Ընտրացուցակներից հանվել է ևս 3278 մահացած մարդկանց անուններ

2012 թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել  և մշակվել  է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն:

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամլո ծառայությունից, ստուգման արդյունքում՝ մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել:

34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել: Ստուգման փուլում է գտնվում 99-ը: 752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում: Ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ: 

Բոլոր ահազանգերը պատշաճ կերպով ստուգվել են, հայտնաբերված անճշտությունները շտկվել են, իսկ խորհրդատվական հարցերին տրվել են սպառիչ պարզաբանումներ:

«Չկա մի դեպք, երբ համապատասխան ատյաններից մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստացված լինեն և ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրից նրանց տվյալները հանած չլինի»,- հիշեցնում են ոստիկանությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում