Հիշատակի միջոցառումներ՝ ԱՄԷ-ում և Իսպանիայում

Ապրիլի 24-ին ԱՄԷ Շարժայի Հայաստանյաց Առաքելական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգենահանգստյան պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին, որին ներկա էր ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:

ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ապրիլի 28-ին Աբու Դաբիի Հայ Ազգային վարչության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի առթիվ կազմակերպվեց Հայ դատի գործունեությանը վերաբերող կլոր սեղան: Երեկոյին ելույթներով հանդես եկան ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, Հայ դատի Միջին Արևելքի գրասենյակի գործադիր տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, Հայ դատի ԱՄՆ Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Գասպար Կարապետյանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄԷ ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Քուվեյթի և Ծոցի երկրների Կաթողիկոսական փոխանորդ Գերշ.Տեր Շահե Եպիսկոպոս Փանոսյանը, համայնքի ներկայացուցիչներ և այլոք:

Իսկ Իսպանիայում Հայոց ցեղասպանության 97-րդ ամյակի տարելիցին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց  ապրիլի 29-ին Բարսելոնայի Սանտա Մարիա Դել Պի եկեղեցում` Մեծ Եղեռնի տարելիցին նվիրված հոգևոր և մշակութային միջոցառումով: Հանդիսությունը սկսվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տրված հոգեհանգստի պաշտոնով, որը կատարեց Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ տեր Սասուն վարդապետ Զմրուխտյանը: Այնուհետ, Կատալունիայի կաթոլիկ, լութերանական, բողոքական և այլ եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրերը կատարեցին Էկումենիկ աղոթք-արարողություն, որից հետո ամբիոնից  հանդես եկան Կատալունիայի հայ եկեղեցու Ծխական խորհրդի ատենապետ` Գրիգոր Մաղաքյանը,  Կատալունիայի Կարդինալի ներկայացուցիչ Խաիմե Գոնսալես Ագապիտոն, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը:

Միջոցառման մշակութային մասում` եկեղեցու սրահում հավաքված շուրջ 500 հրավիրյալների առջև դասական երաժշտության մենահամերգով հանդես եկավ Հայաստանի օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնի մենակատար երգչուհի Անահիտ Մխիթարյանը, որին նվագակցեց իսպանացի ճանաչված երգեհոնահար Խուան Դե Լա Ռուբիան: Կատարվեցին եվրոպական և հայկական դասականների ստեղծագործություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում