ԼՂՀ ԱԳՆ. «Կոլցո» գործողության ընթացքում թույլ տրված հանցագործություններին համապատասխան գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից»
Նմանատիպ
ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվական վարչությունը հանդես է եկել մեկնաբանությամբ՝ 1991 թ.-ի ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից իրականացված հանրահայտ «Կոլցո» գործողության մասին: Times.am-ը ներկայացնում է ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրությունն ամբողջությամբ.
«1991թ. ապրիլի վերջին – մայիսի սկզբներին Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության միլիցիայի ջոկատները` (ՕՄՕՆ) ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ սկսեցին պատժիչ գործողություններ, նպատակ ունենալով Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից հայաբնակ շրջաններից տեղահանել հայ բնակչությանը: Իրականացվեց «Կոլցո» լայնածավալ ռազմական գործողությունը, որն ուղղված էր Ադր. ՍՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի, Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների որոշ գյուղերի հայ բնակչության վտարմանը:
Այդ գործողության արդյունքում ամբողջովին դատարկվեցին, հիմնահատակ ավերվեցին կամ ադրբեջանցիներով բնակեցվեցին տասնյակ հայկական բնակավայրեր: Բռնատեղահանվեցին տասնյակ հազարավոր մարդիկ, սպանվեցին հարյուրավոր հայեր: Իր ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկած «Կոլցո» գործողության հետևանքով էր հենց, որ շեշտակիորեն սրվեց լարվածությունը տարածաշրջանում, և ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվեց ռազմական հարթություն:
ԵԱՀԽ առաքելության 1992 թ. փետրվարի 28-ի զեկուցման մեջ նշվել է` «1991 թ. ապրիլ-մայիս ամիսներին իրադրությունը հատկապես սրվեց, երբ խորհրդային բանակը Ադր. ՆԳՆ ստորաբաժանումների օգնությամբ տարածաշրջանի շատ գյուղերից տեղահանեց հայերին: Տեղահանությունն իրականացվել է առանձնահատուկ դաժանությամբ»:
«Կոլցո» ռազմական գործողության ընթացքում տեղի ունեցած դեպքերն իրենց արտացոլումն են գտել միջազգային մի շարք կազմակերպությունների փաստաթղթերում, դարձել լսումների թեմա` ՌԴ Գերագույն Խորհրդի մարդու իրավունքների կոմիտեում և գնահատվել Եվրախորհրդարանի և ԱՄՆ սենատի բանաձևերում:
Մոսկովյան «Մեմորիալ» միության իրավապաշտպան կենտրոնն արձանագրել է մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ. «Կոպտորեն խախտվել է յուրաքանչյուր մարդու կյանքի, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքը, կիրառվել են կտտանքներ, կատարվել` ինքնակամ կալանքներ և ձերբակալություններ, կատարվել են բազմաթիվ գույքային իրավախախտումներ: Բնակչության տեղահանումը կրել է զանգվածային բնույթ: Այդ խախտումներին հատուկ ցինիկություն է հաղորդում այն փաստը, որ խաղաղ բնակչության նկատմամբ զանգվածային բռնությունը կատարվել է հենց իրավապահ մարմինների կողմից: Այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է ինչպես Ադրբեջանի Հանրապետության ՆԳՆ և ՊԱԿ-ի բարձրագույն ղեկավարության, այնպես էլ ԽՍՀՄ ՆԳՆ, պաշտպանության նախարարության և ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատարության վրա: Այդ հանցագործությունները ստվեր են նետում նաև ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության վրա»:
1991 թ. մայիսի 1-ին ԱՄՆ սենատում ընդունվեց միաձայն որոշում, որով դատապարտվում էին «ԽՍՀՄ և Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի հայազգի բնակչության դեմ կատարված հանցագործությունները»: Նրանում, մասնավորապես, դատապարտվում էին «Լեռնային Ղարաբաղում և հարակից հայկական բնակավայրերում ու Հայաստանում անմեղ մարդկանց, կանանց և երեխաների վրա կատարված հարձակումները, ռազմական ուժի լայնածավալ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի արևելյան և հարավային սահմաններին անզեն բնակչության գնդակոծումները» և կոչ էր արվում «վերջ տալ շրջափակմանը, ուժի գործադրման մյուս ձևերին, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված ահաբեկչությանը»:
Մայիսի 25-ին ՌԽՖՍՀ ժողովրդական պատգամավորների չորրորդ նստաշրջանում քննարկման դրվեց Հայաստանի և Ադրբեջանի մի շարք շրջաններում ստեղծված իրադրության շուրջ զեկույցի նախագիծը, որն էլ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց: Որոշման մեջ, մասնավորապես, նշվում էր, որ «համաձայն մարդու իրավունքների միջազգայնորեն ճանաչված նորմերի և համաձայնագրերի` անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել խաղաղ բնակչության տեղահանումը, ազատ արձակել պատանդներին և զինված բախումների գործերով քննության տակ գտնվողներին հանձնել ԽՍՀՄ դատախազության վարույթ»:
Այդուհանդերձ, «Կոլցո» ռազմական գործողության ընթացքում թույլ տրված հանցագործություններին համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չի տրվել միջազգային հանրության կողմից, իսկ կազմակերպիչներն ու կատարողները մնացել են անպատիժ: Այն նախադեպ դարձավ, որպեսզի Ադրբեջանը նոր ռազմական հանցագործություններ և անմարդկային գործողություններ իրականացնի հայազգի խաղաղ բնակչության նկատմամբ:
Առ այսօր բռնատեղահանված բնակիչները զրկված են սեփական տները վերադառնալու հնարավորությունից և չեն ստացել որևէ փոխհատուցում:
Ափսոսանքով պետք է արձանագրել նաև, որ «Կոլցո» ռազմական գործողությամբ տեղահանության ենթարկված ոչ մի հայկական գյուղ չի հիշատակվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջազգային դիտորդների կողմից առաջարկվող և ոչ մի փաստաթղթում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում