Վ.Հովհաննիսյանը չի հավատում նախընտրական հարցումների ճշգրտությանը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է իր տպավորություններով նախընտրական զարգացումների մասին:

Խոսելով քարոզարշավից՝ Վ. Հովհաննիսյանն ասել է, որ թեև որոշ ուժերի միջև լարվածություն ստեղծելու փորձեր արվեցին, սակայն ընդհանուր առմամբ իրավիճակը լավ է.

«Առ այս պահը, ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզարշավի ընթացքը նորմալ է: Ճիշտ է, բոլոր կուսակցություններն ասում են, թե իրենց ծրագիրն ամենալավն է, բայց ընտրողներին մնում է որոշում կայացնել և տեսնել, թե ում ծրագիրն են կողքից գովում: Իսկ ադպիսի ծրագիր կա, դա մերն է»,- նկատել է ՀՅԴ ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ իրենց ծրագրի մասին դրական են արտահայտվել նաև մարդիկ, ովքեր իրենց կուսակցությանն այդքան էլ չեն համակրում:

Վ.Հովհաննիսյանը նաև շեշտել է, որ կարող է ստորագրել իրենց ծրագրի յուրաքանչյուր կետի. «Վստահ եմ, որ այդ ամենը հնարավոր է»,- ասել է բանախոսը՝ կասկածողներին կոչ անելով ոչ թե հանրահավաքների ժամանակ այդ մասին բարձրաձայնել, այլ գնալ  իր հետ բանավիճել՝ պարզելու, թե ով է ճիշտ: «Եթե չեն գալիս, ապա նրանք արհամարհում են ընտրողին»,- իր վրդովմունքն է հայտնել Վ. Հովհաննաիսյանը՝ ևս մեկ անգամ հրապարակային բանավեճի հրավիրելով բոլոր կուսակցությունների առաջնորդներին:

ՀՅԴ ներկայացուցիչը նաև ասել է, որ թերահավատորեն է մոտենում նախընտրական սոցհարցումներին՝մեջբերելով մի անեկդոտ. «Սոցհարցումներ անցկացնելիս փողոցում մեկին հարցնում են, ո՞ւմ ես ընտրելու, պատասխանում է՝ ՀՀԿ-ին: Ասում ա՝ լավ, չես ուզում ճիշտն ասես՝ մի ասա»:

Վ.Հովհաննիսյանի համոզմամբ՝ սոցհարցումների պատվիրատուներն իրենք էլ այդ թվերին չեն հավատում, քանի որ մարդիկ զգուշանում են հարցերին ճիշտ պատասխանել. «Մարդիկ զգուշանում են, ճիշտը չեն պատասխանում: Եթե զանգել են ձեզ ու հարցում են անցկացնում, ուրեմն ձեր հասցեն գիտեն և տեղյակ են՝ ով եք դուք: Իսկ դա նշանակում է, որ այդ հարցումն անանուն չէ»: 

Իր համոզմունքը բանախոսն ամրապնդեց՝ նաև հիշեցնելով, որ նախորդ ընտրությունների ժամանակ նմանատիպ հարցումներնը ՀՅԴ-ի համար կանխատեսում էին ձայների 3-4%-ը, մինչդեռ իրականում իրենք ստացան շուրջ 17%:

«Հայաստան են հրավիրվում ոչ այդքան «մաքուր գրասենյակներ», որոնք աշխատում են պատվերով և ճիշտ արդյունքներ չեն ներկայացնում»,- կարծում է Վ.Հովհաննիսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում