Մեդիափորձագետ. «Ընտրություններից առաջ մի շարք լրատվական կայքեր բացվեցին, որոնք էլ ապահովեցին տեղեկատվական հոսքերը»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը և տեղեկատվական անվտանգության փորձագետ, Iditord.org կայքի համակարգող Սամվել Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրենց մեկնաբանություններն են ներկայացրել նախընտրական քարոզարշավի ստրատեգիաների և տեղեկատվական հնարքների մասին:

Ա.Բադալյանի կարծիքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը` լուսավոր ապագա կառուցելու մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի` «30 վայրկյանանոց հեղափոխության» գաղափարը, բավականին լավ արձագանք է ունեցել. նրանք հասկացրել են, որ իրենք ցանկանում են կառուցել լուսավոր ապագա, իսկ դրա համար հարկավոր է 30 վայրկյան:

Փորձագետը նաև նշել է, որ ՀՀԿ-ն ստրատեգիական երեք սխալ քայլեր է կատարել: Բանախոսի խոսքերով՝ դրանցից մեկն այն է, որ ՀՀԿ ղեկավարը միայնակ էր հանդես գալիս ողջ քարոզարշավի ընթացքում, մինչդեռ պետք էր թիմով հանդես գալ. «Սա ցույց տվեց, որ նա չի կարողացել ձևավորել թիմ»:

Ա.Բադալյանը նկատել է, որ սկզբում ՀՀԿ-ն հիմնվել է հավատի գաղափարի վրա և թե ինչ անելիքներ ունեն կատարելու ապագայում, իսկ այնուհետև սկսել են ներկայացնել տնտեսական աճին և այլ զարգացումներին նվիրված գրաֆիկներ.

«Սակայն, երբ այդ թվերը ներկայացվել են, ՀԱԿ տնտեսագետը բանավեճի է հրավիրել այդ թվերի հեղինակին` վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով հրաժարվեց մասնակցել: Եթե ճիշտ են այդ թվերը, ապա ինչու չգնաց բանավեճի, հետևաբար` սխալ են»,- եզրակացնում է քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ երրորդը՝ Մաշտոցի պուրակի կիքսն էր:

«Ամենակիքսոտը» բանախոսը համարել է «Ժառանգության» քարոզարշավը, քանի որ այդպես էլ բաց մնաց, թե ինչու «Ազատ դեմոկրատների» հետ միասնական ցուցակ կազմեցին, բայց քարոզարշավին դաշինքով հանդես չեկան: Ըստ Ա.Բադալյանի՝ այստեղ առկա է երկու ուժերի գաղափարական տարբերություններ, «նարնջագույն շարֆեր», մինչդեռ «ամենաանհաջողը եղել է ուկրաինական նարնջագույն հեղափոխությունը:

Փորձագետը նաև հավելել է, որ ԲՀԿ-ում միակ քաղաքական օպոնենտը Վարդան Օսկանյանն էր, ՕԵԿ-ի միակ հույսն էլ ՀՀԿ-ն է, իսկ ՀՅԴ-ն գերագնահատել է իր ծրագիրը ու շեշտը դրել այն ներկայացնելու վրա: Նա նաև տեսակետ է հայտնել, որ քարոզարշավի ընթացքում թույլ տրված թերությունները և առհասարակ քարոզարշավն ընտրությունների արդյունքների վրա կազդեն, «քանի որ մեզ մոտ միշտ ամեն բան այլ է»:

Ասուլիսի մյուս բանախոս, մեդիափորձագետ Ս.Մարտիրոսյանն իր հերթին նկատել է, որ քարոզարշավի ընթացքում սակավ տեխնոլոգիաներ են կիրառվել: Նրա խոսքերով՝ այս ընտրություններին նույնիսկ չկային ուժեր, որոնք ձայնասկավառակներ են տարածում, ինչը առկա էր նախորդ ընտրությունների ժամանակ.

«Այս անգամ դրանց կարիքը նույնիսկ չեղավ, հավանաբար, այն պատճառով, որ հեռուսատեսություններն այս անգամ քարոզարշավների առումով, ի տարբերություն նախորդ տարիների ընտրությունների, բաց էին»,- ասել է Ս. Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետև նաև տեղեկացրել է, որ ընտրություններից առաջ մի շարք լրատվական կայքեր բացվեցին, որոնց մեծամասնության խմբագիրներն անհայտ են, և հենց այդ կայքերն էլ ապահովեցին տեղեկատվական հոսքերը: Ս.Մարտիրոսյանի խոսքերով՝ սոցիալական ցանցերը նույպես այս ընտրություններին որոշակիորեն քարոզչություն կատարեցին:

  

Հետևեք մեզ նաև Telegram-ում