Ադրբեջանցի լրագրող-վերլուծաբան. «Ադրբեջանի ՊՆ-ում հանցավոր անարխիա է տիրում»

Ադրբեջանցի լրագրող վերլուծաբան Ասեֆ Գուլիեւը լրագրողական հետաքննություն է անցկացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ շփման գծում եւ բացահայտել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից թաքցվող ադրբեջանական բանակում կատարվող մի շարք սարսափելի փաստեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, «Gafgazinfo.az» կայքը հրապարակել է Գուլիեւի վերլուծությունը, որտեղ վերջինս նշում է, որ պաշտոնական հարցումներ է ուղղել Ադրբեջանի տարբեր ուժային կառույցներ, ՊՆ եւ ԱԳՆ: Ադրբեջանի տարածքների վերականգնման եւ վերակառուցման գործակալությունից մի իրավաբան իրեն հայտնել է, որ հարցված տեղեկատվությունը գաղտնի է եւ պատասխան ստանալու համար անհրաժեշտ է ունենալ Ազգային անվտանգության նախարարության հատուկ թույլատրությունը:

«Բայց ես ընդամենը հարցրել էի, թե ինչքան ֆինանսական միջոցներ են հատկացվել Ադրբեջանի կառավարության կողմից ԼՂ ճակատի երկրայնքով պատ կառուցելու համար, մինչ օրս աշխատանքների որ մասն է կատարվել եւ ինչքան գումար է ծախսվել: Բոլորը հավանաբար արդեն տեղյակ են, թե ինչքան օպերատիվ կերպով հայկական կողմը դիմեց ԵԱՀԿ Մինսկի խումբ` ապրիլի 27-ին ժամը 04:15-ին Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզում 3 զինծառայողների սպանության կապակցությամբ, եւ մի քանի ժամ հետո այդ մասին ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ: Ադրբեջանի` միջազգային հանրության տեղեկատվական ուշադրության կենտրոնում լինելու պայմաններում հայկական կողմի նման օպերատիվությունն ու կազմակերպվածությունը շատ բան է վկայում: Բոլոր դեպքերում` Ադրբեջանի համապատասխան կառույցների գործունեությունը ոչ մի քննադատության չի դիմանում», – նշում է հոդվածի հեղինակը:

Գուլիեւը գրում է, որ հետաքննության ընթացքում բացահայտել է մի քանի ադրբեջանցի զինվորների` դեռեւս ապրիլին սպանվելու փաստը, սակայն, Ադրբեջանի ՊՆ-ը ոչ միայն հանդես չի եկել այդ մասին հայտարարությամբ, այլ նաեւ ամեն կերպ հասարակությունից թաքցրել է այն:

«Ոչ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում, ոչ առաջատար տեղեկատվական գործակալությունների էջերում ադրբեջանցի զինվորների զոհվելու մասին ոչինչ չի հայտնվել: Երկու հնարավորություն է հավանական. կամ հրադադարի խախտում չի եղել, այդ դեպքում հարց է ծագում, թե ով է մեղավոր զինվորների մահվան մեջ, կամ էլ գնդակոծումներ եղել են, բայց ՊՆ պատասխանատու անձինք չեն կատարել իրենց պարտավորությունները: Երկու դեպքում էլ խոսքը Ադրբեջանի ՊՆ-ում տիրող հանցավոր անարխիայի մասին է», -գրում է Գուլիեւը եւ նշում, որ պաշտոնական աղբյուրների կողմից չհաստատված իրադարձությունները միջազգային կառույցների համար ուղղակի գոյություն չունեն: Ավելին, նման փաստերը չեն մտնում պաշտոնական զեկույցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում