Մամուլն այսօր. Կխոսի՞ արդյոք Ռ.Քոչարյանն ընտրություններից առաջ և արդյո՞ք երկիրը ժողովրդագրական աղետի շեմին է
Նմանատիպ
Ընտրություններ.
«Երկիր»-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ, պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ը երեկ Արագածոտնի և Շիրակի մարզերում էր. սրանք ՀԱԿ-ի վերջին մարզային հանդիպումներն էին: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ դարձյալ չի ուղեկցել ՀԱԿ-ին: Մանուկյանը վստահեցրել է, որ Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է, ճնշման տատանման հետ խնդիրներ այլևս չկան, նա հանգստանում է:
Հարցին եթե նրա առողջական վիճակը լավ է, ինչո՞ւ չի մասնակցում քարոզարշավին, Մանուկյանը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը կմասնակցի ՀԱԿ-ի` մայիսի 3-ի մեծ հանրահավաքին:
ՀՀՇ վարչության նախագահը նշել է նաև, որ այսօր ՀԱԿ-ը նախընտրական հանդիպում կամ այլ միջոցառում չի անցկացնի:
«Հայկական ժամանակը» գրել է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մոտ երեք ամիս առաջ լրատվամիջոցներին հայտնել էր, որ Քոչարյանը կխոսի մինչև ընտրություններ: Ավելին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Քոչարյանն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է անելու մայիսի 6-ից երկու շաբաթ առաջ: Թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը փոշմանել, հայտնի չէ: Նրա գրասենյակի ղեկավարն անհասանելի է:
Ամեն դեպքում, ընտրություններին չորս օր է մնացել, և դժվար թե այդ ընթացքում նա խոսի, չնայած` զուտ տեսականորեն չի բացառվում: Դիտորդների գնահատմամբ, եթե մինչև քարոզարշավի ավարտը Քոչարյանը որևէ կերպ չինքնադրսևորվի, դա կրող է նշանակել, որ նա դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից»:
«Ես գնում՝ նարդի եմ խաղում, բայց ոչ մի բանի վրա: Հենց էնպես խաղում եմ»,- այսպես է արձագանքել «Առավոտ» թերթի հարցին Մալաթիա– Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ–ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը:
«Բանն այն է, որ վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավային այցերի շրջանակներում բակերում նարդի է խաղում հավաքվածների հետ՝ պայմանով՝ եթե պարտվեց, ինքը երեք հազար ԱՄՆ դոլար է տալիս, եթե հաղթեց՝ այդ բակից իր օգտին 100 ձայն՝ մայիսի 6-ին:
Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Ալեքսանյանն այլ օրերին էլ չի գնում բակեր ու հենց այնպես նարդի խաղում մարդկանց հետ: «Միշտ էլ խաղացել եմ, դուք երեւի տեղյակ չեք: Մարդկանց հարցրեք՝ կասեն: Էս 10 տարուց ավել ես միշտ էլ գնում եմ, խաղում եմ…»,- եղավ պատասխանը:
Ալեքսանյանը հերքեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ «վերջին զանգի» առիթով, տարածքի ավարտական դասարանների աշակերտներին հրավիրում են իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում ավարտական քեֆն անցկացնելու:
Թերթը Ալեքսանյանին խնդրեց ամփոփել ընտրարշավը: «Ամեն ինչ լավ ա»,- եղավ պատասխանը: Ոնց է՞ լավ՝ դիտարկմանը հակադարձեց. «Լավ ա, լավ ա, նորմալ ա, ոչ մի թերություն էլ չկա»,- գրում է թերթը:
Ընտրակաշա՞ռք, թե՞ նպաստ.
«Հրապարակը» հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Վայոց Ձորում, հատկապես Վայք քաղաքում և հարակից գյուղերում ԲՀԿ–ն ակտիվորեն ցուցակագրում էր իր պոտենցիալ ընտրողներին` յուրաքանչյուր անձնագրային տվյալի դիմաց խոստանալով 25 կիլոգրամ ալյուր: «ԲՀԿ Վայքի գրասենյակում նախապես անձնագրերը հավաքվել էին, քաղաքացիներին կտրոններ էին բաժանվել, որոնք ներկայացնելով` մի քանի օր անց վերջիններս պետք է ստանային իրենց հասանելիք ալյուրը: Արդյունքում երեկ և նախորդ օրը քաղաքացիներն ակտիվորեն ստացել են իրենց «հասանելիքը», սակայն ցուցակագրվածներից ոչ բոլորին է ալյուր բաժին հասել: Մի քանիսին է հասել, իսկ մնացածներին համատարած բաժանվել է 5 հազարական դրամ: Ի դեպ, վայքեցիները դժգոհ չեն մնացել, քանի որ բաժանված 25 կիլոգրամ 1-ին տեսակի ալյուրը համարժեք է 5 հազար դրամին»,-գրել է թերթը:
«Ժամանակ» թերթն էլ գրում է. «Քանաքեռ, Շենգավիթ, Արաբկիր համայնքներում ՕԵԿ–ը բջջային հեռախոսներ, քարտեր և այլ ընտրակաշառք է բաժանում: Ինչպես թերթին տեղեկացրեց Ժառանգություն կուսակցության անդամ Արթուր Ավթանդիլյանը, ըստ իր տեղեկությունների` Գավառում ՀՀԿ–ի նախընտրական շտաբն է գումար բաժանում, Մասիսում` ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն, Արտաշատում` ՀՀԿ շտաբը: Եղեգնաձորում էլ, Ավթանդիլյանի փոխանցմամբ, ՀՅԴ–ն է 5-10 հազար դրամ կաշառք է բաժանում»:
Զարմանազան.
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել 19 հազար 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարիների ընթացքում:
Դրան զուգահեռ` աճել է մահացությունը: Ըստ նույն պաշտոնական տվյալների, այս տարվա աոաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում մահացել 17 հազար 953 մարդ: Մահացության այս ցուցանիշը ամենամեծն է առնվազն վերջին 10 տարիների կտրվածքով: Ընդ որում, մահացության ցուցանիշը աճում է տարեցտարի:
«Փաստորեն, Հայաստանում ծնունդների թիվը սահուն նվազում է, իսկ մահացությունը` աճում: Սա, ինչպեսև սարսափելի չափերի հասնող արտագաղթը, երկրի սոցիալ–տնտեսական և բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է, և սրանից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ժողովրդագրական աղետի նախանշանների հետ»,- եզրակացնում է թերթը:
«ՀԺ»-ն նաև հայտնում է, որ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը սահմանամերձ Այգեպար և Սովսես գյուղերի մոտ երեք հայ պայմանագրային զինծառայողների սպանության միակ ականատես` Բերդի 27-ամյա բնակիչ Արկադի Եսայանն իր տեսածն ամբողջությամբ արդեն պատմել է քննչական մարմնին: Այս մասին երեկ թերթի թղթակցին ասել է ինքը` Արկադին: Դեպքի մասին որևէ բան պատմել չի համաձայնել, ասել է, որ դրա իրավունքն առայժմ չունի: Բայց հայ պայմանագրային զինծառայողներին սպանողներն իսկապե՞ս ադրբեջանցիներն էին, թե` միջադեպը տեղի էր ունեցել հայերի միջև: «էդ հաստատ ադրբեջանցիներ են եղել, մնացածը ասեկոսեներ են»,- պատասխանել է Արկադին: Նա հերքել է նաև, որ ապրիլի 26-ին ծառայակիցների հետ Բերդ քաղաք էր գնացել ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու նպատակով: «Լրիվ սուտ խոսակցություն ա»,- ասել է նա: