Քաջարանի կոմբինատի շուրջ

Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանի կարծիքով` Քաջարանի հանքավայրը մեր արդյունաբերությանը զարկ տվող ամենամեծ խթանիչն է, սակայն հաշվի առնելով, թե որքան վնաս է հասցվում բնությանը, մարդկանց առողջությանը, անհրաժեշտ են ձեռք առնել մի շարք միջոցներ` այդ խնդիրներից խուսափելու համար:

Քաջարանի մոլիբդենի հանքավայրը շահագործվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կղմից: Դրա շնորհիվ, ինչպես նշեց պրն. Վերմիշյանը, ապահովում են բազմահազարանոց աշխատատեղեր, պետական բյուջե են մտնում խոշոր հարկեր. ‹‹ Կոմբինատը մի քանի տարի շարունակ եղել է ամենամեծ հարկատուն, սակայն այստեղ երբամն հաշվի չեն առնվել տարրական բնապահպանական և առողջապահական նորմերը››:

Բնապահպանի պնդմամբ` ներկայումս Քաջարանում բնակվող մարդիկ առողջական լուրջ խնդիրներ ունեն, որն ուղղակիորեն կապված է հանքարդյունաբերության լայն ծավալների հետ:

Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանի պնդմամբ`այլ եվրոպական երկրներում ապրող բանվորը նման աշխատավարձի դիմաց վարձատրվում է 6-7 հազար եվրո, իսկ մեր բանվորը` 300-400` մոտ 150 հազար դրամ աշխատավարձ, որն անգամ հացի փող չէ, եթե ընտանիքում մեկ հոգի է աշխատում:

Կոմբինատից տեղեկացանք, որ ամենաքիչ աշխատավարձը ստանում են հավաքարարները` մոտ 55 հազար դրամ, իսկ աշխատողների միջին աշխատավարձը կազմում է 287 հազար դրամ: Տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հավաստմամբ` անցած տարի իրականացրել են մի շարք սոցիալական ծրագրեր, 31.1 մլրդ դրամ փոխանցել են պետբյուջեին, գումարներ են հատկացրել զորամասերի, Մատենադարանին, Երևանի քաղաքապետարանին, ինչպես նաև` կրթական, մշակութային միջոցառումների իրականացման համար: Կոմբինատը քայլեր է ձեռք առել` զբաղվելու նաև աշխատողների առողջական խնդիրներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում