Արցախի Գիշի գյուղում օծվել են նոր կառուցվելիք Սբ. Գր.Լուսավորիչ եկեղեցու քարերը
Նմանատիպ
Ապրիլի 29-ին Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, կատարվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հիմնարկեքը:
Եկեղեցին կառուցվում է արմատներով գիշեցի, ռուսաստանաբնակ գործարար Կարեն Բաղրյանի նախաձեռնությամբ և բարերարությամբ: Ճարտարապետական նախագծի հեղինակը Վալերի Հայրապետյանն է:
Արցախի թեմի հոգևոր սպասավորները Պարգև Սրբազանի հանդիսապետությամբ նախ գինով ու ջրով լվացին և ապա սրբալույս մյուռոնով օծեցին Քրիստոսի առաքյալների, չորս ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով հիմնաքարերը, որից հետո դրանք տեղադրվեցին նոր կառուցվելիք եկեղեցու հիմքում և կատարվեց օրհնության կարգ: Բարերարի ձեռքով եկեղեցու հիմքում տեղադրվեց նաև եկեղեցու շինարարության արձանագրությունը:
Արարողության ավարտին Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շնորհավորեց գիշեցիներին` մոտ ապագայում սեփական գործող եկեղեցին ունենալու առիթով: Արցախի թեմի առաջնորդը գոհունակությամբ կարևորեց այն փաստը, որ արմատներով արցախցի աշխարհասփյուռ հայորդիները չեն մոռանում իրենց հարազատ երկիրը և տարբեր կերպերով աջակցում են սեփական ժողովրդի ու Եկեղեցու կենսական խնդիրների լուծմանը:
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, շրջանային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ և այլք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում