Արցախի հանքերը, ադրբեջանցի «բնապահպաններն» ու Մեծ Բրիտանիայի շահերը

Արցախի հանքերը, ադրբեջանցի «բնապահպաններն» ու Մեծ Բրիտանիայի շահերը

2022թ. հուլիսի 5-ին Ադրբեջանի կառավարությունը նոր պայմանագիր է ստորագրել անգլիական Anglo Asian Mining ընկերության հետ, ըստ որի վերջիններս հնարավորություն է ստացել «Ադրբեջանի տարածքում» շահագործել 882 ք/կմ ընդհանուր տարածք ունեցող ևս երեք հանքավայր։ Այս առիթով բրիտանական ընկերության պաշտոնական կայքում գրված է, որ սա մեծ հնարավորություն է Anglo Asian Mining-ի համար, քանի որ այդկերպ նրանք կարող են դառնալ միջին մեծության հանքարդյունաբերական ընկերություն։ Ավելին, կայքում նշված է, որ ընկերության ներկայացուցիչները շուտով կսկսեն նոր հանքավայրերի պաշարների հետախուզումը, կկնքվեն կոնցեսիոն պայմանագրեր և կանցնեն ոսկու, պղնձի, կապարի արդյունաբերությանը։

Այն, ինչ Ադրբեջանի և Anglo Asian Mining ընկերության փաստաթղթերում Դեմիրլի է կոչվում, իրականում Արցախի Հանրապետության Դրմբոն-Կաշեն բնակավայրերի ոսկու հանքն է։ Հենց այս հանքն է Ադրբեջանի կառավարությունը հանձնել անգլիական ընկերությանը և հենց այս գործարքը կյանքի կոչելու համար է, որ Ադրբեջանի Էկոնոմիկայի ու Բնապահպանության և բնական պաշարների նախարարության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթ է փորձում են ներթափանցել Կաշենի հանքավայր։

Ադրբեջանի իշխանությունների ու անգլիական հանքարդյունաբերական ընկերության միջև կայացել է գործարք և հիմա ադրբեջանական կողմը փորձում է ապահովել այդ գործարքի իրագործումը։ Սակայն այս պատմության մեջ Anglo Asian Mining-ը ընդամենը գործիք է։ Պարզվում է՝ Արցախի հանքերն անգլիացիների կողմից շահագործելու մասին մտքերն առաջացել են ոչ ավել, ոչ պակաս, քան 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում։

Ինչպես տեղեկացնում է openDemocracy-ն Ադրբեջանում Անգլիայի դեսպան Ջեյմս Շարփը դեռևս պատերազմի օրերին է հանդիպել Anglo Asian Mining ընկերության ներկայացուցիչների հետ, որից հետո վերջիններս դեսպանին էլեկտրոնային մեյլով տեղեկություններ են փոխանցել Արցախում առկա օգտակար հանածոների պաշարների մասին։ Հետագայում հանքարդյունաբերական ընկերությունը լրացուցիչ տեղեկություններ է ուղարկել Շարփին՝ նամակների ընդհանուր «Anglo Asian և հնարավորությունների երկիրը» խորագրի ներքո։ 

Անգլիայի իշխանություններն այս գործարքի համար բազում քննադատությունների են ենթարկվել տարբեր իրավապաշտպանների և լրագրողների կողմից։ Վերջիններս մատնանշում են ոչ միայն Ադրբեջանի ոչ ժողովրդավար լինելու փաստը, այլև այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիները բազում ռազմական հանցագործություններ են գործել։ Նրանք պահանջում են, որպեսզի Մեծ Բրիտանիայի իշխանությունները չդավաճանեն արևմտյան արժեքներին և դադարեցնեն համագործակցությունն Ադրբեջանի հետ։ Սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին ամիսների և հատկապես՝ անցած շաբաթվա զարգացումները, Մեծ Բրիտանիան և նրա աջակցությունը վայելող ընկերությունները, շարունակում են առաջնորդվել միանգամայն այլ շահերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում