խմբի աշխատանքը, մի շարք քննարկումներ են եղել քաղաքագետների լայն շրջանակներում:

Ուղեցույցի բովանդակության մասին խոսել է ձեռնարկի համահեղինակ, «Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի» գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանը. «Ձեռնարկը կազմված է չորս մասից: Ուղեցույցի հիմքում դրված են քաղաքական գիտությունների ոլորտում կատարվող դասավանդման և հետազոտությունների ժամանակ կոմպետենտության, ազնվության, ակադեմիական ազատության և անկախության, թափանցիկության, մասնագիտական պատասխանատվության և հանդուրժողականության սկզբունքները: Նախագծի մշակման ժամանակ հաշվի է առնվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի նմանատիպ կազմակերպությունների համապատասխան փորձը: Այն հնարավորություն է տալիս տվյալ ոլորտի ներկայացուցիչներին սահմանելու իրենց մասնագիտական ազատությունները և իրավունքները, իսկ անհրաժեշտության դեպքում նաև կոլեկտիվ կերպով պաշտպանելու իրենց իրավունքները»:

Բ.Պողոսյանը նաև նշել է, որ մասնագիտական էթիկայի ուղեցույցի մշակումը բնորոշ է շատ ոլորտների և ոչ միայն տվյալ ոլորտի պրոֆեսիոնալիզմի ցուցանիշն է, այլ նաև` զարգացման կարևոր խթան: 

12 էջանոց ուղեցույցի հրատարակությունը ֆինանսավորվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհի միջոցով: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում