Նախօրեի երեկոյան մի շարք երկրներ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին հայտարարություններով են հանդես եկել։ Այսպես ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքներ ունի և հետ է մղում խաղաղության գործընթացը։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը։ Առաջ գնալու ճանապարհը բանակցությունների միջոցով է», – Թվիթերում գրել է Փրայսը։
Հայտարարություն է տարածել նաև ԵՄ մամուլի ծառայությունը։ «ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ։
Լաչինի միջանցքով «առանց որևէ պայմանի Լեռնային Ղարաբաղը մատակարարելու» կոչով է հանդես եկել նաև Ֆրանսիյի ԱԳՆ-ն։ Իսկ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինն անձամբ է ներգրավվել իրավիճակը կարգավորելուն ուղղված գործընթացին՝ հեռախոսազրույց ունենալով Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։
Սակայն Ադրբեջանը շարունակում է չլսել միջազգային հանրության մտահոգությունները և էլ ավելի ակտիվացնել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված իր քայլերը։ Հիշեցնենք, որ այսօր արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանցի սադրիչները Շուշիի հատվածում փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս միջանցքը՝ հընթացս ծաղրելով և սադրելով այնտեղ ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահներին։