Թերթերն այսօր. Ի՞նչ է սպասվում մայիսի 4-ին և արդյո՞ք կլինի գնաճ ընտրություններից հետո

Ընտրություններ.

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դռնբաց նիստում երեկ բավարարել է թիվ 7 ԸՏ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի բողոքները թիվ 7 ԸԸՀ որոշումները վերացնելու մասին:

Բողոքների նախապատմությունը հետևյալն է. Փաշինյանը և Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ` նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքով, ելնելով այն փաստից, որ Ալեքսանյանը ընտրատարածքի ընտրողներին դրամ է բաժանել և խոստացել է ավարտական դասարանների անվճար վերջին զանգ կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Թիվ 7 ԸԸՀ-ն նախորդ ուրբաթ օրը մերժել էր եիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի դիմումները: Եվ ահա, ԿԸՀ-ի որոշմամբ արձանագրվեց, որ այդ մերժման որոշումներն ապօրինի են և կայացվել են ոչ օրինական ճանապարհով: ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրել է այսօր կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու և նրան պատգամավորի թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցը:

«Առավոտ» թերթը գրում է. «Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը երեկ ասաց, որ ոստիկանությունը ՀԱԿ պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցել:

«Առողջությանը թեթև մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով գործը ուղարկվել է նախաքննության: Տիկին Առուստամյանին, այսպես ասած, ծեծի է ենթարկել Վարդան Վարդնյանը, որը «Արփի» համատիրոթյան նախագահն է»,- ասել է պարոն Հունանյանը»:

«Հրապարակ»-ը գրում է, որ մայիսի 4-ին մայրաքաղաքում պարալիզացվելու է բոլոր գերատեսչությունների աշխատանքը: Բանն այն է, որ այդ օրը Մատենադարանում և Ազատության հրապարակում միաժամանակ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքներն են լինելու: Այս երկու կուսակցությունները «մասովկան» ապահովելու առումով մրցակցության մեջ են: Թերթին տեղեկություններ են հասել, որ դեռևս երեկվանից և ԲՀԿ-ական, և ՀՀԿ-ական նախարարները հրահանգել են իրենց ենթականերին մեկ մարդու պես մասնակցել հանրահավաքին: Սպառնացել են, որ չմասնակցողները խիստ պատժվելու են, իսկ պատիժը մեկն է լինելու` աշխատանքից հեռացում: Ասում են, որ ԲՀԿ-ն իր առջև խնդիր է դրել 100 հազար մարդ բերել Մատենադարանի մոտ անցկացվելիք հանրահավաքին և այնպես անել, որ Մաշտոցի պողոտան մինչև Օպերա փակվի: Իսկ ՀՀԿ հանրահավաքին մասնակցելու են մեծ խումբ հայտնի աստղեր. ՀՀԿ-ն որոշել է այնպիսի շոու անել, որն աննախադեպ կլինի, և երգով հաղթել ԲՀԿ-ին:

«168 ժամ»-ին տված հարցազրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի փոփոխություններ կան նախորդ ընտրությունների նույն ժամանակահատվածի հետ համեմատած, պատասխանել է. «2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ խոսքի ազատության առումով և հեռարձակող լրատվամիջոցների գործունեության առումով կային շատ ավելի բարդ խնդիրներ, քան այսօր: Առաջին հերթին` Հայաստանը գտնվում էր երկնիշ տնտեսական աճի պայմաններում և այդքան մեծ հույսեր ու ակնկալիքներ չուներ միջազգային հանրությունից` օգնություն, աջակցություն ստանալու առումով: Եվ, բնականաբար, նաև միջազգային հանրության գնահատականը մեր նախորդ խորհրդարանական ընտրությունների համար այդքան կարևոր չէր իշխանությունների համար: Ես կարող եմ հաստատ ասել, որ այն ժամանակ մեր լրատվամիջոցները չունեին հրահանգներ` ընտրությունները միջազգային ստանդարտներին համապատասխան, քաղաքակիրթ ձևով լուսաբանելու, հավասար պայմաններ տրամադրելու բոլոր քաղաքական ուժերին: Կամ եթե անգամ ունեին էլ, ապա շատ ավելի համեստ էին ձևակերպված: Բացի դրանից, իհարկե, չի կարելի համեմատել այլընտրանքային լրատվամիջոցների ազդեցությունն ամբողջ տեղեկատվական դաշտի վրա 2007թ. և 2012թ.: Այդ ամբողջը խոսքի ազատության համար ստեղծում են, միանշանակ, շատ ավելի դրական միջավայր հենց այս ընտրությունների ժամանակ»:

Ի՞նչ փողային շրջանառություն է ընթանում.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին կտրուկ դատարկվել է ՀՀ Ազգային ժողովի բյուջեն: Թերթը ենթադրում է, որ Աժ նախագահ Սամվել Նիկոյանը բյուջեի գումարն ուղղել է ՀՀԿ նախընտրական ֆոնդ: Ինչպես փոխանցել են Աժ թերթի աղբյուրները, Աժ պատգամավորներին արդեն երկրորդ ամիսն է` չի վճարվել «դեպուտատսկի» կոչվող հավելավճար, որը կազմում է 15-հազարական դրամ: Իսկ պատճառաբանությունն այն է, որ «փող չկա»: Ավելին, այս օրերին չեն վճարում նաև Աժ աշխատակիցների գործուղումների գումարները, նրանց հորդորում են սեփական միջոցներով մեկնել գործուղման, հետո բերել ծախսերի մասին համապատասխան կտրոններ: Իսկ երբ գումար լինի, կփոխհատուցեն:

«Երկիր»-ին տված հարցազրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանն ասել է, որ եթե ընտրություններում ծախսվում են փողեր` պետք է վերադառնան տերերին: «Նրանք, ովքեր ներգրավված են քաղաքական գործընթացներում, կարող են գնալ տարբեր ֆինանսական կորուստների, միայն թե այս շրջանում շահեն ընտրողի բարյացակամությունը: Բայց դա չի նշանակում, որ նրանք հաջողության դեպքում չեն վերադարձնի իրենց գումարները»,-նշել է Նռանյանը, ապա ավելացրել, որ դա տեղի է ուենում այն ժամանակ, երբ ձևավորվող նոր իշխանությունում լինում են խոշոր տնտեսվարող քաղաքական գործիչներ. «Իսկ եթե ձևավորվի նոր իշխանություն, որը ազատ լինի խոշոր բիզնեսի ճնշումներից կամ չկայացնի որոշումներ բիզնեսի թելադրանքով, ապա այդ պայմաններում բիզնեսի ներկայացուցիչներն ստիպված կլինեն զսպել իրենց ախորժակը և հաշտվեն ընտրությունների ժամանակ ունեցած իրենց դրամական կորուստների հետ»:

Զարմանազան.

Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ Հայաստանում ազարտային խաղերի պատճառած ֆինանսական կորուստների հանրագումարը կազմում է համախառն ներքին արդյունքի 1.65 տոկոսը: Այս ցուցանիշով Հայաստանը 57 երկրների շարքում երկրորդն է և զիջում է միայն Ֆիլիպիններին:

Այս տվյալները երեկ հրապարակվել են ամերիկյան «Bloomberg» գործակալության` «արատավոր պետությունների» վարկանիշային զեկույցում, որում 57 երկրների թվում Հայաստանը չորրորդն է: Զեկույցում նկատի են առնվում այն գումարները, որոնք կորսվում են խաղադրույք կատարելու և պարտվելու հետևանքով:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոց պուրակ այցելությանը` «Հայոց աշխարհը» գրում է. «Անկախ նրանից, թե Մաշտոցի պուրակի կառուցապատման հարցում որ կողմն էր ճիշտ, որը սխալ, ձևավորված իշխանական ավանդույթը պահանջում էր, որ երկրի ղեկավարը կանգնի քաղաքապետի և մեծահարուստների թիկունքին։ Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը. նախագահը կանգնեց հարցի արդարացի, միաժամանակ՝ օրինական լուծում պահանջող քաղաքացիների կողքին, որոնք իրավացի էին կանաչ տարածքները համատարած սրճարանների վերածելու դեմ իրենց բողոքի մեջ։ Սրանով փաստորեն կասեցվեց այն բացասական լիցքերի կուտակումը, որ սովորաբար մեզանում լինում է ընտրությունների նախօրեին։ Հետևաբար մայիսի 1-ի այս դրական նախադեպը կարող է դառնալ մայիսի 6-ի քվեարկության խաղաղ ու անցնցում անցկացման, դրանից հետո նաև՝ ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր բողոքարկումների գործընթացի օրինականության ապահովման սկիզբ։ Ի վերջո, ցանկացած ընտրություններում հնարավոր են խախտումներ, բայց եթե լինի համապատասխան բարյացակամության մթնոլորտ, ապա դրանք կարելի է վերացնել հետընտրական բողոքարկումների միջոցով»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում