Ուզբեկստանը մերժում է Պուտինին

Ուզբեկստանը մերժում է Պուտինին

Ուզբեկստանի իշխանությունները մերժել են Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազային միություն ստեղծելու մասին Պուտինի՝ օրեր առաջ արված առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Ուզբեկստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Ժորաբեկ Միրզամախմուդովն ասել է, որ եթե նույնիսկ ռուսական կողմի հետ գազային պայմանագիր կնքվի, «դա չի նշանակում դաշինք»։ Նա պարզաբանել է, որ Մոսկվան ու Տաշքենդը բանակցում էին Ղազախստանի տարածքով ռուսական գազի մատակարարման շուրջ, սակայն դա ընդամենը «տեխնիկական պայմանագիր» է։

«Այլ երկրներից գազ ներմուծելիս մենք նրանց հետ համագործակցում ենք միայն կոմերցիոն պայմանագրերի հիման վրա։ Մենք երբեք չենք համաձայնի քաղաքական պայմանների գազի դիմաց»,-ասել է Միրզամախմուդովը։

Հիշեցնենք, նոյեմբերի 28-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ղազախստանի իր գործընկերոջը Ռուսաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի միջև «գազային եռամիություն» ստեղծել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո պաշտոնական առաջին այցով Մոսկվա էր մեկնել, Պուտինի հետ հանդիպումից հետո ասել է, որ հավանություն է տալիս գաղափարին՝ ավելացնելով, որ այդ նախաձեռնության իրականացումը կպահանջի նոր քննարկումներ և նույնիսկ բանակցություններ: ՌԴ նախագահ Վ. Պուտինը, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստվում է հարցը քննարկել նաև Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում