Euronews-ն անդրադարձել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին

Euronews-ն անդրադարձել է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվել են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ ջազային գործիքավորմամբ։ Մենակատար՝ դաշնակահար Վահագն Հայրապետյան։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ջազային մշակումները կատարել են Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Մարտին Ուլիխանյանը և Անդրանիկ Բերբերյանը։

Նշենք, որ Խաչատրյանի 10-րդ միջազգային փառատոնին անդրադարձել է Euronews-ը։ Հեղինակավոր լրատվամիջոցը գրել է փառատոնի ստեղծման պատմության, նպատակների, փառատոնի շրջանակում ելույթ ունեցած արտիստների և առաջիկա համերգների մասին։ Euronews.com-ի «Culture» բաժինն առցանց հեռարձակել է նաև «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը։ Առաջիկա օրերին՝ դեկտեմբերի 15-ին, 17-ին և 20-ին, կհեռարձակվեն նաև խաչատրյանական փառատոնի մյուս համերգները։

Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Փառատոնի գլխավոր հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը, հովանավորը՝ Երևանի կոնյակի գործարանը։

Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում