Ադրբեջանը երեք հայ ռազմագերիներին փոխանցել է երրորդ երկի՞ր

Այսօր մամուլում չճշտված տեղեկատվություն էր տարածվել, թե Ադրբեջանը երրորդ երկրի է փոխանցել երեք հայ ռազմագերիների:

Հարցի առնչությամբ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Panorama.am»-ի հետ զրույցում ասել է, որ տիրապետում է նախնական տեղեկություններին, սակայն պաշտոնական տեղեկատվություն հայկական կողմը դեռևս չի ստացել:

«Նման նախնական տեղեկատվության տիրապետում ենք, սակայն պաշտոնական որևէ տեղեկատվության դեռ չկա: Մեխանիզմն այսպիսին է. Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես տեղեկացնում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, վերջինս էլ իր հերթին պաշտոնական նամակով տեղյակ է պահում ՀՀ իշխանություններին: Նման նամակ առայժմ չենք ստացել»,- նշել է Ա.Կապրիելյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում այժմ գտնվում են երեք հայ ռազմագերիներ` Օհան Հարությունյանը, Գևորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը և 5 անձից բաղկացած մեկ ընտանիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում