ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ-ի ԱԽ-ում կոչ են արել հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեկտեմբերի 20-ի հրատապ նիստին ՄԱԿ-ում հատուկ քաղաքական հարցերով ԱՄՆ-ի ալտերնատիվ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Վուդը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը և միջանքի անվտանգության այլ պատասխանատուներին հնարավորինս արագ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, այդ թվում մարդասիրական և կոմերցիոն նպատակների համար:

«Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են մղում խաղաղության գործընթացը, խաթարում են այս գործընթացի նկատմամբ միջազգային վստահությունը և պարունակում են հավանական ծանր հումանիտար հետևանքներ»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ,  հայտարարել է դեսպան Վուդը:

Նրա խոսքով` Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել բոլոր կողմերին դրսևորել զսպվածություն, անհապաղ դադարեցնել խաղաղ գործընթացը խաթարող յուրաքանչյուր գործողություն և պահպանել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները: Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով, ասել է դեսպան Վուդը։

«Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար կենսական ծառայությունները դադարեցնելու ցանկացած փորձ անընդունելի է»,- հայտարարել է դեսպանը:

Անվտանգության խորհրդի նիստի սկզբում ելույթ ունեցող ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Ջենկան ցավով արձանագրել է, որ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում չի թուլացել։

Ըստ նրա՝ վերսկսված հակամարտությունը մարդկային բազմաթիվ զոհերի պատճառ կդառնա՝ ազդելով ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի և այլ տարածաշրջանների վրա: «Միջազգային հանրությունը չպետք է թույլ տա, որ դա տեղի ունենա»,-  շեշտել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան։

Նիստին մասնակից Անվտանգության խորհրդի այլ անդամ պետություների ներկայացուցիչներն իրենց ելույթներում ևս մտահոգություն են հայտնել լարվածության աճի, Լաչինի միջանցքի փակման ու ազատ տեղաշարժի դադարեցման, դրա հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից, խնդիրները կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով եռակողմ հայտարարությունների ու միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը ներկայացնող ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական փոխներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան նշել է, որ Մոսկվան անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման մասին տեղեկատվությամբ, որը «պայմանավորված է տարածաշրջանում հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի միջև տարաձայնություններով»: «Անհամբեր սպասում ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային կապերի վերականգնմանը»,- ընդգծել է նա՝ շեշտելով, որ ՌԴ մի շարք գերատեսչություններ ջանքեր են գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

«Այս աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ վերսկսել գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ և մասամբ ապաշրջափակել երթևեկությունը միջանցքով։ Ադրբեջանցի բնապահպան փորձագետների՝ Լեռնային Ղարաբաղում հանքաքարի հանքավայրեր այցելությունների պարամետրերը համաձայնեցվում են»,- հայտարարել է Եվստեգնեևան:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ մշտական անդամ Չինաստանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է լուծվեն երկխոսության և բանակցությունների միջոցով։ Ողջունելով Ռուսաստանի գործողությւոններն այստեղ՝ Չինաստանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանցքի շուրջ վեճերը հնարավորինս արագ կլուծվեն։

«Չինաստանն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքերի, որոնք նպաստում են այդ նպատակին և կշարունակեն կառուցողական դեր խաղալ այս հարցում»,- հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի փոխներկայացուցիչ Գենգ Շուանգը։

Իր հերթին Միացյալ Թագավորությունը ներկայացնող դեսպան Ջեյմս Քարիուկին ընդգծել է, որ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է կենսական անհրաժեշտության պարագաներ հասցնելու համար։ Ավելի քան մեկ շաբաթով միջանցքի փակումը մեծացնում է մարդասիրական ծանր հետևանքների հավանականությունը, հատկապես ձմռանը, շեշտել է դեսպանը՝ ընդգծելով, որ Լոնդոնը շարունակում է աջակցել միջազգային ջանքերին՝ այստեղ կայունություն և խաղաղություն հաստատելու համար:

Անվտանգության խորհրդի նիստին հնչել են նաև հասցեագրված հայտարարություններ և կոչեր:

«Ֆրանսիան կոչ է անում կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ընդգծում է, որ Ադրբեջանի Հանրապետության ստանձնած պարտավորության համաձայն՝ երաշխավորվում է երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունն ամբողջ Լաչինի միջանցքի երկայնքով»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Նատալի Բրոդհերստը:

«Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անմիջապես և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով 2020թ.-ի նոյեմբերի հայտարարության դրույթների համապատասխան»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իռլանդիայի մշտական փոխներկայացուցիչ Մարտին Գալլաղերը:

«Մենք ուշադրություն ենք հրավիրում Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշմանը, որը հերքում է միջանցքը փակելու մտադրության մասին մեղադրանքները և ընդգծում այդ տարածքներում բնական ռեսուրսների շահագործման հետևանքով առաջացած բնապահպանական վտանգները: Անկախ իրավիճակից, անհրաժեշտ է անցկացնել անկախ հետաքննություն՝ այս ճանապարհի երկայնքով տիրող իրավիճակի շուրջ փաստեր հավաքագրելու և Անվտանգության խորհրդին տեղեկացնելու համար»,- հայտարարել է ՄԱԿ-ում Գաբոնի փոխներկայացուցիչ Էդվիգե Կոումբի Միսսամբոն:

«Կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի ստեղծմամբ, որը հնարավոր է խուսափել»,- հայտարարել է ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Ջուուլը:

Անվտանգության խորհրդի նիստը եզրափակել են ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ու Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևի ելույթները, որի ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված կացության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ:

Ըստ հայկական կողմի՝ այս շարունակվող շրջափակումը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների նպատակով կիրառվող սիստեմատիկ բռնության հերթական դրսևրումն է: «Ադրբեջանի գործողությունները պարունակում են նախապես մտածված ցեղասպանական քաղաքականության հստակ ազդանշաններ»,- ընդգծել է դեսպան Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում