«Ոսկե գնդակ 2013». Հետևի’ր զարգացումներին allSport.am-ի հետ

«Ոսկե գնդակ 2013». Հետևի’ր զարգացումներին allSport.am-ի հետ

 

«Ոսկե գնդակ 2013». Հետևի’ր զարգացումներին allSport.am-ի հետ

Շնորհակալություն մարզական օրը մեզ հետ անցկացնելու համար 🙂

Եվ այսպեեես 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստը, «Ոսկե գնդակի» դափնեկիրը Կրիշտիանու Ռոնալդուն է: Շնորհավորում ենք Պորտուգալիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» և, բնականաբար, հենց Ռոնալդուի երկրպագուներին:

22:43. Տարվա լավագույն գոլի հեղինակը Շվեդիայի հավաքականի և «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն է: Վայելեք նրա` Անգլիայի դարպասը խփած շքեղագույն գոլը:

22:14. Տարվա լավագույն մարզիչը Մյունխենի «Բավարիայի» նախկին մարզիչ Յուպ Հայնկեսն է, ում գլխավորությամբ «Բավարիան» նախորդ մրցաշրջանում նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները:

21:45. Տարվա խորհրդանշական հավաքականն արդեն հայտնի է

Դարպասապահ’ Մանուել Նոյեր «Բավարիա»:

Պաշտպաններ’ Ֆիլիպ Լամ «Բավարիա», Սերխիո Ռամոս «Ռեալ», Տյագո Սիլվա «ՊՍԺ», Դանի Ալվես «Բարսելոնա»:

Կիսապաշտպաններ’ Անդրես Ինյեստա «Բարսելոնա», Չավի «Բարսելոնա», Ֆրանկ Ռիբերի «Բավարիա»:

Հարձակվողներ’ Կրիշտիանու Ռոնալդու «Ռեալ», Զլատան Իբրահիմովիչ «ՊՍԺ», Լեո Մեսսի «Բարսելոնա»


21:04. Աստղային զույգեր, աստղային մարզիկներ

 

20:43. Աստղերը` կարմիր գորգի վրա: Հետևեք ուղիղ հեռարձակմանը ստորև ներկայացված հղմամբ

20:28. Զիդանն ուրախ է Ցյուրիխում լինելու համար

Լեգնեդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մրցանակաբաշխության արարողության գլխավոր դերակատարների թվում է լինելու: ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ֆրանսիացին իր կարծիքն է արտահայտել.

«Շատ ուրախ եմ այստեղ լինելուս կապակցությամբ: Տարիներ առաջ ես մրցանակներ էի ստանում, այսօր` հանձնում եմ: Համոզված եմ, որ անակնկալ կլինի, քանի որ մրցակիցների միջև տարբերությունը շատ մեծ չէ: Նրանք նույն մակարդակով են խաղում»:

20:03. ՖԻՖԱ-ն հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ

 

ՖԻՖԱ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում ասվում է` քվեարկության ժամկետը երկարեցնելուց հետո լավագույն եռյակում ֆուտբոլիստների դասավորվածությունը չի փոխվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ՖԻՖԱ-ի նման որոշումը կապել էր Կրիշտիանու Ռոնալդուին հաճոյանալու հետ: Պլատանին հայտարարել էր.

«ՖԻՖԱ-ի որոշումը համընկավ Պորտուգալիայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության ուղեգիրը Շվեդիայի դեմ խաղում նվաճելու հետ: Այդ խաղում Ռոնալդուն 3 գնդակ խփեց: Հնարավոր է, որ նման որոշում կայացվեց Ռոնալդուին հաճոյանալու համար», – Պլատինիի խեսքերն է փոխանցում «Marca»-ն:

19:34. Ցյուրիխում տրամադրությունը բարձր է

Մրցանակաբաշխության արարողությանը շատ ժամանակ չի մնացել, իսկ մասնակիցների տրամադրությունը, ինչպես երևում է, բարձր է:

 

19:05. Մրցանակաբաշխության արարողությանը նախորդում է հավակնորդների մամուլի ասուլիսը

Լիոնել Մեսսին ասուլիսի ժամանակ ասաց հետևյալը.

«Փորձում եմ աշխատել նույն մակարդակով, օգնել «Բարսելոնային»: Հաճելի է, որ ես վերջնական ցանկում եմ, սակայն «Ոսկե գնդակն» ինձ համար ամեն ինչ չէ: Այստեղ լինելն ինձ համար արդեն իսկ ուրախություն է: Հաջողության հասնելու համար շատ զոհողություններ են պետք: Կարծում եմ` երիտասարդ խաղացողները պետք է շատ աշխատեն և ամեն ինչ անեն իրենց նպատակներին հասնելու համար»:

Կրիշտիանու Ռոնալդուի կարծիքը հետևյալն էր.

«Ես միշտ փորձում եմ կատարելագործել իմ խաղը: Եթե ես հաղթեմ, հիանալի կլինի: Եթե ոչ, կյանքը դրանով չի ավարտվի: Ինձ համար յուրաքանչյուր տարին նոր մարտահրավեր է, որը պետք է հաջողությամբ անցկացնեմ: Մեսսիի և Ռիբերիի հետ մրցակցությունն ինձ համար պատիվ է: Յուրաքանչյուրն ուզում է լինել լավագույնը, և դա լավ է»:

Ֆրանկ Ռիբերին ևս ասաց, որ ուրախ է տարվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում լինելու համար.

«Չեմպիոնների լիգայում հաղթանակն ինձ համար շատ կարևոր էր: 2013-ը լավ տարի էր: Հաջող էր այն նաև Ֆրանսիայի հավաքականի համար: Ինձ համար երջանկություն է լինել թեկնածուների թվում: Տեսնենք, թե ինչ կլինի այսօր:»

 

18:31. Այժմ եկեք դիտարկենք նախորդ տարվա ընթացքում Մեսսիի, Ռոնալդուի և Ռիբերիի ուժեղ և թույլ կողմերը` առանձնացնելով հիմնական դրվագները

Մեսսի: 2013-ի լավագույն դրվագները

  • Մեսսին արժանացավ «Ոսկե խաղակոշիկի»` 2012/13 մրցաշրջանում խփած 46 գոլի համար: Լեոյից բացի եվրոպական առաջնություններում ոչ ոք այդքան գոլ չէր խփել:
  • Օգնեց «Բարսելոնային» նվաճել Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը` միաժամանակ ստանալով առաջնության լավագույն ռմբարկուի կոչումը:
  • 2014 թվականի Աշխարհի առաջնության ուղեգրի համար Արգենտինայի հավաքականում իր թիմակիցների հետ ստիպված չեղավ պայքարել անցումային խաղերում, ինչպես Ռիբերին և Ռոնալդուն:

 

2013-ի վատագույն դրվագները

  • Իրար հաջորդած վնասվածքներ, որոնք Մեսսին թույլ չտվեցին փայլել առաջվա պես: Արգենտինացին կրկին ուժեղագույնների թվում է, բայց մեկ տարի առաջվա Լեո Մեսսիից տարբերվում է:
  • Մեսսիի հեղինակության վրա մեծ ազդեցություն ունեցան մի շարք սկանդալներ: Նախ դատական հայց հարուցվեց` Մեսսիի և հոր հարկերից խուսափելու համար: Ապա Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց, որ իր` «Բարսելոնայում» խաղալու ժամանակ Մեսսին իրեն մեծամիտ է դրսևորել: Իսպանական մամուլում հայտնվեցին հրապարկումներ այն մասին, որ արգենտինացին որոշ դեպքերում անգամ հեգնում է կատալոնական ակումբի երիտասարդ խաղացողներին` շեշտելով թիմում իր առաջնայինությունը: Թե որքանով էին դրանք ճիշտ, բարդ է ասել, բայց այն, որ դրանք իրենց ազդեցությունն ունեցան Լիոնել Մեսսիի հեղինակության վրա, հաստատ է:

 

Ռոնալդու: 2013-ի լավագույն դրվագները

  • Ավելի շատ գոլ, քան որևէ մեկը 2013-ում: Պորտուգալացի հարձակվողն իր անվան դիմաց 69 գոլ է գրանցել (2012-ում դրանց թիվը 63 էր): Ռոնալդուն շրջանցել է այս ցուցանիշով Լեո Մեսսիին (45) և Ֆրանկ Ռիբերիին (23):
  • Եզրափակիչ փուլի հերոս: Ռոնալդուն Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի անցումային` Շվեդիայի դեմ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ (50′, 77′, 79′): Նրա շնորհիվ Պորտուգալիան կմասնակցի Մունդիալին:
  • Այս պահին: Ռոնալդուն լավագույն ցուցանիշով է ավարտել 2013-ը: Նա փայլեց տարեվերջին ու, կարծում ենք, արժանի է պարգևի:

 

2013-ի վատագույն դրվագները

  • Ոչ մի տիտղոս: Ռոնալդուն որևէ տիտղոս չնվաճեց «Ռեալի» հետ 2013-ին: Դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ ու պարտվեց «Բորուսսիային»: 
  • ՖԻՖԱ-ի հետ վատ հարաբերությունները: Աշխարհը խոսում էր ՖԻՖԱ-ի նախագահ Բլատերի ու Ռոնալդուի միջև ծագած լարվածությունից: Բլատերը նախապատվությունը Մեսսիին էր տվել ու հրամանատար անվանել Ռոնալդուին: Վերջինս, Բլատերին քամահրելով, ամեն առիթի դեպքում ժեստերով «ապացուցում» էր Բլատերի խոսքերի իսկությունը:

 

Ռիբերի: 2013-ի լավագույն դրվագները

  • Ամենաշատ տիտղոսները 2013-ին: Երեք թեկնածուների մեջ «Բավարիայի» աստղն առանձնանում է նրանով, որ 2013թ ամենաշատ տիտղոսներն է նվաճել՝ Բունդեսլիգան, Գերմանիայի գավաթը, Չեմպիոնների լիգան, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը:
  • Որոշիչ է եղել Չեմպիոնների լիգայում: Նրա խաղը մեծապես օգնել է թիմին հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայում: Ռիբերին հատկապես որոշիչ է եղել կիսաեզրափակիչներում և եզրափակչում:
  • Պատմական նվաճում կլինի: Առաջին անգամն է, որ Ֆրանկ Ռիբերին հայտնվում է լավագույն եռյակում, և հաշվի առնելով ֆուտբոլային աշխարհում Մեսսիի և Ռոնալդուի գերիշխանությունը՝ տպավորություն է, որ եթե հիմա չհաղթի, այլևս երբեք չի հաղթի:

 

2013-ի վատագույն դրվագները

  • Խաղային մակարդակով զիջում է մրցակիցներին: Թեպետ «Բավարիայում» (Ռոբենի հետ մեկտեղ) որոշիչ դեր ունի, խաղային մակարդակով զիջում է «Ոսկե գնդակի» մյուս թեկնածուներին: Նրան առավելություն է տալիս միայն իր թիմի անցկացրած հիանալի մրցաշրջանը:
  • Քվեարկության ժամանակահատվածի երկարացումը: Քվեարկության ժամանակահատվածը երկարացնելու որոշումը, որը կայացվեց Կրիշտիանու Ռոնալդուի՝ Շվեդիայի դեմ հանդիպումներում ցույց տված հիանալի խաղից հետո բացասական հետևանքներ է ենթադրում ֆրասիացու համար:

 

18:28. «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ՖԻՖԱ-ի YouTube-ի պաշտոնական ալիքում` այստեղ:

18:18. Օրվա լավագույն ծաղրանկարը չուշացավ

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին, բնականաբար, չէր կարող շրջանցել այս կարևորագույն իրադարձությունը: Ըստ Մոմանիի` Ռոնալդուն, կարծես, առավելություն ունի, իսկ Բլատերը…Ի՞նչ է, չի՞ ցանկանում հրամանատարին հանձնել տիտղոսը:

17:56. «Ոսկե գնդակը» միայն մարզական հարստություն չէ

«Ոսկե գնդակը» ոսկեփայլ արույրի 12 կգ–ի և հրաքարե պատվանդանի զոդվածք է: Այն արժե 13.300€։ Բայց նրա մարզական արժեքը, իհարկե, անգին է :)))

17:45. «Ոսկե գնդակի» բոլոր մրցանակակիրները

Լուսանկարում ներկայացված է 1956 թվականից մինչև 2012 թվական բոլոր հաղթողների անունները: Իսկ ի՞նչ եք կարծում` ու՞մ անունն այսօր կավելանա:

17:11. Մրցանակաբաշխությունը վարելու են բրազիլուհի մոդել Ֆերնանդա Լիման և հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը

36-ամյա Ֆերնանդան խոստացել է այսօր ավելի «փակ» հագուստ կրել, քան Աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ. պատճառն արաբական ԶԼՄ-ների պահանջն է: Մրցանակաբաշխությունից առաջ Լիմայի և Գուլիտի հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:

16:57. «Ռեալի» և «Բարսելոնայի» ներկայացուցիչներն արդեն մեկնել են Ցյուրիխ

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի և թիմակիցների և «Բարսելոնայի» հարձակվող Մեսսին արդեն մեկնել են Ցյուրիխ:

16:11. Ի՞նչ են կարծում հավակնորդները մրցանակի մասին

Ֆրանկ Ռիբերի. 2013 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը, դեռևս այն ժամանակ, երբ չէր հրապարակվել մրցանակին հավակնորդների վերջնական ցանկը, հայտարարում էր` արժանի է «Ոսկե գնդակի»: Գրեթե չկար այնպիսի հարցազրույց, որի ժամանակ Ռիբերին չասեր` «Ես նախորդ տարի հաղթել եմ բոլոր հնարավոր տիտղոսները, օգնել եմ «Բավարիային»»: Սակայն, ուշագրավ է այն, որ այսօր Ռիբերին մի փոքր փոխել է կարծիքը: «L’Equipe»-ի հետ զրույցում Ֆրանկ Ռիբերին ասել է.

«Մի փոքր դժվար կլինի, եթե ես չստանամ «Ոսկե գնդակը», սակայն ինքս ինձ համարում եմ թիմային խաղացող: Ինձ համար առավել կարևոր են թիմային նվաճումները: Գերադասում եմ Ֆրանսիայի հավաքականի հետ հաղթել Աշխարհի առաջնությունում, քան ստանալ «Ոսկե գնդակը»»:

Կրիշտիանու Ռոնալդու. Պորտուգալացու կարծիքը ևս ենթարկվեց որոշակի փոփոխության: Նա նախ հայտարարում էր, որ միշտ էլ ավելի  կարևորում է թիմային տիտղոսները, «Ոսկե գնդակ» չստանալու դեպքում կյանքը չի ավարտվի, սակայն «Globe Soccer» մրցանակաբաշխության ժամանակ Ռոնալդուն ասաց.

«Արդեն 6 տարի հայտնվում եմ լավագույն եռյակում և արդեն յոթերորդ կամ ութերորդ մրցաշրջանն է, որ ընդգրկվում եմ FIFPro-ի տարվա հավաքականում:

Դա պատահականություն չէ: Դա վերջին տարիներին իմ կայուն խաղի արդյունքն է: Թվերն ինքին խոսում են: Կարծում եմ, որ իմ նվաճումները պետք է հաշվի առնվեն: Ըստ իս, արժանի եմ մրցանակի. ինչպես մեկ տարի առաջ, ինչպես երկու տարի առաջ: «Ոսկե գնդակի» արժանի եմ ամեն տարի»

Լիոնել Մեսսի. Կարծում ենք` Մեսսին հասկանում է, որ իր` հաղթելու հնարավորությունները բավականին քիչ են: Նա գուցե կրկին արժանանա «Ոսկե գնդակի», բայց, հավանաբար, ոչ այս տարի: Արգենտինացին մրցանակի մասին շատ չխոսեց, չասաց որ արժանի է, թեպետ դա նրա փոխարեն արեցին «Բարսելոնայի» ֆուտբոլիստները: Մեսսին մի քանի անգամ պարզապես հայտարարեց` ուրախ է հավակնորդների թվում լինելու համար, բայց կարևորը թիմային նվաճումներն են:

16:02. Բուքմեյքերական ընկերությունների սահմանած գործակիցները

Առաջարկում ենք ծանոթանալ նաև բուքմեյքերական ընկերությունների կողմից սահմանված գործակիցներին: Բուքմեյքերները կարծում են, որ Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամենամեծ հնարավորությունն ունի «Ոսկե գնդակն» ստանալու։

SportingВet-ը պորտուգալացու հաղթանակը գնահատել է 1,01 գործակցով, Լիոնել Մեսսիինը՝ 19,00, Ֆրանկ Ռիբերիինը՝ 21,00։ BetCity-ն հետևյալ գործակիցներն է սահմանել՝ համապատասխանաբար 1,03, 10,00 և 13,00։ Իռլանդական Paddy Power-ը խաղադրույքներ է ընդունում 1.05 Ռոնալդուի հաղթանակի, 9.00՝ Մեսսիի հաղթանակի և 17՝ Ռիբերիի հաղթանակի համար։

15:52. Բեմը «պատրաստվում է»

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Ցյուրիխում բեմն արդեն «պատրաստվում է» հյուրընկալել ֆուտբոլային աստղերին:

15:39. Ուշագրավ բեմադրություն է սպասվում

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ երեկոյան սպասվում է հիանալի շոու` երաժշտական, ֆուտբոլային համարներ, աստղային մասնակցություն: Պաշտոնական կայքի փոխանցմամբ բեմում լինելու են Զինեդին Զիդանը, Ֆրանց Բեկենբաուերը և Պելեն, ով ևս այսօր խորհրդանշական «Ոսկե գնդակ» է ստանալու:

15:02. ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը թեժացրեց «Ոսկե գնդակի» վերաբերյալ քննարկումները

Մեծամասշտաբ մրցանակաբաշխությունները միշտ են ուղեկցվում սկանդալներով, լեզվակռիվներով: ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի` այն հայտարարությունը, որ «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին կարծես պարում է խաղադաշտում, իսկ Ռոնալդուն հիշեցնում է հրամանատարի, օրեր շարունակ դարձավ մամուլի քննարկման գլխավոր նյութը, և այդ ամենը «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ֆոնին: Շատերը գրում էին, որ հենց Բլատերի ցանկությամբ է վերջին տարիներին մրցանակը Մեսսին ստացել:

«Ռեալի» ղեկավարությունն անմիջապես արձագանքեց միջադեպին` հորդորելով ՖԻՖԱ-ի նախագահին ներողություն խնդրել: Կրիշտիանուն Facebook-ի իր պաշտոնական էջում բավականին կոշտ գրառում կատարեց` գրելով, որ իր համար տրվեցին շատ հարցերի պատասխաններ:

«Շատ բաներ ինձ համար արդեն պարզ են: Միստեր Բլատեր, Ձեզ առողջություն եմ մաղթում և երկար տարիների կյանք, որպեսզի հետագայում էլ կարողանաք հետևել Ձեր սիրելի ֆուտբոլիստների և ակումբների հաջողություններին, քանի որ Դուք արժանի եք դրան»,-գրել էր Ռոնալդուն:

Պորտուգալացին այսքանով չբավարարվեց: Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Ռեալ»-«Սևիլյա» խաղում Կրիշտիանու Ռոնալդուն հրամանատարի ժեստով պատասխանեց ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հայտարարությանը: Այս ամենից հետո Բլատերը հայտարարեց.

«Իմ ելույթի վերջում վարողը խնդրեց ինձ ընտրություն կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև: Ես տվեցի Մեսսիի անունը, բայց ցանկանում եմ ասել՝ Կրիշտիանու Ռոնալդուն նրա մակարդակին է: Նրանք երկուսն էլ հիանալի ֆուտբոլիստներ են՝ յուրաքանչյուրը յուրովի»:

Ինչևէ, այսօր երեկոյան Ռոնալդու-Բլատեր հանդիպումը խոստանում է ուշագրավ լինել:

14:13. Պատմական ակնարկ

«Ոսկե գնդակը» ամենամյա ֆուտբոլային մրցանակ է: 1956-ից սկսած այն տրվում էր ֆուտբոլիստին, ով տվյալ օրացուցային տարում լավագույնն է ճանաչվում Եվրոպայում: Մրցանակը սահմանվել է «France Football»-ի գլխավոր խմբագիր Գաբրիել Անոյի կողմից, ով 1956-ին իր գործընկերներին խնդրեց քվեարկել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ընտրելու համար: Մրցանակի առաջին տերը «Բլեկպուլի» ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուն էր:

Սկզբում լրագրողները կարող էին քվեարկել միայն եվրոպական ակումբների եվրոպացի ֆուտբոլիստների օգտին: Օրինակ’ Պելեն ու Մարադոնան այդ մրցանակը ստանալ ոչ մի կերպ չէին կարող: 1995-ից կանոնները փոխվեցին. այդ տարվանից սկսած’ մրցանակին կարող էր արժանանալ ցանկացած ազգի ներկայացուցիչ, ով խաղում է Եվրոպայում: Ոչ եվրոպացի առաջին մրցանակակիրը «Միլանի» ֆուտբոլիստ Ջորջ Վեան էր:

2007-ին կանոնադրության մեջ կրկին փոփոխություններ եղան: 2007 թվականից մինչ օրս բաղձալի «Ոսկե գնդակը» կարող է ստանալ ցանկացած ազգի ու աշխարհի ցանկացած ակումբում ելույթ ունեցող ֆուտբոլիստ: Սրա հետ կապված մեծացավ նաև քվեարկող լրագրողների թիվը: Նախկինում եվրոպական լրատվամիջոցների 52 լրագրող էր քվեարկում, հիմա’ աշխարհի 96 լրագրող:

Նշենք, որ Մեսսին առաջինն էր, ով 2010-ին ստացավ «Ոսկե գնդակ ՖԻՖԱ» մրցանակը: Սա նշանակում է, որ «France Football» և «ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ» մրցանակներն արդեն միացել ու որպես մեկ ամբողջ են շնորհվում, իսկ քվեարկությանը մասնակցում են ոչ միայն լրագրողները, այլև ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները:


 

Հետևեք մեզ նաև Telegram-ում