Խելացի ենթակառուցվածքը խելացի երկիր ստեղծելու նախապայման է
Նմանատիպ
Silicon Mountains 2022 տարեվերջյան միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովի շրջանակներում կազմակերպած՝ «Խելացի ենթակառուցվածք» պանելային քննարկումը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին:
Պանելային քննարկմանը մասնակցում էին «Ucom»-ի, Վիվա-ՄՏՍ-ի, «Ռոստելեկոմ Հայաստան»-ի ու Redinet-ի գլխավոր տնօրենները, ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանն ու ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը:
Խելացի ենթակառուցվածքը խելացի երկիր ստեղծելու նախապայման է: Տեղեկատվական ու հեռահաղորդակցային ոլորտի ընկերություններն առանցքային դեր ունեն խելացի ենթակառուցվածքի ստեղծման, կայացման և սպասարկման գործում:
Խելացի ենթակառուցվածքներն ուղղված են պետության և հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրները լուծմանը՝ տեղակատվական և տեխնոլոգիական լուծումների և գործիքակազմի կիրառմամբ: Երթևեկություն, ջրամատակարարում, քաղաքի զարգացման պլանավորում, արտադրական գործընթացներ, հանրային տրասպորտ, արտանետումներ, աղտոտվածություն, թվայնացում, էլեկտրոնային կառավարում, կայուն շրջակա միջավայր, բնական ռեսուրսների շահագործում, հանրային ծառայություններ, առողջապահություն, հանրային անվտանգություն, կրթություն. սրանք ընդամենը մի քանիսն են այն ոլորտներից, որտեղ պահանջվում է խելացի ենթակառուցվածքի ներդրում, ինչը կարևոր է կյանքի որակի բարելավման, բնակավայրն ու երկիրը մարդկանց ու տնտեսական ներդրումների համար գրավիչ դարձնելու ու տնտեսական աճ ապահովելու համար: Խելացի ենթակառուցվածի հիմքում մարդկային ու սոցիալական կապիտալի և տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների արդյունավետ փոխկապակցումն է, ինչը թույլ կտա ապահովել կայուն զարգացում և կյանքի որակի բարելավում:
«Միավորված ազգերի կազմակերպությունը կանխատեսում է, որ մինչև 2050թ. աշխարհի բնակչության 70%-ն ապրելու է քաղաքներում, ուրբանիզացիան ամբողջ աշխարհի քաղաքների բնակչությանը կավելացնի ևս 2,5 միլիարդ մարդ, ինչն անխուսափելիորեն ստիպում է մտածել սակավ ռեսուրսների առավել արդյունավետ ու խելացի օգտագործման մասին։ Հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների ենթակառուցվածքների արդիականացմանը զուգահեռ կավելանան ոչ միայն զանգվածային շուկայում կիրառելի IoT լուծումները, այլև քաղաքային իշխանությունների կողմից պահանջ կձևավորվի աջակցել ընդլայնվող քաղաքների խելացի, արդյունավետ, տվյալների վերլուծության վրա հիմնված կառավարմանը։ Սա, անշուշտ, լուրջ ներդրումներ է պահանջելու ոչ միայն օպերատորների, այլև տնտեսության հենասյունը հանդիսացող բազմաթիվ այլ սուբյեկտների կողմից», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
«Որպես ՄՏՍ-ի դուստր ձեռնարկություն, Վիվա-ՄՏՍ-ին հասանելի են այն փորձառությունն ու տեխնոլոգիական կարողություններ, որոնք թույլ են տալիս ներդնել խելացի լուծումներ և իրականացնել անհրաժեշտ գործառույթներ՝ ենթակառուցվածքն ու ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու համար, ներառյալ՝ իրական ժամանակի մեջ տվյալների հավաքագրումը, վերլուծությունն ու գործընթացների կատարելագործումը: Մենք արդեն իսկ աշխատում ենք պետության ու համայնքային հաստատությունների հետ՝ տեխնոլոգիական խելացի լուծումների ներդրման ուղղությամբ, – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Պանելային քննարկմանը մասնակցել են ԶԼՄ ներկայացուցիչներ, բիզնես վերլուծաբաններ, փորձագետներ և խելացի ենթակառուցվածքների ներդրմամբ հետաքրքրված՝ տնտեսության այլ ոլորտների ներկայացուցիչներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում