Քաղաքագետ. «Քարոզարշավում նկատվում էին բարոյախրատական միտումներ, սակայն քաղաքական գովազդի էությունը փոքր-ինչ այլ է»
Նմանատիպ
ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է իր վերլուծությունը քարոզարշավի վերաբերյալ:
Բանախոսը քարոզարշավը բաժանել է երեք խմբի. «Հանրահավաքներին մասնակիցների թվաքանակով առանձնացել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը, ընտրազանգվածի միջին ծավալով ընտրարշավ կազմակերպել են ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգությունը», առավել սակավամարդ են ՀԿԿ, ՀԴԿ ու «Միավորված հայեր» կուսակցության ընտրաշավային ակցիաները»:
Քաղաքագետը նկատել է, որ քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը նույն տեխնոլոգիաներն են կիրառել` կազմակերպելով հանրահավաքներ և քաղաքական գովազդ անելով հեռուստատեսությամբ:
Գ.Քեռյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», ինչպես նաև ՀԿԿ-ն, ՀԴԿ-ն ու «Միավորված հայերը» իրենց քարոզարշավներում կառուցել են մեկ մարդու տեխնոլոգիան, այսինքն` հանրահավաքները վարել են նշված կուսակցությունների առաջնորդները, իսկ միայն ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն համեմատաբար կոլեկտիվ քարոզարշավ են կազմակերպել. «Կարծես մոռացել էին, որ մենք ոչ թե նախագահական, այլ խորհրդարանական ընտրությունների ենք գնում»:
Ըստ քաղաքագետի՝ կուսակցությունների համամասնական և մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները հիմնականում պասիվ էին, որոշակի ակտիվությամբ առանձնացել է միայն ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ով տարբեր լսարանների հետ կիսվել է իր տեսակետներով ու մեկնաբանություններով:
Քաղաքագետը նաև ասել է, որ քարոզարշավում նկատվում էին բարոյախրատական միտումներ, սակայն քաղաքական գովազդի էությունը փոքր-ինչ այլ է. պետք է ներկայացվեին այն դրույթները, որոնցով կարող էին լուծում ստանալ առկա խնդիրները: Ըստ բանախոսի՝ ոչ մի քաղաքական ուժ խորությամբ չի անդրադարձել արտաքին քաղաքական հարցադրումներին, և բոլորի նախընտրական պլատֆորմներն իրան շատ նմանություններ ունեն :
Գ.Քեռյանը ևս մի նկատառման համաձյան՝ քարոզարշավի ընթացքում որոշակիորեն բարձրացել է ԲՀԿ-ի ու «Ժառանգության» վարկանիշը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում