«Ժառանգության» նախընտրական շտաբը դատապարտել է Մաշտոցի պուրակի բախումը ոստիկանության և ակտիվիստների միջև
Նմանատիպ
«Ժառանգության» նախընտրական շտաբը դատապարտել է ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ իրագործված բռնությունը: Այդ կապակցությամբ կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Ապրիլի 29-ին, բնապահպանական խնդիրներով մտահոգ մի խումբ քաղաքացիներ շուրջօրյա նստացույց հայտարարելու նպատակով փորձել են վրան տեղադրել Մաշտոցի պուրակում, ինչին ոստիկանությունը արձագանքել է անհամաչափ ուժ կիրառելով նրանց հանդեպ:
Ինչպես հստակ երեւում է միջադեպի տեսաձայնագրությունից ` ոստիկանները, այդ թվում՝ պարետապահակային ծառայության հատուկ գունդը (կարմիր բերետավորներ), առանց նախազգուշացման, առանց որեւէ պահանջ ներկայացնելու եւ առանց օրենքով սահմանված այլ ընթացակարգերի պահպանման ուժ են կիրառել խաղաղ գործողություն իրականացնող քաղաքացիների հանդեպ և առգրավել նրանց տեղադրած վրանները: Մեր ունեցած տեղեկություններով ոստիկանության կիրառած բռնությունների հետևանքով տասից ավելի ակտիվիստներ մարմնական տարբեր չափի վնասվածքներով դիմել են պուրակին հարակից՝ Մարգարյան հիվանդանոց՝ հետազոտության և բուժօգնության համար:
Քաղաքացիներից մի քանիսը նաեւ բերման են ենթարկվել ՀՀ Ոստիկանության Կենտրոն բաժանմունք, սակայն քիչ անց ազատ են արձակվել:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը դատապարտում է ոստիկանության կողմից քաղաքացիների հանդեպ կիրառված բռնի գործողությունները ու այլ ապօրինությունները եւ պահանջում, որպեսզի կատարվածի համար պատասխանատուները պատժվեն օրենքիամբողջ խստությամբ»:
Նշենք, որ երեկ Մաշտոցի պուրակում կրկին լարված իրադրություն էր: Ակտիվիստները փորձել են վրան տեղադրել այգու տարածքում՝ մշտական նստացույց իրականացնելու նպատակով: Ոստիկանները միջամտել են այդ գործընթացին, տեղի է ունեցել բախում: Ակտիվիստների անձնազոհ դիմակայման արդյունքում ցուցարարները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ոստիկանները 7 հոգու ձերբակալել էին, սակայն մի քանի ժամ անց ազատ էին արձակել: Առավել ծանր վնասվածք ստացողներին նաև հոսպիտալացրել են:
Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ մի խումբ երիտասարդ ակտիվիստներ և բնապահպաններ տարբեր միջոցներով պայքարում են Մաշտոցի պուրակում ապօրինի տեղակայված կրպակների անհապաղ ապամոնտաժման համար: Կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ներկայացվել են հայտեր ոստիկանությանը Քաղաքապետարանին և այլ պետական իսնտանցիաներ: Նույնիսկ գումարվել է հանրային դատ, որտեղ ակտիվիստները որոշել էին սեփական ուժերով ապամոնտաժել կրպակները: Արդյունքում կազմվել են ապամոնտաժող բրիգադներ, որոնք, սակայն, դեռևս մեծ հաջողության չեն հասել: Լարվածությունը այգում պարբերաբար նվազում կամ ուժգնանում է՝ կախված ակտիվիստների կազմակերպած հերթական ակցիայից:
Քաղաքապետարանն այս հարցի շուրջ ներկայացրել է իր պաշտոնական դիրքորոշումը՝ նշելով, որ վերոնշյալ կրպակները տեղադրվել են ժամանակավոր և մինչև երեք տարի ժամկոտով, իսկ այնուհետև կյանքի է կոչվելու «Հին Երևան» նախագիծը, որի շրջանակներում այգին բարեկարգվելու է: