Հայաստանին տուգանելու են «Եվրատեսիլ-2012»-ի մասնակցությունից ժամանակից ուժ հրաժարվելու համար
Նմանատիպ
Եվրոպական հեռարձակողների միությունը (ԵՀՄ) տուգանել է Հայաստանին՝ «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի մասնակցությունից հրաժարվելու համար: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով ԵՀՄ մամուլի հետ աշխատանքի վարչության տնօրեն Աննա Նիբերգ-Ֆրանկենհաուզերը:
Նրա խոսքերով, նման որոշում է կայացվել Հեռուստատեսային կոմիտեի և ԵՀՄ խորհրդականների խմբի կողմից հարցի ուսումնասիրությունից հետո: Հայաստանը պարտավոր է մուծել մրցույթի մասնակցության վճարը, ինչպես վճարի 50%-ը՝ որպես տուգանք:Նիբերգ-Ֆրանկենհաուզերը չի նշել ողջ գումարի չափը:
Բացի այդ, Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է հեռարձակել մրցույթի եզրափակիչը ուղիղ եթերով և առանց ընդհատումների: Հրաժարվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել նաև 2013թ. մրցույթի մասնակցության իրավունքից:
Նիբերգ-Ֆրանկենհաուզերը պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշում է կայացրել իր մասնակիցներին Բաքու չուղարկել:
«Կա օրակարգ, և որոշված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը», – հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ մրցույթը պետք է կայանա մայիսի վերջին Բաքվում: Այս տարի մրցույթի նախապատրաստումն անընդհատ ուղեկցվում էր խնդիրներով, քանի որ ադրբեջանական կողմը չէր երաշխավորում մասնակից երկրների անվտանգությունը: Այդ պատճառով մի շարք եվրոպական երկրներ հրաժարվեցին մասնակցությունից, ինչպես նաև շատերը մինչև այսօր էլ կոչ են անում բոյկոտել մրցույթը, քանի որ մրցույթի կազմակերպումը զուգորդվել է մարդու իրավունքների բազմաթիվ լուրջ խախտումներով:
Փետրվարի 23-ին հայ երգիչները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել մրցույթի մասնակցությունից, քանի որ մեր ազգային արժանապատվությունը պետք է վեր դասենք ամեն ինչից:
«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով ու կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի, մի երկրում, ուր մուտքն արգելված է ազգությամբ հայ որևէ մեկի համար, եթե նույնիսկ նա այլ երկրի քաղաքացի է, ինչին ականատես ենք լինում գրեթե յուրաքանչյուր ամիս»,- մասնավորապես ասվում էր երգիչների տարածած հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում