Գ. Նուշիկյան. «Սա բարեգործություն չի, սա հոգու պարտք է»
02/05/2012 15:20
Նմանատիպ
Այսօր Տերյան 63 հասցեի հարակից բակն ու Աբովյան 17-Աղայան 9 հատվածը բազմամարդ էին: Բնակիչները հավաքվել էին նշելու վերանորոգված խաղահրապարակի ու նոր հիմնված այգու բացումը: Վերանորոգման ու կառուցման աշխատանքներն իրականացվել են «Նուշիկյան ասոցիացիա»-յի կողմից:
Ինչպես Times.am-ի հետ զրույցում նշեց բակի բնակչուհի Նելլին, Աղայան-Աբովյան փողոցների հատվածում կառուցված այգու տեղում առաջ միայն քարակույտեր էին: «Ամբողջը նոր է կառուցվել, եւ´ խաղահրապարակը, եւ´ լողավազանը», նշեց նա: Ըստ Տերյան փողոցի բնակիչների վերանորոգված խաղահրապարակի տեղում էլ առաջ նստարաններ կային, ծառեր: «Մի քանի օր է, որ վերանորոգվել է ու նոր խաղալիքներ են տեղադրել», նշեց բնակիչներից մեկը:
Նշենք, որ այգում կան թեքահարթակներ, մարզադաշտ, լողավազան: Փոքրիկներին ողջունելու էին եկել նաեւ հայտնի մանկական հերոսները:
Բացման արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Նուշիկյան ասոցիացիա»-ի տնօրեն Գարեգին Նուշիկյանը: Բակի բացումն օրհնվեց Սբ. Կաթողիկե եկեղեցու քահանա Տեր Ավետիսի կողմից:
«Աղոթենք, որ Երեւանը մաքուր ու բարեկարգ լինի ու առավել գեղեցիկ: Ու ինքներս էլ մաքուր ու բարեկարգ պահենք մեր քաղաքը», օրհնությունից հետո ներկաներին հորդորեց Հայր Սուրբը:
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ եւ շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու համար: Սա բարեգործություն անվանել պետք չի, սա պարզապես հոգու պարտք է: Մենք պետք է քաղաքապետարանի հետ ձեռք ձեռքի աշխատենք` մեր քաղաքն առավել բարեկարգ ու լավը դարձնելու համար», իր ողջույնի խոսքում նշեց Գ. Նուշիկյանը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին, ովքեր իրենք են նախաձեռնում իրենց համայնքի բարեկարգումը եւ խոստացավ աջակցել նրանց ամեն հարցում: Ի պատասխան լրագրողների հարցին շատ քննարկված Մաշտոցի Պուրակի կրպակների մասին Տ. Մարգարյանը նշեց, որ այսօր որոշում է ընդունվել կրպակներն ապամոնտաժելու մասին:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դրա համար անհրաժեշտ էր երկրի Նախագահի խոսքը, քաղաքապետը պատասխանեց. «Ես ինքս բազմիցս ասել եմ, որ դեմ եմ այդ կրպակներին եւ դրանք պիտի վաղ թե ուշ ապամոնտաժվեն: Դրանք ժամանակավոր էին տեղակայված այգում: Ապամոնտաժման մասին որոշումը հնարավոր էր, որ ընդունվեր ամեն օր, եւ այդ որոշումն ընդունվեց այսօր»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում